ԿՕԳՏՎԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիական անձանց շրջանում անհետ կորածների, ինչպես նաեւ գերեվարվածների ընտանիքների անդամները նույնպես կօգտվեն սոցիալական աջակցությունից:

 

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին եւ հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության միջոցառման եւ աջակցության տրամադրման կարգում: Ըստ այդմ՝ նախատեսվում է ընդլայնել սահմանված շահառուների ցանկը՝ դրանում ներառելով նաեւ քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների, ինչպես նաեւ գերեվարվարների ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ երկարացնել դիմումների ընդունման ժամկետը: Դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել մինչեւ 2021 թվականի մայիսի 1-ը՝ ապրիլի 1-ի փոխարեն՝ բացառությամբ անհայտ կորածների ընտանիքների անդամների կողմից ներկայացվող դիմումների, որոնց համար ներկայացման ժամկետ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 1-ը:

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում եւ փոփոխություններ եւ լրացումներ նախկինում ընդունած որոշումներում՝ պատերազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիների աջակցության տրամադրման համար բավարար ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Աջակցություն է տրամադրվում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին՝ 300,000 դրամի չափով։ Այս միջոցառման իրականացման համար պետբյոջեից հատկացվել էր 6,329,250 հազար դրամ: Արցախից ստացված եւ ստացվելիք տվյալների համաձայն՝ շուրջ 2,300 շահառուների դեռեւս անհրաժեշտ է վճարել աջակության գումար։ Ըստ այդմ, նախատեսվում է հատկացնել 690,000 հազար դրամ:

Հոգեբանական վերականգնման ծառայություն կստանան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքները: Կառավարության որոշմամբ՝ 100 մլն դրամ կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռք բերման համար: Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը եւ ադապտացիան վերականգնելու նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռք բերման հրատապ բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը: Ծառայությունը մատուցվելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած՝ 6 ամսվա ընթացքում: Ինչպես նշել է ԱԻՆ ղեկավար Անդրանիկ Փիլոյանը, առաջնահերթ աջակցություն կստանան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների, անհետ կորածների ու գերիների ընտանիքները, հաշմանդամություն ձեռք բերած անձինք։

 

 

881 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում ապրիլի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 նոր դեպք, առողջացել է 887 քաղաքացի, մահացել է՝ 25-ը: Մեկ օրում կատարվել է 4858 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 951500-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 211399 դեպք, որոնցից 191158-ը՝ առողջացման, 3969-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 15281 պացիենտ: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 991 է:

 

 




Լրահոս