10 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործադիրը հավանություն է տվել Արցախի կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, նախատեսված է 10 տարվա ընթացքում տարեկան 10 մլրդ դրամ հատկացնել Արցախի կառավարությանը պատերազմի հետեւանքների հաղթահարման նպատակով։ «Մասնավորապես, նախատեսվում է վնասի փոխհատուցում տրամադրել իրավաբանական ու ֆիզիկական այն անձանց, որոնք պատերազմի հետեւանքով կորցրել են հասարակական ու արտադրական նշանակության շենք-շինություն, մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական եւ այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու եւ մսատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու այգիներ ու խաղողի այգիներ»,- ասել է Մեսրոպ Առաքելյանը։

 

Նախարարը հայտնել է, որ մինչեւ 5 մլն դրամի աջակցությունը կտրամադրվի միանվագ ֆինանսական աջակցության տեսքով, 5 մլն-ից ավելին` մուրհակի տեսքով: Ըստ Մեսրոպ Առաքելյանի՝ առավելագույն փոխհատուցման չափը կկազմի մինչեւ 100 մլն դրամ։

Բացի այդ, նախատեսվում է պատերազմի հետեւանքով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում նախկինում բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների ամբողջական փոխհատուցում, իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների մինչեւ 50 տոկոսի փոխհատուցում: Նախատեսվում է նաեւ ԱՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց հիպոթեկային, գյուղատնտեսական եւ փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ վարկերի մասով մասնակի կամ ամբողջական փոխհատուցում առաջիկա երեք տարիների համար: Մեսրոպ Առաքելյանը հայտնել է նաեւ, որ, Արցախի գյուղական բնակավայրերում նախկինում լքված եւ կիսակառույց տների շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչի շնորհիվ տունը կորցրած 300 արցախցի ընտանիք է հայրենիք վերադարձել:

Կառավարության մեկ այլ որոշմամբ պետբյուջից միջոցներ կհատկացվեն Արցախի Հանրապետության կառավարությանը՝ Արցախի էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների սուբսիդավորում եւ Արցախի Հանրապետության ռեզիդենտ եւ ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձն ապահովելու համար։ Հիմնավորման համաձայն՝ Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի համապատասխան գրության համաձայն՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում, սեփական եկամուտների նվազեցմամբ պայմանավորված, անհրաժեշտ միջոցների չափը կազմում է 4,067,376.7 հազար դրամ, որից 1,803,115.0 հազար դրամ՝ էլեկտրաէներգիայի, 924,887.6 հազար դրամ՝ գազամատակարարման, 918,581.2 հազ դրամ՝ կապի ծառայությունների սուբսիդավորման, 420,792.2 հազ դրամ՝ աշխատողների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի գծով։ Ըստ այդմ՝ նախատեսվել է 4,067,376.7 հազ. դրամ, որը Արցախի Հանրապետության կառավարությանը կտրամադրվի նվիրատվության պայմանագրի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնել է, որ պատերազմի ընթացքում ու դրանից հետո հաստատված ու ընթացիկ ծրագրերով Արցախին Հայաստանից տրամադրված աջակցությունն արդեն կազմում է 74 մլրդ դրամ։ Փոխվարչապետը տեղեկացրել է նաեւ, որ բոլոր գերատեսչություններից խնայողությունների հաշվին պահուստային ֆոնդը համալրվել է մոտ 40 միլիարդով, որոնք կուղղվեն նաեւ նոյեմբերին վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի միջոցառումների իրագործմանը:

 

 

 

ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

2019թ. հուլիսի 17-ին  փայտի գործով զբաղվողները Իջեւանում փակել էին միջպետական ավտոճանապարհը։ Նրանց դեմ կիրառվեց ոստիկանական ուժ, ցույցի բազմաթիվ  մասնակիցներ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ձերբակալվեցին, նրանց մեղադրանքներ առաջադրվեցին, հետագայում առաջադրված մեղադրանքի հոդվածերը փոխվեցին, մեղմացվեցին։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է 2019թ. հուլիսին Իջեւանում տեղի ունեցած իրադարձությունների 20 մասնակիցների դատավարությունը։  Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ի մասով, որ նրանք իշխանության ներկայացուցիչ հանդիսացող  ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, կապված վերջիններիս կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել։ Սակայն Տավուշի մարզում ապօրինի անտառհատումները չեն վերացել, մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապօրինի ծառահատումների գործով ընթանում են բազմաթիվ դատավարություններ, ոստիկանության  հաղորդագրություններում շատ են ապօրինի փայտանյութով ավտոմեքենամների  հայտնաբերման մասին տեղեկությունները։ Ապօրինի անտհատումները հաճախ տեղի են ունենում անտառապահների իմացությամբ եւ մասնակցությամբ։ Ապօրինի ծառահատումների դեպքերը  քիչ  չեն   Բերդի տարածաշրջանում։ Այդ տարածաշրջանում  գործող Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենն է Նորայր Պապյանը, որը, ըստ հավաստի տեղեկությունների, այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի եղբորորդի Սիփան Փաշինյանի միջնորդությամբ, որի հետ  մտերիմ  է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

ԱԳՆ-Ն ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի բնակավայրերի ուղղությամբ հակառակորդի կրակոցների վերաբերյալ: «Ապրիլի 20-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կրակ են բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, ինչպես նաեւ Ասկերանի շրջանի Շոշ ու Մխիթարաշեն բնակավայրերի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Ստեփանակերտում բնակելի տան տանիք է վնասվել։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է հակառակորդի սադրիչ եւ ագրեսիվ գործողությունները, որոնք նպատակ ունեն վախի ու անպաշտպանության մթնոլորտ ձեւավորել ԱՀ քաղաքացիների շրջանում եւ տորպեդահարել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելությունը։

 

 

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկատվությամբ ողողված է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային մամուլը: Բայդենի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը The New York Times-ին հայտնել է, որ Հայոց ցեղասպանության մասին Բայդենը կխոսի ոճրագործության 106-րդ տարելիցին իր ուղերձում:

 

«Ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաները հայտնում են, որ նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել: Այս քայլը կազդարարի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակա է Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները ռիսկի ենթարկելու հեռանկարին»,- գրում է պարբերականը:

Ամերիկյան CNN-ի անանուն երկու աղբյուրներ եւս տեղեկացրել են, որ Բայդենը պաշտոնական հայտարարության մեջ ճանաչելու է ցեղասպանությունը: «Խնդրին քաջատեղյակ երրորդ աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ պաշտոնյաները նաեւ ազդանշաններ են ուղարկել վարչակազմից դուրս գտնվող դաշնակիցներին, ովքեր պահանջում էին նախագահից պաշտնական հայտարարություն՝ հայտնելով, որ նախագահը ճանաչելու է ցեղասպանությունը»,- գրում է CNN-ը: Լրատվամիջոցը հայտնել է, որ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ այս առթիվ: Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին հայտնել է, որ վարչակազմն այս մասին ասելիք կունենա հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին: CNN-ը հիշեցրել է, որ նախագահի թեկնածու Բայդենը խոստացել էր հավատարիմ մնալ Հայոց ցեղասպանության ճանաչման հանձնառությանը:

«Ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհում տեղի են ունենում ոգեկոչման արարողություններ, իր հայտարարության մեջ Բայդենն ամենայն հավանականությամբ օգտագործելու է «ցեղասպանություն» եզրույթը»,- Reuters-ին ասել է լավատեղյակ աղբյուրը:

Ցեղասպանության ճանաչմանը, ի թիվս այլ լրատվամիջոցների, անդրադարձել է Al-Jazeera-ն՝ ընդգծելով, որ Բայդենի կողմից գլխավորապես խորհրդանշական բնույթ ունեցող ճանաչման որոշումը կարող է ավելի լարել հարաբերությունները Թուրքիայի հետ:

 

 




Լրահոս