«ՍՅՈՒՆԻՔԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ԱԶԱՏ Է». ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թուրքիան թշնամի է մեզ համար, բայց հավերժական թշնամիներ եւ բարեկամներ չեն լինում, պետական շահն է առաջնային»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ Գագիկ Մելքոնյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Նրա հետ զրույցում խոսել ենք նաեւ Սյունիքում տիրող իրավիճակի մասին։

 

-Պարո՛ն Մելքոնյան, անհրաժեշտ քայլեր արվո՞ւմ են ցեղասպանությունը միջազգային ճանաչման հասցնելու համար: Ըստ Ձեզ՝ կգա՞ մի օր, որ ամբողջ աշխարահը կճանաչի ցեղասպանությունը:

-Ինձ թվում է՝ այո: ԱՄՆ-ն ճանաչեց, ու արդեն բոլորն էլ կճանաչեն: 25 խոշորագույն պետություններ ճանաչել են, շուտով բոլորն էլ կճանաչեն:

-Նշվում է, որ ԱՄՆ-ի ճանաչումը նույնպես  ինչ-որ նպատակներ է հետապնդում: Դա ոչ թե կոնկրետ ցեղասպանության ճանաչումն է, այլ ինչ-որ հետապնդում է ենթադրում գերտերությունների միջեւ: 

-Այո, Հայաստանը գերտերությունների ձեռքին խաղաքարտ է, որ ամեն մեկը կարողանում է իր պետական շահը ապահովի: ԱՄՆ-ն էլ իր շահն ունի, որովհետեւ տեսնում է, որ Թուրքիան անցնում է Ռուսաստանի «գիրկը», դրա  համար ԱՄՆ-ն անպայման կպատժի Թուրքիային:  Այնպես չէ, որ Թուրքիան իր արանքների համար անպատիժ է մնալու:

-Իսկ այս դեպքում ո՞րն է մեր պետական շահը: Տեսնում ենք լարված ներքաղաքական իրավիճակ Հայաստանում:

-Պետք է մենք այն մարդկանց հետ, այն պետությունների հետ կարողանանք ընկերություն անել, որ նաեւ ինչ-որ տեղ  մենք ունենանք մեր պետական շահը:

-Իսկ Թուրքիան թշնամի՞ է:

-Մե՞ր համար:

-Այո:

-Իհարկե, բայց հավերժական թշնամիներ չեն լինում, ոչ էլ հավերժական բարեկամներ են լինում: Ամեն ինչ  պետք է պետության շահի հետ գնա, մեզ համար առաջնայինը պետական շահն է, որը, ցավոք սրտի, մինչեւ հիմա մենք մեր պետական շահով չենք առաջնորդվում:

-Սյունիքի մարզի մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ իրավիճակ ունենք այնտեղ:

-Սյունիքում վերջերս եմ եղել: Այնտեղ հիմնականում ժողովրդի մեջ այնպիսի բաներ են տարածել, որ՝ հեսա Սյունիքի մարզը հանձնելու են, ու դուք շուտով Սյունիքից գնալու եք, ձեզ համար տեղ ճարեք:

-Բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն խոսում է միջանցք բացելու մասին: Ի՞նչ կասեք:     

-Դե, Ադրբեջանի նախագահը շատ բան է խոսում, բայց մենք պետք է զգուշավոր լինենք: Մենք պետք է միասնական լինենք, ոչ թե իրար ուտելով, այլ միանանք, որ եթե հարձակվեն Զանգեզուրի վրա, կարողանանք Զանգեզուրը պահենք: Իրար մեղադրելով, իրար վրա հայհոյելով՝ մենք երկար չենք կարող քաշենք, եթե ուզում ենք պաշտպանել Սյունիքը: Ոչ թե պետք է միայն Սյունիքը ուժեղ լինի, այլ մենք բոլորս կարողանանք  միախմբվենք: Սյունեցին չպետք է մտածի, որ ինքն առանձին պետություն է. ես նման տպավորություն ստացա, որ առանձին պետություն է, եւ հնարավոր է, որ առանձին ինչ-որ մեկի դեմ կռվի: Բոլորս պետք է  կանգնենք սյունեցու կողքին:

-Իրենք ասում են, որ անտեսված են, իրենց չեն ասում, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը:

-Ո՞վ է անտեսել: Իրենք չեն ասում, թե ինչն է անտեսված: Նույն սահմանները երբ կար 1990 թվականին, հիմա էլ նույնությամբ են: Ադրբեջանցին կանգնած է իր սահմանի վրա, մերոնք կանգնած են մեր սահմանի վրա: Ճանապարհն էլ ազատ է, գնա, արի, ո՞վ է քեզ ինչ-որ տեղ կանգնեցնում կամ այլ բան ասում:

-Իսկ Ադրբեջանի նախագահի հայտարարությունից ի՞նչ կարելի է սպասել: Արդյոք դա պատերազմի սպառնալի՞ք էր:

-Դե ինքը պետք է ասի, պետք է վախեցնի, որ ճանապարհ ու տարածք պետք է տանք: Մենք առաջնային խնդիրներ ունենք, նոյեմբերի 10-ին հրադադարը որ ստորագրել ենք, իրենք այդ պայմանները չեն կատարել: Մերոնք պետք է ոչ մի բան չանեն, մինչեւ այդ պայմանները չկատարվեն:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ

Իրանական ԶԼՄ-ները անդրադարձել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությանը՝ ընդգծելով, որ պատմության ընթացքում նման միջանցք գոյություն չի ունեցել, եւ դա պատմության խեղաթյուրում է:

 

Շեշտվել է, որ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը դեմ է Իրանի շահերին: Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին շեշտել է, որ Ալիեւն արդեն մի քանի անգամ բացահայտորեն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որին Երեւանն արձագանքել է ԱԳՆ խոսնակի մակարդակով:

Քազեմիի խոսքով՝ պատմության մեջ «Զանգեզուրի միջանցք» կոչվող միջանցք գոյություն չի ունեցել, եւ դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որեւէ իրավական հիմք չունի: Փորձագետն ընդգծել է, որ Ալիեւի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցական ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը եւ Երեւանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ:

Շարունակելով միտքը՝ Քազեմին հավելել է, որ Թուրքիայի հետ համագործակցաբար Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքով» պանթուրքական աշխարհը կապել եւ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական կարողությունները վերացնել, Իրանին հեռացնել տարածաշրջանային էներգետիկ անցուդարձից, նաեւ զսպել Չինաստանին ու Ռուսաստանին ու հարվածել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:

Փորձագետը նաեւ շեշտել է, որ Իրանը դեմ է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը, եւ հավելել, որ Ադրբեջանն ու Թուրքիան դա գիտակցում են, ուստի փորձում են բազմակողմ ծրագրի միջոցով Իրանը պասիվացնել եւ դա իրականացնել Իրանի ընտրություններին զուգահեռ:

Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները հակասում են Իրանի շահերին, եւ Իսլամական Հանրապետությունը պետք է պաշտոնապես դատապարտեր նման նախագիծը: Շեշտվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, քանի որ այնտեղ խոսք է գնում հաղորդակցական ուղիների բացման մասին: Ընդգծվել է, որ պատմության մեջ «Զանգեզուրի միջանք» անունով անցակետ կամ միջանցք գոյություն չի ունեցել, եւ դա պատմության խեղաթյուրում է: Նշվել է, որ Ալիեւի հայտարարությունը սպառնալիք է եղել, որի նպատակը միջանցքի բացումն արագացնելն է:

 

 

 

ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ

Այսօրվանից խորհրդարանում մեկնարկելու են մշտական հանձնաժողովների նիստերը: Նիստի օրակարգում է նաեւ ՀՀ 2020թ. պետական բյուջեի կատարողականի հարցը: Մշտական հանձնաժողովների նիստերից հետո՝ արդեն մայիսի 4-ին, գումարվելու  է լիագումար նիստ, եւ կատարողականը կքննարկվի նաեւ այնտեղ:  Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի ուշագրավ փաստեր է առանձնացրել կատարողականից. 2020թ. առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեով պլանավորված եկամուտները եւ ծախսերը թերակատարվել են համապատասխանաբար 11,8 եւ 10,4 տոկոսներով։ Կապիտալ ծախսերը, որոնք ունեն ներդրումային եւ տնտեսական աճի խթանիչ կարեւոր դեր, թերակատարվել են 52 տոկոսով։ Պլանավորված դեֆիցիտն աճել է 1,1 տոկոսով։ Պլանավորված է եղել 3,7 միլիարդ դրամի պահուստային միջոցներ, սակայն փաստացի առկա է եղել 0 դրամ։ 2020թ. պետական բյուջեով պլանավորված ընդհանուր եկամուտները թերակատարվել են 9 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով, իսկ հարկային եկամուտները՝ 15,7 տոկոսով կամ 217 միլիարդ դրամով, սա այն դեպքում, երբ ՀՆԱ-ն նվազել է ընդամենը 7,6 տոկոսով։ Ընդհանուր ծախսերն ավելացել են ընդամենը 2,1 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը որոշ ուղղություններով նվազել են շուրջ 3-4 միլիարդ դրամով, իսկ որոշ ուղղություններով էլ ավելացել են շուրջ 71 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը ընդամենը ավելացել են 59 տոկոսով կամ 68 միլիարդ դրամով:

 

 

ԹՇՆԱՄԱՆՈՒՄ ԵՆ

Գաղտնիք չէ, որ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարար դառնալուց հետո Արայիկ Հարությունյանը որդեգրել էր մի քաղաքականություն, որով փչացրել էր հարաբերությունները կրթության ոլորտում կայացած կառույցներից երեքի՝ «Dasaran.am», «Այբ» դպրոցի եւ  «Մխիթար Սեբաղտացի» կրթահամալիրի ղեկավարների հետ: Ավելին, նախարար եղած ժամանակ նա ամեն ինչ անում էր այդ հաստատությունների աշխատանքը բարդացնելու համար, որն էլ հանգեցրեց արդեն միջանձնային հարաբերությունների վատթարացման: Այսօր արդեն նախարարի պաշտոնը զբաղեցնում է Վահրամ Դումանյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկին նախարարի գործն այժմ շարունակում է փոխնախարար Արա Խզմալյանը, որը դեռ խնդիրներ է ստեղծում այն մարդկանց հետ, ում չէր ընդունում Արայիկ Հարությունյանը։ Ընդ որում, դա անում է հենց Վահրամ Դումանյանի անունից: «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 22-ին հարցում էր ուղարկել նախարարություն՝ ցանկանալով պարզել՝ արդյոք Դումանյանը շարունակում է նախկին նախարարի ուղղվածությունը պահել, թե վերանայել է նախարարի հետ թշնամացածների հետ հարաբերությունները: Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից հայտնել են. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, այդ թվում նաեւ նախարարը եւ մյուս ղեկավար պաշտոնյաները, իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի եւ նախարարության կանոնադրության շրջանակում` փոխադարձ գործընկերային հարգանքի հիման վրա, բնականոն աշխատանքային մթնոլորտում»։ Եվ չնայած այս պատասխանին՝ նկատենք, որ ԿԳՄՍ-ում ատելության եւ դրա քարոզի քաղաքականությունը շարունակում է Արա Խզմալյանը նախարարի անունից:




Լրահոս