Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության աջակցությամբ Մարտակերտի շրջանային բուժմիավորումում բացվել է անհետաձգելի բուժօգնության բաժանմունք:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր ուսանողները կարող են ստանալ կրթաթոշակ:
Արսինե Հարությունյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետական կրթաթոշակը պետական ֆինանսական խրախուսանք է, որը մրցութային կարգով տրվում է միջին մասնագիտական ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց եւ լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսեւորելու համար, ինչպես նաեւ սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին: Ուսանողների հասարակական ակտիվությունը բնութագրող ցուցանիշներ են համարվում`
1) մասնակցությունն ուսումնական հաստատության ուսանողական, հասարակական աշխատանքներին,
2) զեկուցումները, ռեֆերատները, հրատարակած աշխատանքները,
3) մասնակցությունը միջքոլեջային, քաղաքային, հանրապետական եւ միջազգային մրցույթներին, օլիմպիադաներին, ուսանողական գիտական նստաշրջաններին, ուսանողական շինարարական ջոկատների աշխատանքներին,
4) այլ ստեղծագործական նախաձեռնություններ` միջին մասնագիտական ուսումնական հաստատության հայեցողությամբ: Նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունում պետական կրթաթոշակը տրվում է ուսանողական նպաստի համակարգում ընդունված ուսանողին: Պետության կողմից կրթաթոշակ տրվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող ուսումնական հաստատությունների ուսանողներին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ պետական բյուջեից չֆինանսավորվող ուսումնական հաստատություններում կրթաթոշակի հատկացման մասին որոշումն ընդունում է հիմնադիրը:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է իրականացվում ծննդի պետական գրանցումը, ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում ծննդի պետական գրանցման համար, ի՞նչ ժամկետում է կատարվում ծննդի պետական գրանցումը, որքա՞ն է կազմում պետական տուրքի դրյուքաչափը:
Աստղիկ Մակարյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ երեխայի ծննդի ակտի գրառման մեջ ամուսնության մեջ գտնվող հայրը եւ մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ՝ նրանցից որեւէ մեկի դիմումի հիման վրա: Երեխայի ծննդի գրանցման համար ներկայացվում է գրավոր հայտարարություն, ծնողների /ծնողներից մեկի/ եւ դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր (օրինակ՝ ամուսնության վկայական, ամուսնալուծության վկայական, հոր մահվան վկայական), երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, մասնավորապես՝ ծննդյան մասին սահմանված ձեւի փաստաթուղթ` տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը: Ծննդի պետական գրանցման՝ ներառյալ վկայական տալու համար պետական տուրք չի գանձվում։
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի անունը գրառվում է ծնողների համաձայնությամբ: Ծնողների տարբեր ազգանունների առկայության դեպքում երեխայի ազգանունը գրառվում է հոր կամ մոր ազգանվամբ՝ ծնողների համաձայնությամբ: Երեխայի ծնունդը գրանցելու համար գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում։