Մնա՞լ վարչապետի պաշտոնակատար, թե՞ ոչ. այս է խնդիրը: Այսօր շատերն են վերհիշել դեռ 2018թ.-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե վարչապետը հրաժարականից հետո չի կարող լինել վարչապետի պաշտոնակատար։ Սակայն երեկ նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնում, բայց մնալու է որպես պաշտոնակատար:
Բանն այն է, որ վարչապետի հրաժարականից հետո կառավարության մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել, իսկ նրան պետք է փոխարինի փոխվարչապետներից մեկը: Օրենսդրության մեջ չկա ուղղակի ձեւակերպում, որ վարչապետը հանդիսանում է կառավարության անդամ. Կա ձեւակերպում, որ կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից: Կառավարության հրաժարականի ինստիտուտը եւս տարբեր է. կառավարության հրաժարականի հիմք կարող է լինել, եթե կառավարության ծրագիրը չի հաստատվում, կամ ԱԺ-ն անվստահություն է հայտնում բյուջեն չընդունելու միջոցով:
Տվյալ դեպքում վարչապետի հրաժարականից հետո կառավարության մյուս անդամները շարունակում են պաշտոնավարել, այսինքն՝ այն անդամները, որոնք հրաժարական չեն տվել: Կառավարության բոլոր անդամները շարունակում են կատարել իրենց լիազորությունները՝ բացառությամբ վարչապետի, որը հրաժարական է ներկայացրել: Վարչապետը կառավարության մյուս անդամներից ունի հստակ տարանջատված կարգավիճակ:
2018-ին էլ է Փաշինյանը շարունակել է պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա եւս եղել է Սահմանադրության էության խախտում: Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ, երբ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար եղավ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը:
Նշենք նաեւ, որ Սահմանադրության 158-րդ հոդվածում նշվում է, որ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հորդորով է դիմել քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին եւ, հատկապես, վարչապետին, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին: Նա հորդորել է ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում եւ նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին։
«Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգեւորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեւս միակ միջոցը, ամենեւին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»,- ասել է առաջին նախագահը:
Իսկ Էդգար Ղազարյանը նշել էր, որ երեկվանից վարչապետն այդ պաշտոնում պաշտոնավարելու իրավունք չունի, անհապաղ պետք է ազատի կառավարական շենքի իր աշխատասենյակը, կառավարական կեցավայրը, իրավունք չունի օգտվել վարչապետին հատկացվող տրանսպորտային միջոցներից, թիկնազորից (այլեւս չի հանդիսանալու պետական պահպանության օբյեկտ), իրավունք չի ունենալու կատարել վարչապետի լիազորություններից բխող գործողություններ, ընդունել որոշումներ եւ այլն։
Ն.Հ.
ՀՐԱԺԱՐՎԵՑ ՄԱՆԴԱՏԻՑ
Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ վայր է դնում Երեւանի ավագանու անդամի մանդատը։ «2,5 տարի առաջ ստանձնեցի Երեւանի ավագանու անդամի մանդատս։ Այս ընթացքում ուժերիս ներածին չափով փորձել եմ այնպես անել, որ երեւանցու կյանքն ավելի լավը դարձնեմ։ Իսկ, ահա, վերջին յոթ ամսվա խայտառակ իրողություններն ինձ համար այլեւս անհնարին դարձրեցին այս անպատասխանատուների հետ որեւէ բան քննարկելը, աշխատելը, նիստերին մեկ դահլիճում գտնվելը: Ես վայր եմ դնում Երեւանի ավագանու անդամի մանդատս»:
ԿԱՍԿԱԾՆԵՐ ՉՈՒՆԻ
Հայաստանում սպասվող ընտրություններին ուշի-ուշով հետեւում են տարածաշրջանի բոլոր երկրները, եւ բացառություն չի կարող լինել Հարավային Կովկասի հիմնական խաղացող Ռուսաստանը: Ըստ մեր աղբյուրների` Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններից առաջ ռուսները սեփական սոցհարցումներն ու հանրային կարծիքի ուսումնասիրություններն են իրականացրել ու հետագա քայլերը պլանավորել են՝ համաձայն այդ տվյալների: Մասնավորապես, անցած շաբաթ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը բավական ուշագրավ հայտարարություն արեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի հետազոտող Ստանիսլավ Պրիտչինը, ում խոսքից պարզ էր դառնում, որ ռուսաստանի քաղաքագիտական շրջանակներն, այնուամենայնիվ, հավատում են Նիկոլ Փաշինյանի՝ բարձր հավանականությամբ հաղթանակին: Ընդ որում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ մեկ ամիս առաջ Հայաստան են ժամանել բավականին բարձր վարկանիշ ունեցող սոցիոլոգներ, որպեսզի ստանան ու գնահատեն սպասվող ընտրություններում գործող ֆիգուրների շանսերը։ Սակայն մասնագետների ուսումնասիրությունների ու իրականացրած հարցումների արդյունքները ընդդիմադիր հատվածի համար հիասթափեցնող են եղել։ Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանում դեռեւս ուժեղ ընդդիմություն չկա, ինչը ոչ պակաս ողբալի է, քան երկրում ստեղծված բարոյահոգեբանական հետպատերազմյան մթնոլորտը: Առանց ուժեղ ընդդիմության հնարավոր չէ հաջողություն արձանագրել ու ստիպել իշխանություններին ճիշտ աշխատել:
ՍՏՈՐԱԳՐԵԼ Է
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը։ Նշենք, որ ապրիլի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, համաձայն որի՝ ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը վերացվեց։ Ապրիլի 17-ին նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ստորագրելու օրենքը, բայց եւ չի դիմելու Սահմանադրական դատարան՝ դրա՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Գոգարացին նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ: Ն. Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Վիկտորիա Պողոսյանն ազատվել է ԲՏԱ փոխնախարարի պաշտոնից:
ՑԱՆԿ՝ ՊՈՒՏԻՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ
Ռուսաստանը մտադիր է Միացյալ Նահանգները ներառել «ոչ բարեկամական երկրների» ցանկում։ Ցանկը կազմում է ռուսաստանյան կառավարությունը՝ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ այդ ցուցակում ընդգրկված երկրների քաղաքացիների համար կգործեն սահմանափակումներ, մասնավորապես՝ պետական եւ դիվանագիտական աշխատանքի ընդունման պարագայում։ Զախարովան, սակայն, չի հայտնել, թե բացի ԱՄՆ-ից, որ երկրները եւս կհռչակվեն ոչ-բարեկամական։ Պաշտոնական Մոսկվայի այս քայլերը ընդունվում են արեւմտյան մի շարք երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին ի պատասխան։ Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանի հետ լարվածության ֆոնին մի շարք երկրներ, այդ թվում` Միացյալ Նահանգները, Չեխիան, Ուկրաինան, արտաքսել են ընդհանուր առմամբ չորս տասնյակ ռուս դիվանագետների։ Մի շարք մայրաքաղաքներում պնդում են, որ վտարված ռուս պաշտոնյաները ոչ թե դիվանագետներ, այլ լրտես կամ հետախույզ են։
ՀԱՄԱՏԱՐԱԾ ԱՐՁԱԿՈՒՐԴ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ դատավորները համատարած արձակուրդ գնալու դիմումներ են գրում։ Դատավորներից շատերը սյունիքյան դեպքերի արդյունքում արձակուրդի գնացին, որպեսզի կալանքի միջնորդությունների բավարարումից զերծ մնան: Սակայն դատավորներից շատերն էլ դիմում են գրում կոնկրետ հանգամանքներից ելնելով: Օրինակ՝ օրերս արձակուրդ է գնացել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը` նշելով, թե վարակվել է կորոնավիրուսով, սակայն դատական համակարգում պնդում են, որ նա այդ քայլին գնացել է Սյունիքի դեպքերի մասով՝ շառ ու փորձանքից հեռու մնալու համար: Covid-19-ով է վարակված նաեւ ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը: Արձակուրդ են գնում նաեւ իշխանության սեւ ցուցակում հայտնված դատավորները: Մասնավորապես՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը երկու շաբաթով արձակուրդ է գնացել: Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ իրավապահները արդեն գործընթաց են սկսել նրա մասով, մասնավորապես՝ ստուգում են նրա կայացրած ակտերը. չի բացառվում, որ դատավորը, իմանալով այդ մասին, որոշել է արձակուրդ գնալ, որպեսզի իրավապահները չկարողանան մտնել իր աշխատասենյակ՝ ստուգումների:
Տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ դատավոր Պետրոսյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց. «Ես երկու շաբաթով արձակուրդ եմ վերցրել, այս պահին գտնվում եմ արձակուրդում՝ այն հանգամանքով պայմանավորված, որ նախորդ շաբաթ դիմում եմ ներկայացրել Սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական օրենքի 80 հոդվածի 9-րդ մասի իրավակիրառ պրակտիկան ճանաչվի հակասահմանադրական: Ունենալով դառը փորձ, ունենալով դիմումի առկայության պարագան՝ մոտ օրերս ինչ-որ գործողություններ կսկսեն անել իմ գործերով, այդ իսկ պատճառով փորձել եմ արձակուրդ վերցնել, որպեսզի իմ գործընթացին չխանգարի»: Մեր այն հարցին, թե մտավախություն ունի արդյոք, որ իր դեմ մոտ օրերս կսկսեն գործընթաց, դատավորը պնդեց, որ, այո, նման մտավախություն ունի:
ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՉԿԱ
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել բարիդրացիության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա, նշել է, որ Հայաստանի համար կարեւոր են ոչ թե խոսքերը, այլ գործերը: «Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին եւ այնտեղ հնչեցված պատրաստակամությանը, բայց պետք է նշեմ, որ մենք կարեւորում ենք ոչ միայն խոսքերը, այլեւ գործերը, ինչի մասին մենք շատ հստակ արտահայտվել ենք: Նախկինում էլ եղել են նման ուղերձներ, անգամ եղել է ստորագրված երկկողմ փաստաթուղթ, որը, սակայն, չի ունեցել դրական շարունակություն»,-ասել է Ա. Այվազյանը: