ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԱՐՄԱՆ ԹԱԹՈՅԱՆԻՆ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլի 17-ին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր իրավապահ մարմիններին, իր իսկ ձեւակերպմամբ, «որոշ պաշտոնյաների անօրինական, ձեւախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակով»: Հայտարարության մեջ ասվում էր. «Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երկու՝ 226.2-րդ եւ 332.2-րդ (Մարդու իրավունքների պաշտպանին սպառնալը կամ նրա նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հոդվածներով քրեական հետապնդում հարուցելուն: Դատախազություն են ներկայացվել քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ հիմքեր»:

 

Այսպիսով, ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե կոնկրետ ում դեմ են ուղղված այդ դիմումները, եւ ինչ փաստեր են ներկայացվել դատախազություն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկողական հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը սոցիալական ցանցի իր էջում այսպիսի գրառում էր կատարել, երբ Մարդու Իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել էր լրագրողի վրա ՔՊ-ական նախկին նախարար Հակոբ Արշակյանի կողմից հարվածելու փաստին:

 

Գրառումը հավանել էր ԱԺ իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։

 

Սոցիալական ցանցի իր էջում հաճախ է հայհոյախառն գրառումներով  աչքի ընկնում նաեւ Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը: Նա «հայրական ապտակ» է որակել ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի հարձակումը լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա, իսկ միջադեպի վերաբերյալ ՄԻՊ արձագանքի համար վիրավորել է Արման Թաթոյանին:

 

Այսպիսով, ի՞նչ է ասում օրենքը.  Մարդու իրավունքների պաշտպանին կապված նրա լիազորությունների իրականացման հետ սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով:

 

 

 

ԴՐՈՇՄԱՆԻՇՆԵՐԻ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՑՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու եւ ակցիզային դրոշմանիշերի անօրինական իրացման հերթական փորձը: Այս մասին ArmLur.am-ին հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

 

«Վարչությունը տվյալներ է ստացել, որ Երեւանում եւ տարբեր մարզերում գրանցված 7 տնտեսվարող սուբյեկտներ հարկային մարմին են ներկայացրել «տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշերի եւ դրոշմապիտակների տրամադրման հայտ եւ օգտագործման մասին հաշվետվություն, համաձայն որի՝ տնտեսվարողները պահանջել էին ընդհանուր առմամբ սպիրտային խմիչքների 624.300 հատ, խաղողի գինու՝ 20.000 հատ, իսկ թրմերի եւ այլ ըմպելիքների համար` 8.000 ակցիզային դրոշմանիշեր: Հետաքննության եւ օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների կողմից առաջ են քաշվել վարկածներ այդ տնտեսվարող սուբյեկտների կողմից կեղծ ձեռնարկատիրությամբ, հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելու, ինչպես նաեւ ակցիզային դրոշմանիշեր իրացնելու հանցագործությունների նախապատրաստման վերաբերյալ, որոնք հերքելու կամ հաստատելու ուղղությամբ մշակվել եւ ձեռնարկվել են համալիր միջոցառումներ։ Ստացված օպերատիվ տեղեկությունների եւ կատարված վերլուծական աշխատանքների հիման վրա ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ուսումնասիրություններ են կատարվել նաեւ տնտեսվարող սուբյեկտների գործունեության վայրերում: Պարզվել է, որ ակցիզային դրոշմանիշներ պահանջող անձինք չունեն խաղողի, օղու, մրգային օղու հումքի մթերման եւ ձեռքբերման փաստաթղթեր, ինչպես նաեւ օղու արտադրության ու շշալցման համար անհրաժեշտ սարքավորումներ, տարածքներ, տարաներ, ինչպես նաեւ համապատասխան ոլորտի եւ մասնագիտության աշխատակիցներ: Պարզվել է նաեւ, որ նշված գործունեությունը կազմակերպող իրական շահառուները, որպես կանոն, ներգրավում են սոցիալապես անապահով անձանց, վերջիներիս անվամբ գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր:

Այդ տնտեսվարողներն ինքնակամ հարկային մարմին են ներկայացրել դիմումներ՝ ակցիզային դրոշմանիշերի տրամադրման հայտերը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել են նաեւ նմանատիպ քրեական գործեր:

 

 

 

ԽՈՇՈՐ ՉԱՓԻ ԿԱՇԱՌՔ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները բացահայտել են ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք՝ զինապարտ քաղաքացուն ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրների բացակայության պայմաններում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար:

Քաղաքացի Ռ.Կ.-ն, երկու անգամ ստանալով պարտադիր զինվորական զորակոչից տարկետման իրավունք 2020թ. սեպտեմբերի  27-ին ՀՀ-ում եւ ԱՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում, վերջին` երրորդ անգամ, 2021թ. ձմռանը բժշկական զննությունն առանց խնդիրների անցնելու, այն է`  ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ամրագրված հիվանդությունների ցանկում սահմանված մտացածին հիվանդություն ձեւակերպելու արդյունքում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու եւ պահեստազորում հաշվառվելու նպատակով դիմել է  իր ազգականի ծանոթին՝ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից հանդիսացող Խ.Դ.-ին, որը խոստացել է իր լիազորությունների շրջանակներում լուծում տալ նշված հարցին, իսկ կատարված ապօրինի գործողությունների համար որպես կաշառք պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.574.940 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար:

Կաշառք տվողի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուց հետո Խ.Դ.-ն իրականացրել է իր լիազորություններից բխող ակնհայտ ապօրինի գործողություններ, ինչի արդյունքում ռազմական դրության պայմաններում Ռ.Կ.-ն ազատվել է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում, որից հետո այլ անձի օժանդակությամբ ձեռնամուխ է եղել 3000 ԱՄՆ դոլարը ՀՀ բանկերից ձեռք բերելու եւ պաշտոնատար անձին տալու խոստման իրականացմանը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված քրեադատավարական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2021թ. ապրիլի 20-ին Ռ.Կ-ի կողմից այլ անձի միջոցով կաշառքի առարկա 3000 ԱՄՆ դոլար գումարը պաշտոնատար անձին տալուց հետո հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ տարածքային ստորաբաժանում: Քրեական գործով կատարված քննչական ու դատավարական մեծածավալ գործողությունների, կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է կաշառքի առարկա 3000 ԱՄՆ դոլարը, պարզվել են կատարված հանցագործությանը առնչություն ունեցած անձանց ինքնությունները, որոնք բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչություն ու ձերբակալվել եւ, որպես կասկածյալ, հարցաքննությունների ժամանակ տվել են խոստովանական ցուցմունքներ:

 




Լրահոս