Պատերազմից հետո բնակություն եմ հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եւ այստեղ արդեն ունեմ պրոդյուսեր, որը զբաղվում է իմ երաժշտական հարցերով: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնում է երգչուհի Լենա Ղազարյանը:
«Այստեղ համագործակցում եմ Էմանուել Վարդանյանի հետ, ով հանդիսանում է նաեւ իմ պրոդյուսերը: Արդեն համատեղ ունենք երեք աշխատանք: Առաջիկայում սպասվում են նոր երգեր, որոնք այս պահին գտնվում են գործիքավորման ընթացքի մեջ: Կարող եմ ասել, որ տարին սկսել եմ շատ բուռն աշխատանքային գրաֆիկով, եւ հուսով եմ, որ այդպես էլ կշարունակեմ: Ինձ համար ավելի հետաքրքիր է, երբ նախօրոք չեմ հայտնում իմ երկրպագուներին նոր պրեմիերաներիս մասին՝ այդպիսով պահելով մարդկանց հետաքրքրությունը դեպի իմ գործունեությունը: Միայն կարող եմ ասել, որ առաջիկայում ունեմ պլանավորած մեծ գործեր: Իսկ առհասարակ երգերիս թեմատիկայի ընտրությունը կայացնում եմ հատուկ իմ լսարանի համար: Հիմնականում ընտրում եմ սիրային թեմատիկայով երգեր, որը ե՛ւ արդիական է, ե՛ւ լսելի, բայց դրան զուգահեռ փորձում եմ նաեւ երգել տարբեր ժանրերի մեջ, քանի որ միայն սերը չէ իշխում այս աշխարհում: Փորձում եմ ամեն ասպարեզում իմ ուրույն տեղը գտնել»,- նշում է մեր զրուցակիցը:
Լենա Ղազարյանի խոսքով՝ իր կերպարի կերտմամբ զբաղվում է միայն նա՝ դա կլինի վարսահարդարում, դիմահարդարում, թե հագուստ, քանի որ երգչուհին, բացի իրենից, ուրիշ ոչ մեկի չի վստահում. «Անկեղծ ասած, ես, ինձանից բացի, ոչ ոքի չեմ վստահում: Ժամանակին աշխատել եմ տարբեր պրոֆեսիոնալ ոճաբանների հետ, բայց հիմա կարողանում եմ ինքս ընտրել, հասկանալ, թե ինձ ինչ է պետք, առանց ոճաբանների օգնության: Ես թելադրում եմ ինքս իմ ոճը»:
Լենա Ղազարյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրելու եւ մշտական բնակություն հաստատելու շատ պատճառներ ունի:
«Միացյալ Նահանգներ տեղափոխվելու համար ունեմ պատճառներ, այստեղ են ապրում տատիկս, հարազատներս, իսկ մնացած պատճառների մասին չեմ կարող բարձրաձայնել: Դա իմ որոշումն ու ցանկությունն է, եւ ես երբեք չեմ փոշմանում: Հայաստանում ինձ ոչինչ չէր խանգարում, ավելի շատ օգնում էր, բոլորն էլ գիտեն, որ օտար երկրում առասարակ ավելի դժվար է զրոյից սկսել կայանալ, ստեղծել, պարզապես հիմա առկա են հանգամանքներ, որոնց պատճառով ես ինձ այստեղ եմ տվյալ պահին լավ զգում եւ ես տվյալ պահին կմնամ այստեղ: Եթե որոշեմ գնալ Հայաստան, ապա կգնամ Հայաստան: Առհասարակ, ես իմ որոշումների մեջ հաստատակամ եմ, անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, երբեք զոհողությունների չեմ գնա եւ չեմ անի մի բան, որն ինձ դու չի գալիս: Այնպես չէ, որ ֆինանսական խնդիրների պատճառով եմ տեղափոխվել բնակության Միացյալ Նահանգներում: Ես Հայաստանում էլ ֆինանսական խնդիրներ երբեք չեմ ունեցել՝ անկախ պանդեմիայից: Վաստակելու խնդիր երբեք չեմ ունեցել, բայց պատերազմի հետ ես այլեւս չէի կարողանում ապրել մեր երկրում, ես պարզապես խեղդվում էի եւ պատերազմի ավարտից հետո անմիջապես տոմս եմ գնել եւ եկել եմ Միացյալ Նահանգներ»,- անկեղծանում է Լենա Ղազարյանը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՍԻՐՏՆ ԻՄ». ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ ՖԻԼՄԸ
ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի մասին նոր փաստավավերագրական «Սիրտն իմ» ֆիլմում կարմիր գծով անցնում է կոմպոզիտորի արցախյան համերգը, ճանապարհորդությունը դեպի Արցախ: Ֆիլմի պրեմիերան կայացել է ապրիլի 20-ին Երեւանում:
«Այս ֆիլմը մի փոքր ուրիշ կոնցեպտ է առաջարկում: Այսինքն՝ ֆիլմում չունենք արվետագետ, որի մասին խոսում են տարբեր անվանի գործիչներ, ինչպես ընդունված է: Այստեղ կենտրոնում հենց ինքն է, իր երաժշտությունը, մտքերը, իր փիլիսոփայությունը, ընտանիքը, իր հիշողությունները, իր հետ կապված արխիվային ձայնագրություններ»,- ասում է ֆիլմի համապրոդյուսեր, Ամիրխանյանի դուստր Աննա Խաչատրյան-Ամիրխանյանը:
Սա Ռոբերտ Ամիրխանյանի մասին առաջին ֆիլմը չէ: Առաջին ֆիլմը նկարահանվել է մոտ կես դար առաջ: Դստեր խոսքով՝ ֆիլմը այդ կես դարի ամփոփումն է, որում ցույց են տրվում կոմպոզիտորի ստեղծագործական վերելքները, ապրումները: Ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է 2019-ին, աշխատանքները սկսվել են հենց այդ ժամանակից, այն նախատեսվում էր ցուցադրել արդեն 2020-ի մայիսին, սակայն օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ցուցադրվում է ավելի ուշ:
«Ֆիլմի մեջ կարմիր գծով անցնում է իր արցախյան համերգը, որը կայացավ պատերազմից ուղիղ 1 տարի առաջ: Համերգն ուներ շատ կարեւոր խորագիր՝ «Այստեղ Հայաստանն է»»,- ասում է Խաչատրյան-Ամիրխանյանը:
Ֆիլմի բեմադրող ռեժիսոր Հայկ Մկրտչյանը նշել է, որ նախքան նկարահանելը տարբեր տարբերակներ են քննարկել, օրինակ՝ ներգրավել տարբեր հերոսների: «Սակայն հասանք նրան, որ ֆիլմում հիմնական հերոսը պետք է լինի ինքը: Կադրում գերիշխողը հիմնականում նա է: Ես փորձել եմ 52 րոպեի միջոցով տալ, ներկայացնել մաեստրոյի ստեղծածը»:
Ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը», ֆիլմի սցենարի հեղինակներն են Պավել Սելինը, Օլգա Մայակովան, պրոդյուսերը՝ Հայկ Օրդյանը:
ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԻՑ
«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին, ով Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման նախաձեռնողներից էր, ասել է, որ նախագիծը չի դադարում գոյություն ունենալ: Հիշեցնենք, որ այս գիշեր Եվրոպական սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն են տարածել, որով հայտնում են ծրագրի կասեցման մասին: Իհարկե, ես ակնկալում էի հենց այդպիսի արձագանք, եւ կարծում եմ, որ այն կարող է շարունակվել եւս մի քանի շաբաթ: Բանակցությունները պետք է սկսվեն: «Ֆուտբոլն այլեւս խաղ չէ, դա բիզնեսի ոլորտ է եւ ամենից շատ կայունության կարիք ունի: Եվ ներքին մակարդակով նույնպես: Եվրոպայում ամենաթանկ հանդիպումն արդեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չէ, այլ Անգլիայի առաջին դիվիզիոնի փլեյ-օֆֆը Պրեմիեր լիգայի ուղեգրի համար՝ 150 միլիոն: Սա կայունություն չէ: Մեզ պետք են երկաթյա տնտեսական եւ ֆինանսական կանոններ, որոնք նման են Սուպերլիգայում հաստատված կանոններին: Սուպերլիգան, այնուամենայնիվ, կշարունակի գործել: Եթե ՈւԵՖԱ-ն հանդես գա առաջարկներով, մենք դրանք կքննարկենք: Մենք նամակ գրեցինք ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահներին՝ բանակցություններ սկսելու համար»,-մեջբերում է Sky Sports-ը:
5 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Մադրիդի «Ռեալի» հետ: 28-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի հետ կկնքի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2026 թվականի ամառ: Կողմերը պայմանագիր կկնքեն առաջիկա օրերին: Հիշեցնենք, որ ձմռանը Դավիդ Ալաբան պաշտոնապես հայտարարել էր, որ այս մրցաշրջանի վերջում հեռանալու է «Բավարիայից», որի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը: Ավստրիացին 2010 թվականից է խաղում գերմանական ակումբում: Վերջերս Ալաբան գերազանցել էր «Բավարիայի» կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած արտասահմանցի ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբերիի ռեկորդը: Նա արդեն 427 հանդիպում է անցկացրել գերմանական ակումբում:
ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ
UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլի Անգլիայի 20-ակի չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»: Իռլանդացի մարտիկը նման մտադրություն էր հայտնել եվրոպական Սուպերլիգայի մասին հայտարարությունից հետո: Բրիտանական մամուլը պարզել է, թե որքան է կազմում 32-ամյա Մաքգրեգորի կարողությունը: Այս պահին դա կազմում է 252 միլիոն դոլար: