Լուսանկարն արվել է Գյումրիում
Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզում տեղի ունեցած դանակահարությունների փաստով: Ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը մարմնի տարբեր հատվածներում ստացած սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 քաղաքացու:
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչո՞վ է բացատրվում բանկերում եւ փոխանակման կետերում փոխարժեքների էական տարբերությունները ԿԲ կողմից հրապարակված փոխարժեքներից:
Հարություն Մկրտումյան (31 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է ամեն օր՝ ժամը 15:45` հիմք ընդունելով տվյալ օրվա մինչեւ ժամ 14:30 ՀՀ ԿԲ հաշվետու սուբյեկտների կողմից իրականացված գործառնությունների միջին կշռված փոխարժեքը, որը, որպես կանոն, տարբերվում է առանձին բանկերի կողմից նշվող փոխարժեքներից: Բնականաբար, հաջորդ օրը եւս արտարժույթի շուկայում նոր զարգացումների արդյունքում հնարավոր են փոխարժեքի տատանումներ եւ շեղումներ արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքից, որոնք արդեն չեն կարող ազդել նախորդ օրվա հրապարակված գործող փոխարժեքի վրա:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ԿԲ կողմից արժութային շուկայում ձեւավորված դրամի միջին փոխարժեքը հրապարակվում է որպես հաշվարկային միավոր ՀՀ ԿԲ-ի համար եւ, ըստ ցանկության, կարող է օգտագործվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ բակալավրի կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար:
Նելլի Սամսոնյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրով բուհ ընդունվելու համար դիմորդը ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը` լուսանկարով տեղեկանք՝ ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ), 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի), անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական), անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք՝ ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին, արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր, միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ պետք է ներկայացնել նաեւ ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաեւ փաստաթղթերն ընդունելու եւ ձեւակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը: