ԵՐԵՔ ՏԱՐԻ ԱՆՑ` «ՆԻԿՈԼ ԴԱՎԱՃԱ՛Ն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մերժի՛ր Սերժին», իսկ երեք տարի անց՝ «Նիկոլ դավաճա՛ն». ՀՀ վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից անցել է երեք տարի: Թերեւս երեք տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ հենց այս օրերին Հայաստանում կրկին բողոքի ակցիաներ են լինելու, եւ արդեն պահանջելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Իսկ ի՞նչ ունենք թավշյա հեղափոխությունից եւ Սերժ Սարգսյանի հրաժարականից երեք տարի անց: Սկսենք այն դրական քայլերից, որոնք իրականացրել է այս կառավարությունը: Աշխատավարձերի բարձրացում. ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է առնվազն 108 հազար դրամ, 2020-ի հունվարի 1-ից Երեւանի շտապ բժշկական օգնության շուրջ 950 աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է 10%-ով, իսկ, առհասարակ, 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել է մինչեւ 68 հազար դրամ, ինչի արդյունքում միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ: 2019 թվականին կառուցվել եւ հիմնանորոգվել է 350 կմ որակյալ ավտոճանապարհ, ինչպես նաեւ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է եւս 110 կմ ճանապարհ, այսինքն` կառուցվել է շուրջ 460 կմ ճանապարհ: Այս կառավարության կողմից փորձ է եղել խթանելու ծնելիությունը՝ երեխայի ծնվելու համար նախատեսված գումարի չափն ավելացնելով: Մասնավորապես, առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը դարձել է 300 հազար դրամ, խնամքի նպաստը կրկնապատկվել է: Սրանք այն դրական քայլերն են, որոնք արձանագրվել են կառավարության աշխատանքի արդյունքում: Սակայն այս ֆոնին ունենք նաեւ լուրջ ձախողումներ՝ ժողովրդավարությունից նահանջ, ագրեսիվ հարձակում իրավապահ համակարգի՝ մասնավորապես՝ դատական իշխանության նկատմամբ, պրոֆեսիոնալների դուրս թողում պետական համակարգից եւ այլն: Բայց այն կորուստների ֆոնին, որ արձանագրել ենք՝ որպես երկիր, վերը նշված դրական քայլերն արդեն կարեւորություն չեն ներկայացնում: Այսօր ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ, մոտ 4 հազար զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ, Հայաստանի անվտանգության սպառնալիք, արտաքին դաշնակիցների բացակայություն կամ պակաս, երկրի ներսում՝ ատելության մթնոլորտ, սեւի ու սպիտակի բաժանում.. Իհարկե, սա այս կառավարության երեք տարվա աշխատանքի արդյունքի խիստ համառոտ պատկերն է, բայց կորուստներն անչափելի են՝ ի հակակշիռ ձեռքբերումների:

 

 

 

Տեւական ժամանակ առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ քննարկել են ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված տարբեր հարցեր, հերթը հասել է նաեւ հաջորդ ԱԺ նախագահի անձին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից ՔՊ-ում դժգոհությունը մեծ է: Նրան համարում են պասիվ դիտորդ, որն այլեւս իրենց կողքին չէ, չի աջակցում թիմին, քաղաքական հակառակորդներին չի հակադարձում, այլ սպասում է, անհասկանալի է՝ ինչի կամ ում: Եւ այս ֆոնին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ մեր տեղեկությունների, ՔՊ վարչության քննարկման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանում փաստացի ինքն է ԱԺ նախագահի լիազորությունները կատարում, քաղաքական հակառակորդներին չեզոքացնում, ուստի ինքը պետք է լինի հաջորդ ԱԺ նախագահը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ ձեւով չի արձագանքել, ու շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սիմոնյանի խոսքերը վարչապետի սրտով են եղել, քանի որ վերջին ժամանակահատվածում Փաշինյանը գրեթե բոլոր հանդիպումները Սիմոնյանի հետ է իրականացնում: Արարատ Միրզոյանն էլ անհաղորդ է մնացել ու որեւէ ձեւով չի արձագանքել իր հասցեին հնչող փաստացի մեղադրանքներին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ փոխնախագահ Ա. Սիմոնյանից, որը հայտարարեց. «Նման հարց չի քննարկվել, ավելին՝ նման հարցերը մենք քննարկում ենք ընտրություններից հետո»:

 

 

Ապրիլի 8-ի խայտառակությունից հետո վարչապետի աշխատակազմում այդպես էլ պատժվողներ չեն եղել: Հիշեցնենք, որ այդ օրը իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տարածեց, թե Ադրբեջանից գերիներ են տեղափոխվելու Հայաստան: Վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը հաստատեց լուրը՝ հավելելով. «Այսօր նախատեսվում է հայ ռազմագերիների վերադարձ Երեւան»: Ինքնաթիռը, սակայն, Հայաստանում վայրէջք կատարեց դատարկ՝ առանց հայրենադարձված գերիների: Սակայն ոչ միայն ինքնաթիռը ժամանեց առանց գերիների, այլ իրավիճակն ավելի թեժացրեց ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը՝ հայտնելով, որ գերիների վերադարձի հարց պլանավորված չի եղել, ինքնաթիռի վայրէջքը եղել է սովորական աշխատանքային այց: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մանե Գեւորգյանը գերիների մասով իր հայտնի հայտարարությունն արել է ստացված մի հաղորդագրության՝ SMS-ի հիման վրա: Իսկ SMS-ի բովանդակությունը մոտավորապես եղել է այն, որ ինքնաթիռ է թռել գերիներին բերելու համար: Իհարկե, ինքնաթիռը իսկապես թռել է, սակայն ի սկզբանե Հայաստանի եւ Արցախի ղեկավարներն իմացել են, որ գերիներ չեն բերվելու: Եվ այսքանից հետո հարց է առաջանում՝ ո՞վ է Մանե Գեւորգյանին SMS ուղարկել (մենք դեռ անունը չենք հայտնում, բայց գիտենք բարձրաստիճան պաշտոնյայի անունը), եւ ինչու մինչեւ հիմա հանրությանը մոլորեցնելու եւ հույզերի հետ խաղալու համար չունենք պաշտոնանկություններ վարչապետի աշխատակազմում: Սա մի հարց է, որի համար պետք է պատժվողներ լինեն, սակայն պաշտոնական աղբյուրները լռում են՝ մեր հարցումներին ի պատասխան:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նոր սցենար ունեն դատական համակարգն իրենց ենթարկեցնելու համար: Մասնավորապես, նրանք այս օրերին քննարկում են Վճռաբեկ դատարանի վարչական ու քաղաքացիական պալատների միացման հարցը: Բանն այն է, որ իշխանությունները խնդրի առջեւ են կանգնում ամեն անգամ, երբ վարչական եւ քաղաքացիական դատարաններում կարեւոր գործեր են քննվում: Եվ այժմ Ջհանգիրյանը եւ Թադեւոսյանը անկախ դատարաններ ունենալու անվան տակ ցանկանում են միավորել այս երկու պալատները, որպեսզի ընդհանուր պալատի ղեկավար նշանակվի իրենց ներսից մեկը, ում կկարողանան 100 տոկոսով ղեկավարել եւ հրահանգներ տալ: Հիշեցնենք, որ Թադեւոսյանի՝ քրեական պալատի նախագահ նշանակվելով՝ այս ոլորտի հարցը լուծված է, եւ այստեղ իշխանությունները խնդիրներ չունեն, այնինչ խնդիրների են հանդիպում հենց վարչական դիմումների պարագայում: Նկատենք՝ վերջին շրջանում ավելացել է քաղաքական հնչերանգներ ունեցող վարչական դիմումների քանակը, քանի որ նախկին պաշտոնյաները, օրինակ՝ Օնիկ Գասպարյանը, Տիրան Խաչատրյանը, հենց այնտեղ վիճարկում են իրենց մասով որոշումները: Եվ որպեսզի հետագայում խնդիրներ չունենան, իշխանությունները ցանկանում են այսպիսի փոփոխություններ անել:




Լրահոս