Կանխվել է տարբեր ցեղատեսակի շան ձագերի անօրինական ճանապարհով տեղափոխման փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ սահմանով անօրինական տեղափոխվող ապրանքների բացահայտման և կանխման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այս անգամ մաքսանենգները փորձել են անօրիանական ճանապարհով տեղափոխել տարբեր ցեղատեսակի շան ձագեր, սակայն մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում կանխել են մաքսանենգության փորձը:

Մեղրիի մաքսային կետ-բաժնում մաքսային հսկողության շրջանակում աշխատակիցները զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնող Իրանի քաղաքացիներ Ն.Ծ.-ի և Շ.Շ.-ի կողմից շահագործվող բեռնատարները: Արդյունքում բեռնատարներին կցված բիտումի համար նախատեսված երկաթյա դատարկ տարաներից հայտաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված պլաստմասե 9 զամբյուղներ, որոնցում առկա են եղել 8 «շպից», 10 «պուդել» և 1 «ակիտաինու» ցեղատեսակի շան ձագեր:

Նշված դեպքով ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:




Լրահոս