Armlur.am-ը տեղեկացավ, որ «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն ամեն ինչ անում է, որ «Քոչարյան» դաշինքում ներառի նաեւ իր կուսակցության քաղխորհրդի անդամ Հասմիկ Ենգոյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ Ղազինյանին չի հաջողվում հասնել իր նպատակին ու, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով քոչարյանական թեւին համոզում է, որ Ենգոյանը լավ մասնագետ է ու պետք է անպայման իրենց ցուցակում լինի:
Իսկ ինչո՞վ է հայտնի Հասմիկ Ենգոյանը. մենք տեղեկացանք, որ Ենգոյանը տարիներ առաջ աշխատել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ, ու մի սկանդալային բացահայտման պատճառով Հովսեփյանը հեռացրել է նրան համակարգից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վերջինս մի կաշառքի գործով անցել է, որի մասին տեղեկացել է Հեվսեփյանը: Նախկին դատախազը իր մոտ է հրավիրել տիկնոջն ու ասել. «Որպեսզի կին ես, չդատվես, հեռացի՛ր համակարգից, բայց խոստացիր, որ այլեւս որեւէ պետական պաշտոն չես զբաղեցնելու»: Հասմիկ Ենգոյանը խոստացել է Աղվան Հովսեփյանին ու հեռացել համակարգից:
Մենք զրուցել ենք վերջինիս հետ՝ պարզելու համար, թե ինչ կաշառքի գործ է եղել, ինքն է վերցրել կաշառքը արդյոք, թե օժանդակել է այդ հարցում:
-Տիկի՛ն Ենգոյան, տեղեկություններ կան, որ պատրաստվում եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքում լինել: Այս տեղեկությունը որքանո՞վ է իրական:
-Ասեմ, որ նախ կուսակցությունը ընտրություններին մասնակցելու ֆորմատի հետ կապված որոշում չի կայացրել, դրանից բխող նաեւ ցուցակից հարց չի քննարկվել, քանի առաջին սկզբունքային հարցը դեռ որոշված չէ՝ ո՛չ մասնակցությունը, ո՛չ մասնակցության ֆորմատը: Առայժմ որոշում կա:
-Նկատի ունեք՝ «Մեկ Հայաստան» կուսակցությունը դեռ որոշում չի՞ կայացրել:
-Այո, խոսքը «Մեկ Հայաստան» կուսակցության մասին է:
-Այսինքն՝ կուսակցությունը հստակ որոշում չունի՞ ընտրություններին մասնակցելու հարցում:
-Նախ ասեմ՝ արդյոք կլինե՞ն ընտրություններ, թե՞ ոչ: Եթե անգամ լինեն, վերջնական որոշում չունենք: Այս ամենն օդային խոսակցություններ են, քանի որ վերջնական որոշում չկա:
-Կուսակցությունը ե՞րբ կունենա վերջնական որոշում:
-Ոչ, առաջիկայում նախատեսված չէ, որովհետեւ նախ դեռ արտահերթ չի էլ նշանակվել, որ մենք որոշում կայացնենք: Երբ լինի, մենք անմիջապես պաշտոնապես հայտարարությամբ հանդես կգանք:
-Տիկի՛ն Ենգոյան, տեղեկություն կա, որ ժամականին, երբ Դուք աշխատել եք Աղվան Հովսեփյանի հետ, Ձեզ հետ կապված ինչ-որ կոռուպցիոն մեխանիզմ է բացահայտվել, Աղվան Հովսեփյանը Ձեզ հետ խոսել է այդ հարցի շուրջ եւ ասել՝ եթե Ձեզ չենթարկեն քրեական պատասխանատվության, ապա Դուք պետք է խոստանաք, որ այլեւս որեւէ քաղաքական պաշտոնի չեք ձգտելու, պետական համակարգում պաշտոն չեք զբաղեցնելու: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունը: Եթե հնարավոր է, Դուք մանրամասնեք, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
-Չէ, բացարձակ, ինչ-որ անիմաստ ինֆորմացիա է դա: Ընդհանրապես իրականությանը չհամապատասխանող դեպք, դատավարություն իսպառ չի եղել: Ուղղակի երեւի երբ անձը պետական ապարատից դուրս է գալիս, տեղափոխվում է այլ աշխատանքի, կարող է դա ինչ-որ հետաքրքրություն է առաջացրել: Բայց ես միշտ եղել եմ համալսարանի դասախոս, զուգահեռ պետական պաշտոն եմ զբաղեցրել ե՛ւ դատախազությունում, ե՛ւ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանական վարչության պետն եմ եղել: Ու պարբերաբար համալսարանից գնացել եմ պրակտիկ աշխատանքի, այնուհետեւ տեղափոխվել այլ աշխատանքի: Չեմ էլ պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը գնում:
-Նշվում է, որ Դուք Ձեր գործունեության շրջանակներում կաշառք եք վերցրել, Աղվան Հովսեփյանն է բացահայտել այդ դեպքը, Ձեզ հետ խոսել է…
-Նման խոսակցություն չի եղել: Նախ եթե Դուք նայեք, թե դատախազությունում ես ինչ պաշտոն եմ զբաղեցրել, ես եթե նույնիսկ ամենավերջին ստորը լինեի եւ կարողանայի կաշառքի թեմայի մեջ մտնեի, ես եղել եմ Իրավական ապահովման եվրոինտերգրման բաժնի պետը, որը դատախազության ուղղակի գործունեության հետ որեւէ տեսակի առնչություն չի ունեցել՝ ո՛չ նախաքննական, ո՛չ դատավարական պրոցեսների հետ: Աշխատել եմ միջազգային կազմակերպությունների հետ, ներկայացրել եմ դատախազությունը: Իմ բլոկը եղել է օրենսդրական եւ միջազգային իրավական համագործակցության հատվածը: Հիմա որ ասեմ՝ ես ինչ-որ կաշառքի թեմայով խնդիր եմ ունեցել, առնվազն ծիծաղելի է:
-Այսինքն՝ Ա. Հովսեփյանի հետ նման զրույց երբեւէ չե՞ք ունեցել:
-Միանշանակ ոչ: Ընդհակառակը, պարբերաբար եղել են տարբեր աշխատանքների տեղափոխման առաջարկներ: Դուրս եմ եկել դատախազությունից, անցել եմ ՄԱԿ-ի ծրագրով համագործակցության ու դարձել եմ համալսարանի մեկ դրույքով դասախոս: Երկու տարի հետո նորից վերադարձել եմ, բայց արդեն՝ գնումների դաշտ:
ՊԱՊԻԿՅԱՆԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է ԻՐԵՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂՆԵՐԻՆ
Դեռեւս ապրիլի 20-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Իսախանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Իսախանյանի ազատումը նախապատմություն ունի: Բանն այն է, որ Կարեն Իսախանյանը նշված նախարարությունում աշխատում է դեռեւս 2001 թվականից՝ գրեթե բոլոր նախարարների ժամանակահատվածում: 2006-2018 թթ. ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարն է եղել: 2019 թվականի հունիսի 4-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
Այսինքն՝ Իսախանյանն աշխատել է նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս նախարար Պապիկյանն իր մոտ է հրավիրել Կարեն Իսախանյանին ու հայտարարել, որ առաջիկա Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ ինքը պետք է «աշխատի» իշխանությունների համար: Բանն այն է, որ Իսախանյանը մարզային, համայնքային հարցերի պատասխանատուն էր, ու Պապիկյանն ասել է, որ պետք է նրանց հետ հանդիպումներ ունենա, որպեսզի իրենց օգնի ձայներ բերելու հարցում: Մենք տեղեկացանք, որ Կարեն Իսախանյանը Պապիկյանին տեղեկացրել է, որ ինքը քաղաքական որեւէ գործունեությամբ չի ցանկանում զբաղվել, չի կարող նման քայլեր իրականացնել: Սուրեն Պապիկյանն էլ Իսախանյանին հորդորել է այդ դեպքում դիմում գրել ու հեռանալ նախարարի տեղակալի պաշտոնից: Իսախանյանն էլ որոշել է հեռանալ նախարարությունից: Մենք տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը նման ցուցակ ունի. ով չի ենթարկվում, նրանց պաշտոններից ազատում է:
ArmLur.am-ը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Կարեն Իսախանյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց որեւէ հարցի մասին խոսել:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԻՓՈԹԵՔ
Հայաստանում կացարանի կարիք ունեցող ընտանիքների համար կսահմանվի սոցիալական հիփոթեք։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ բնակարանի առավելագույն չափը մինչեւ երեք երեխա ունենալու պարագայում սահմանվում է 6.5 մլն դրամ, սահմանվում է նաեւ երկրորդ չափորոշիչը՝ մեկ քմ-ի առավելագույն արժեքը՝ 100 հազար դրամ։ Բնակարանի կամ բնակելի տան առավելագույն չափը կարող է ավելանալ՝ ընտանիքում երեխաների առկայությամբ պայմանավորված՝ սկսած երրորդ երեխայից՝ յուրաքանչյուրի հաշվարկով 1 մլն դրամ։ Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ սոցիալական հիփոթեքից կարող է ընտանիքն օգտվել միայն ՀՀ մարզերում բնակարան ձեռք բերելու դեպքում։ ՀՀ պետական բյուջեից ծախսը 2021թ. համար կկազմի 500 մլն դրամ, 2022-ի համար՝ 2 մլրդ դրամ, իսկ 2023-ի եւ հետագա տարիների համար՝ 4 մլրդ դրամ, ընդհանուր՝ առավելագույնը 6000 շահառուի հաշվարկով։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին հրահանգվել է մայիսի 31-ին կառավարություն ներկայացնել կացարանի կարիք ունեցող ընտանիքների կողմից բնակարանի ձեռքբերման նպատակով ամբողջությամբ սուբսիդավորվող հիփոթեքային վարկավորման կարգը, պայմանները ու հիփոթեքային վարկ ստանալու իրավունք ունեցող, սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերին դասված ընտանիքների ցանկը:
ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել մի արարք, որի համար, ըստ էության, մեղադրանք է առաջադրված Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին, ում լիազորություններն այժմ կասեցված են: Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանն ու քննությանը խոչընդոտելու համար։ Ընդ որում, իր դեմ ցուցմունք է ներկայացրել նախկին դատավոր, հիմա արդեն ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռ. Վարդազարյանը պարզապես հետաքրքրվել է, թե կոնկրետ գործի շրջանակներում այժմ ինչ աշխատանքներ են տարվում, ինչ խնդիրներ կան՝ հաշվի առնելով որ խոսք է գնում հնչեղություն ունեցող եւ կարեւոր գործի մասին: Եվ, ահա, ի հակադրություն այս հանգամանքի՝ նկատենք, որ Ն. Փաշինյանը երեկ իր մոտ էր հավաքել ուժային կառույցների ներկայացուցիչներին եւ կոնկրետ հրահանգներ տվել այն դեպքում, երբ դրա իրավունքը չունի: Վերջինս Սյունիքի մարզում խորհրդակցության ժամանակ ասել էր. «Պարո՛ն Աբազյան եւ պարո՛ն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ակնկալում եմ, որ շատ կտրուկ եւ հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի, եւ մեղավորները հանրության համար տեսանելի ձեւով կկանչվեն պատասխանատվության»։ Ստացվում է՝ Փաշինյանը կարող է հրահանգ տալ ուժային կառույցներին եւ չպատժվել, իսկ ԲԴԽ նախագահը չի կարող դատավորից հետաքրքրվել քրեական գործի մասին: Նկատենք՝ Փաշինյանը կոնկրետ հրահանգներ է տվել քննիչի եւ դատախազի, եւ սա՝ այն դեպքում, երբ դրա իրավունքը չուներ: Ավելին՝ նկատենք՝ Սյունիքում ստեղծված իրավիճակը ոչ թե հասարակական կարգի դեմ խախտում էր, այլ ուղղված էր հենց Նիկոլ Փաշինյանի դեմ: