Ո՞Վ Է ՔՆՆԵԼՈՒ ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՔՐԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննության ավարտ էր հայտարարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործով: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քրեական գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին:

 

Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, մասնավորապես Արա Վարդանյանը, 2009 թվականի մայիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հուլիսի 20-ը զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, հիմնադրամի` առանձնապես խոշոր չափերով գույքը յուրացնելու նպատակով տնտեսվարող կազմակերպություններից մեկի տնօրենի օժանդակությամբ կազմել, հաստատել եւ ստորագրել է Արցախի Հանրապետության շրջանների եւ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներին ընդհանուր 292.833.540 ՀՀ դրամ արժողությամբ կահույք մատակարարելու վերաբերյալ կեղծ պայմանագրեր, հանձնման-ընդունման կեղծ ակտեր, որոնց հիման վրա հիմնադրամի հաշվից ընկերության ընթացիկ հաշվին փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 292.833.540 ՀՀ դրամ, որն էլ, փոխադարձ պայմանավորվածության համաձայն, յուրացման եղանակով հափշտակվել է, իսկ Արցախի Հանրապետության շրջաններին եւ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցներին պայմանագրով նախատեսված գույքը չի մատակարարվել:

Բացի այդ, Արա Վարդանյանը, պաշտոնի բերումով հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, 2014 թվականի նոյեմբերի 21-ին «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել է վարկային քարտով սահմանաչափի տրամադրման գրավի պայմանագիր, իսկ, որպես վարկի ապահովման միջոց, նույն բանկում գրավադրել է հիմնադրամի հաշվին գտնվող «Մոզիյան» ֆոնդի 28.000.000 ՀՀ դրամ ավանդը եւ վարկային քարտով, մինչեւ 2019 թվականի հունվարի 15-ը մարման ժամկետով ստացել տարեկան 19,10 տոկոսադրույքով 25.000.000 ՀՀ դրամի վարկային գիծ: Այնուհետեւ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ եւ շահադիտական նպատակներով հիմնադրամին պատկանող դրամական միջոցների մի մասն օգտագործել է ոչ թե կանոնադրությամբ սահմանված նպատակներով, այլ իր անձնական կարիքների համար, այն է՝ միասնական դիտավորությամբ, 2016 թվականի հունվարի 8-ից 2018 թվականի հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում«www.pokerstars.com»եւ «www.quasargaming.com» առցանց (օնլայն) խաղատներում խաղադրույք կատարելու նպատակով, ինչպես նաեւ անձնական այլ կարիքները հոգալու համար վերը նշված քարտի հաշվում առկա վարկային գծի դրամական միջոցներից խաղատների հաշվեհամարներին փոխանցել կամ կանխիկացրել է ընդհանուր 136.754.357,29 ՀՀ դրամ, ինչի արդյունքում նշված գործարքների դիմաց բանկը որպես միջնորդավճար գանձել է ընդհանուր 230.479,94 ՀՀ դրամ: Նշված գործողություններով Արա Վարդանյանն էական վնաս է պատճառել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ հիմնադրամի հաշվում գտնվող «Մոզիյան» ֆոնդի 28.000.000 ՀՀ դրամ ավանդը գրավադրվել է «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերությունում, որի հետեւանքով այդ ընթացքում հիմնադրամը զրկվել է այդ գումարը սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական կամ այլ հանրօգուտ նպատակներին ծառայեցնելու հնարավորությունից, ինչպես նաեւ արատավորել է հիմնադրամի բարի համբավն ու հեղինակությունը, ինչով պայմանավորված՝ հետագա տարիներին զգալի չափով պակաս գումար է հանգանակվել հիմնադրամին:

Նկարագրված արարքները կատարելու համար, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում, վարույթն իրականացնող մարմնի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու, առանձապես խոշոր չափերի հափշտակությանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեկան կեղծիք կատարելու մեղադրանքներով քրեական հետապնդումներ են հարուցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի եւ տնտեսվարող կազմակերպության տնօրենի նկատմամբ:

Ք.Մ.

 

 

 

ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԱՐԶՎԵԼ ԵՆ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. ապրիլի 14-ին Արտաշատ քաղաքի 57-ամյա բնակիչը երթուղային միկրոովտոբուսի մեջ դիմակ չկրելու հետ կապված Երեւան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից արված դիտողության հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել տղամարդու կրծքավանդակին` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով նրան: 2021թ. ապրիլի 20-ին 57-ամյա տղամարդը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին եւ տվել խոստովանական ցուցմունք: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ

Ստեփանակերտի բնակելի տան վրա փոքր տրամաչափի զինատեսակից ենթադրաբար ադրբեջանցիների կողմից կրակոցներ են արձակվել ապրիլի 20-ի հետկեսօրին: Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը մանրամասներ է ներկայացրել դեպքից՝ նշելով, որ այդ մասին ոստիկանությունը Ստեփանակերտի Հայկավան թաղամասում գտնվող տան բնակչից ահազանգ է ստացել ժամը մոտ 15:00-ի սահմաններում: «Դեպքի վայր են ժամանել ոստիկանության քրեական վարչության աշխատակիցները: Տեղում պարզվել է, որ կրակել են փոքր տրամաչափի զինատեսակից, որի հետեւանքով ծակվել է բնակելի տան տանիքը: Տանը հայտնաբերվել է մեկ փամփուշտ: Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: Տանը գտնվել են երեխաներ: Ներկայում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- մանրամասնել է Թադեւոսյանը: Ուսումնասիրվում է՝ արդյոք հնարավոր է փոքր տրամաչափի զինատեսակից Շուշիից թիրախավորել բնակելի տուն Ստեփանակերտում:

Նրա հաղորդմամբ՝ ոստիկանությունն ահազանգ չի ստացել Շոշ եւ Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների վերաբերյալ:

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

2021 թվականի ապրիլի 22-ին «Վաղարշապատի» բժշկական կենտրոնից Հայաստանի Հանրապետության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 59-ամյա բնակիչ: Այս մասին փոխանցել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի ապրիլի 22-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Օստրովսկի փողոցի տներից մեկի դիմաց անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նույն քաղաքի 40-ամյա բնակիչը 59-ամյա համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած կտրող-ծակող գործիքով հարվածել է վերջինիս կրծքավանդակին` պատճառելով վերը նշված մարմնական վնասվածքները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել է:

Կարճ ժամանակ անց 40-ամյա տղամարդը  իր մոտ ապօրինի պահվող «ԱԿ 103» տեսակի ինքնաձիգով վերադարձել է վերոհիշյալ վայր, որտեղ հանդիպել է ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ծառայողներին: 40-ամյա տղամարդը, հայհոյանքներ հնչեցնելով, ոստիկաններից պահանջել է հեռանալ, որից հետո իր մոտ գտնվող ինքնաձիգից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, վերջիններիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ անկանոն կրակոց է արձակել նրանց ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել՝ հեռացել է դեպքի վայրից ու նույն ինքնաձիգից մեկ անգամ կրակել իր ծնոտին` ինքն իրեն պատճառելով «ստորին ծնոտի հրազենային վիրավորում» մարմնական վնասվածք, որից հետո ոստիկանության ծառայողների կողմից տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության  Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 6-րդ կետերի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվում է նախաքննություն:  Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:




Լրահոս