
Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել Փաստաբանների ասոցիացիայի դեմ՝ վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին տարածած հաղորդագրության պատճառով: Փաստաբանների ասոցիացիայի նախագահը և անդամները մեղադրվում են «թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետությունը, պետական ինստիտուտներն ու մարմինները վիրավորելու» մեջ:
Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Նահիթ Էրենը դատապարտել է իրենց դեմ սկսված հետաքննությունը: «Դիաբեքիրի փաստաբանների ասոցիացիան մինչև վերջ պայքարում է բոլորի խոսքի ազատության համար և չի պատրաստվում սահմանափակել սեփական խոսքի ազատությունը ճնշումների և հետաքննության պատճառով»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Էրենը:
Ապրիլի 24-ին ասոցիացիան հայտարարություն էր տարածել, որում նշել էին, որ «ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և կիսում են հայերի ցավը»: Նրանք ընդգծել էին, որ պետք է առերեսվել հայերի դեմ իրականացված հանցագործության հետ, և որ իրենք ամեն բան անելու են այդ նպատակի համար: