Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել հատուկ կարծիք (amicus brief) Վարչական դատարանի դիմումով վարույթ ընդունված գործով։
Մասնավորապես, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, եւ առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի եւ առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Վարչական դատարանը դիմումով բարձրացրել է վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարց՝ նշելով, որ առանց բացառության անհապաղության պահանջը հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված անձի պատշաճ վարչարարության իրավունքի սահմանափակման։ Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է անձի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության իրավունքի, ընտանիքում բռնության երեւույթի առանձնահատկությունների կոնտեքստում՝ նշելով, որ առաջնահերթություն տալով պատշաճ վարչարարության իրավունքի ապահովմանը՝ չպետք է խախտվեն վերոնշյալ իրավունքները։ Հարցը պետք է դիտարկել նաեւ անհետաձգելի միջամտության որոշման նպատակի եւ էության առաջնահերթ հաշվառմամբ։ Ընտանեկան բռնության դեպքերում առաջնահերթ է իրավապահ մարմինների կողմից արագ եւ արդյունավետ արձագանքը, ինչը շատ կարեւոր է կանխարգելիչ նպատակներով։ Օրենսդրական նման կարգավորման նպատակն է արագ իրականացնել իրավունքների անհապաղ պաշտպանություն, ինչպես նաեւ հնարավոր վտանգների կանխարգելում։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր դիրքորոշմամբ ընդգծել է, որ դիմումում բարձրացված խնդիրներն առավելապես գործնական, իրավունքների պաշտպանության եւ դրանց իրականացման երաշխավորման գործընթացում իրավասու մարմինների ներկայացուցիչների մասնագիտական պատրաստվածության եւ կարողությունների հարց է, ինչը պետք է լուծել դրանց զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով, այլ ոչ թե որոշման կայացման անհապաղության երաշխիքից բացառություն սահմանող օրենսդրական փոփոխությունների իրականացմամբ: Անհետաձգելի միջամտության որոշումների կայացման անհապաղությունից բացառություն սահմանելով՝ այդ որոշման կայացումը գործնականում կարող էր իմաստազուրկ դառնալ՝ ելնելով դրա պաշտպանական էությունից ու նպատակից։ 2021թ. ապրիլի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում է կայացրել գործի վարույթը կարճելու մասին։ Դատարանը հայտնել է, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որեւէ իրավական դիրքորոշման հետ: Սահմանադրական դատարանն արձանագրել է նաեւ, որ օրենքի, վերջինիս որեւէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման եւ միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, եւ դիմողի կողմից բարձրացված հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձեւավորման շրջանակներում: Կարեւոր է, որ Սահմանադրական դատարանը որոշմամբ վերահաստատել է Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որ վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ իրավական դիրքորոշման անհրաժեշտություն չկա, եւ Վարչական դատարանի բարձրացրած հարցերը լուծելի են օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձեւավորման շրջանակներում: Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես կարեւորել է Սահմանադրական դատարանի որոշումներում տեղ գտած դիրքորոշումները, որոնք անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության եւ օրենսդրության կատարելագործման կարեւոր երաշխիքներ են: Սահմանադրական դատարանի որոշումները կարեւորագույն նշանակություն ունեն երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի եւ, ընդհանրապես, ողջ իրավական համակարգի կատարելագործման հարցում: Այդ որոշումներում տեղ գտած դիրքորոշումների սպառիչ իրացումն իրավունքների ու ազատությունների գործուն պաշտպանության կարեւոր երաշխիքներից է: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ (amicus curiae) ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի պրակտիկան ամբողջությամբ բխում է Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից, այն է՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային երկրի իրավական համակարգի առավել համապատասխանեցմանն ուղղված սուբսիդիարության սկզբունքից:
Պաշտպանի հատուկ կարծիքներն ամփոփում են ինչպես իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ իրականացված վերլուծությունները՝ սահմանադրական պահանջների, միջազգային սկզբունքների ու չափանիշների համատեքստում, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված անհատական բողոքների քննարկման եւ մշտադիտարկման արդյունքները:
Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու պրակտիկան շարունակական է:
ԵՐԱՇԽԻՔԸ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է
ՀՀ Սյունիքի մարզում սահմանային բնակիչների բնականոն կյանքը խաթարվել է սահմանային գործընթացի, ադրբեջանական իրավական հիմքեր չունեցող ներկայության ու սահմանային բնակիչների իրավունքները խախտող արարքների պատճառով: Այս մասին նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով իր եւ նախագահի՝ Սյունիք կատարած այցին: Սահմանային բնակիչների իրավունքների գլխավոր երաշխիքը սահմանային անվտանգության ապահովումն է: Անվտանգության խնդիրների պատճառով սրվել են նաեւ սոցիալական հարցերը: Սյունիքի մարզի սահմանային համայնքներ Հանրապետության նախագահի եւ Մարդու իրավունքների պաշտպանի համատեղ այցի շրջանակում կարեւոր էր նաեւ նախագահի անդրադարձը այդ խնդիրներին, որը կներառվի անվտանգության գոտու առաջարկների մեջ: Սա այս համատեղ այցի գլխավոր նպատակն էր: Կձեռնարկվեն նաեւ միջոցներ, այդ թվում` համատեղ, որոնց նպատակն է արձանագրված մյուս խնդիրների լուծումը:
181 ՆՈՐ ԴԵՊՔ
Ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213469 դեպք, որոնցից 194900-ը` առողջացած, 4040-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13527 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 965692 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 2467 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Ունենք 820 առողջացած եւ 22 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1002 է: