Նախագահ Ջո Բայդենը մտադիր է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը ճանաչել ցեղասպանություն։ Այս մասին հայտնել են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ «Ուոլ Սթրիթ Ջըրնալը» եւ «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Բայդենի վարչակազմում աղբյուրներին։ Ըստ ամենայնի, ԱՄՆ նախագահն այդ մասին կհայտարարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ուզում է փչացնել Թուրքիայի հետ հարաբերությունները, իր գործն է։
Բայդենը փչացնելու բան էլ չունի։ Մինչ օրս Բայդենի ու Էրդողանի զրույց տեղի չի ունեցել։ Ավելին, Էրդողանի արբանյակ Ալիեւը բողոքել է, որ պետքարտուղար Բլինքենը զանգել է Նիկոլ Փաշինյանին, բայց այդպես էլ չի խոսել իր հետ՝ «խախտելով հավասարակշռությունը»։
Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին Սյունիքի մարզում էր, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում նշված է, որ Սյունիքի մարզն ամենաշատն է տուժել կրկնակի հարվածից՝ համավարակից ու պատերազմից։ Հայաստանի պաշտոնյաների հետ զրույցում դեսպան Թրեյսին նշել է, որ ԱՄՆ-ն շարունակական աջակցություն է ցուցաբերելու մարզի զարգացմանը։
ԱՄՆ-ն չի կարող անմասն մնալ Սյունիքի մարզին։ Այստեղով անցնում է Հայաստանի ու Իրանի սահմանը, այստեղ է կտրվում «թյուրքական աշխարհը»։ Այստեղ է պատրաստվում «Մեղրիի միջանցքը» Ռուսաստանի ԱԴԾ վերահսկողությանը փոխանցելու ծրագիրը, ինչը հավասար է Հայաստանի հարավային սահմանի եւ ինքնիշխանության կորստին։
ԱՄՆ դեսպանի այցը Սյունիք ուղերձ է Ալիեւին ու Էրդողանին, որ ԱՄՆ-ն անտարբեր չէ սպառնալիքների հարցում։ Այդ սպառնալիքներին արձագանքն ստիպել է Ադրբեջանի ԱԳՆ-ին «սվաղել» Ալիեւի հայտարարությունները։
ԱՄՆ դեսպանի այցը Սյունիքի մարզ նույնպես նախազգուշացում է Ջո Բայդենի՝ «ցեղասպանություն» բառն արտասանելու եւ «Թուրքիայի հետ հարաբերությունները» փչացնելու մտադրության ֆոնին։
Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը յուրատեսակ բարոյական փարոս կդառնա շատ այլ երկրների համար. New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցի տեղեկություններին այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Խնդիրը միայն Հայաստանին եւ Թուրքիային չի վերաբերում: Մեր պարտականությունն է ճանաչել եւ դատապարտել անցյալի, ներկայի եւ ապագա ցեղասպանությունները»,- հայտարարել է Այվազյանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում Թուրքիայի ունեցած ռազմական դերակատարությանը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պաշտոնական Անկարայի գործողությունները մեկնաբանել է որպես տարածաշրջանում եւ Միջերկրական ծովի արեւելյան ափին «ընդլայնվող անկայունության աղբյուր»:
Արա Այվազյանը նշել է, որ ցեղասպանության ճանաչումը կհիշեցնի աշխարհին այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ հակազդեցության չեն արժանանում չար արժեքները:
«Ես հավատում եմ, որ վտանգավոր երկրներին միջազգային կանոնակարգի շրջանակ հրավիրելը մեր աշխարհը շատ ավելի ապահով կդարձնի: Դրանով մենք ականատեսը կլինենք ավելի քիչ ողբերգությունների, ավելի քիչ մարդկային կորուստների, իսկ ԱՄՆ-ը կվերահաստատի այս փոթորկալի ժամանակներում իր բարոյական առաջնորդությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Ն.Հ.
ՊԱՅԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ
Երեկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Դ. Գ.-ն եւ Ս. Բ.-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։
ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԱԺ
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ հաշվետվության՝ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմել է 1,560,655,340.8 հազար դրամ, ծախսերի գծով` 1,894,647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333,991,752.6 հազար դրամ: Ներկայացնելով հաշվետվությունը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է նաեւ 2019 թ. տնտեսական ցուցանիշներին եւ նշել, որ Հայաստանը 2019 թվականին ունեցել է վերելքի ժամանակահատված. տնտեսությունն աճել է 7,6 տոկոսով, ինչը հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման շրջանակը: Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ 2019 թվականին արձանագրված տնտեսական վերելքը հնարավորություն է տվել 2020-ին վերանայել ծախսային քաղաքականությունը, մասնավորապես՝ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառում շուրջ 11 տոկոս հատկացումների աճ է արձանագրվել, առողջապահության ոլորտում՝ 22 տոկոս աճ:
ՄԱՀԵՐ՝ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2020թ. ՀՀ զինված ուժերում մահացությունների, ինքնասպանությունների եւ զոհերի հետ կապված զեկույց է ներկայացրել եւ իր կազմած տեղեկանքում առանձին անդրադարձել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անթաքույց եւ անմիջական աջակացությամբ, նաեւ վարձու ահաբեկիչների ներգրավմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհերի թվին, որտեղ գրված է. «Եթե համեմատենք ԱՀ/ԼՂ ՊՆ կողմից հրապարակված (3015), միայն լրատվամիջոցներով հրապարակված (104), եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած անձանց (47) տվյալներով զոհվածների թիվը ՀՀ վարչապետի կողմից հնչեցրած թվի (3621) հետ, պարզ է դառնում, որ այս պահին 455 զոհվածների անուններ դեռեւս չեն հրապարակվել ո՛չ պաշտոնապես, ո՛չ լրատվամիջոցներով։ Այսպիսով, չնայած անցել է արդեն հինգ ու կես ամիս պատերազմական գործողությունների ավարտից հետո, սակայն մինչ այժմ զոհվածների վերջնական թիվը հայտնի չէ։ ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում 2020թ. գրանցվել է պատերազմական գործողություններով չպայմանավորված 100 զինծառայողի մահվան ելքով դեպք»։
ԳՆԱՃԸ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
«Ես չեմ լսել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստացած լինի գնաճի կապակցությամբ»,- հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նա նաեւ արձագանքել է այն մեկնաբանությանը, թե կառավարության նիստին Փաշինյանը մտահոգություն է հայտնել երկրում գնաճային գործընթացների առկայության կապակցությամբ: «Ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ նա դժվարանում է իր համար հաց գնել»,- նկատել է Վ. Քերոբյանը: Նախարարի խոսքով՝ իրենք ընդունում են, որ շարքային քաղաքացու դիրքորոշման տեսանկյունից խնդիր կա, եւ «նույն ցավն» են ապրում, ինչ հանրապետության շարքային բնակիչը: «Գնաճն անխուսափելի է: Այն կա գրեթե բոլոր երկրներում»,- շեշտել է նախարարը:
ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է
Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանը եւ հանրապետությունում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Հայաստանում ստեղծված իրավիճակը 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո: «Սույն թվականի ապրիլի 21-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության նախաձեռնությամբ հանդիպել են ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատար Ե. Ղազարյանը եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Ս. Կոպիրկինը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ. արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը Հայաստանում, հնարավոր կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, հայ-ռուսական բարեկամության խորացման ու ամրապնդման մասին: Դեսպանը հանդիպել է «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի ակտուալ հարցեր, առկա ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: Քննարկվել է նաեւ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը»,- հայտնել են կուսակցությունից:
ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱՐԴԱՇԱՏ ՉԷՐ
Երկու օր է՝ հասարակության ներսում բուռն քննարկվում են Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցն ու դրան հաջորդած իրադարձությունները: Չեն դադարում տարատեսակ տեղեկատվական հոսքերը. Ընդդիմությունը եւ սոցցանցերի որոշ հատված սկսել են ներկայացնել կատարվածն այնպես, իբրեւ թե ողջ Սյունիքն է ոտքի կանգնել: Իսկ, ահա, իշխանական ճամբարում պնդում են, որ դրանք ընդամենը մարդկանց փոքր խմբեր են, որոնք կատարում էին նախկին օլիգարխիկ շրջանակների հանձնարարականները:
Փորձեցինք տարբեր աղբյուրներից մոտավոր տվյալներ ստանալ, թե որքան էր Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ակցիա անողների մոտավոր թիվը. մեզ փոխանցեցին, որ Ագարակում եղել են շուրջ 50 հոգի (որոնցից ակտիվ են եղել 20-25-ը)՝ ներառյալ համայնքի ղեկավարը, տեղակալը եւ վարչական այլ աշխատակիցներ, իսկ Շուռնուխում այդ թիվը եղել է 25-ին մոտ, այդ թվում՝ համայնքի ղեկավարն ու իր եղբայրը: Եթե այս թվերին էլ գումարեք վարչապետին ուղեկցող հարյուրավոր մարդկանց թիվը, ապա իրադարձություններն իսկապես բազմամարդ կթվան, չնայած տեսագրություններից եւս պարզ է, որ ակցիայի մասնակիցներն իրականում սակավաթիվ էին։ Ի դեպ, Սյունիքի մարզում բնակվող քաղաքացիների հետ զրուցեցինք, մարդկանց մի մասն իսկապես դժգոհ է, կոտրված, բայց նաեւ վիրավորվում են, երբ ասում են՝ ամբողջ Սյունիքն այսպես, ամբողջ Սյունիքը դեմ է այսօրվա իշխանությունը։ Սյունիքն էլ մարզերից մեկն է, որտեղ կան ընդդիմադիրներ ու իշխանության կողմի ներկայացուցիչներ. այնպես, ինչպես բոլորը փաշինյանական չեն, այդպես էլ բոլորը ընդդիմադիր չեն: