ArmLur.am-ը ԱԺ անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ զրուցել է ՀՀ վարչապետի հրաժարականի, ԱԺ-ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին: Մենք փորձել ենք պարզել նաեւ՝ արդյոք իշխանությունը կգնա հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նորից վարչապետ կընտրի Նիկոլ Փաշինյանին, ու հարցը կհամարեն փակված:
-Թեժ քննարկվում է այն հարցը, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել, բայց շարունակելու է ժամանակավոր պաշտոնակատարը լինել վարչապետի, որը Սահմանադրությամբ արգելվում է: Նաեւ հստակ կա տեսանյութ, որտեղ Ն. Փաշինյանը 2018թ. հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանը չի կարող մնալ ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ Սահմանադրությունը թույլ չի տալիս: Հիմա ի՞նչ քայլ պետք է ձեռնարկի ընդդիմությունը: Դուք՝ անկախ պատգամավորներով, պատրաստվո՞ւմ եք ինչ-որ քայլեր ձեռնակրել հակասահմանադրական քայլը կանխելու համար:
-Առաջին անգամը չէ, որ վարչապետն ինչ ուզել, արել է՝ ինչ-որ չափով էլ շրջանցելով կամ ձեւակերպումներն այլ կերպ անելով: Նախօրեին առաջին նախագահն իր հոդվածում նշեց, կտեսնենք, թե դրանից հետո ինչ գործողություններ կանի վարչապետ, նոր կհասկանանք, բայց, միեւնույնն է, նա ինչպես ճիշտ է գտնում, այնպես էլ անում է:
-Ինչո՞ւ է նա որոշել մնալ ժամանակավոր պաշտոնակատար: Ի՞նչ է տալու դա իրեն եւ իշխանություններին:
-Չեմ կարող ասել, շատ բաներ կան, որ անհասկանալի են, թե ինչու է ինքն այդպես արել: Անհասկանալի է, թե ինչու են նախկինում իր կողմից հնչեչված բոլոր տեսակետների ձեւակերպումները փոփոխվում: Կսպասենք, կտեսնենք, թե ինչ արձագանք կլինի: Նա, այդ ամենը լսելով, կա՛մ պետք է արձագանքի՝ հակառակ փաստարկները բերելով, կա՛մ հրաժարվի, որ պաշտոնակատար է: Եկել, հասել ենք հանգուցալուծման փուլին, թող այս մի կետն էլ այնպես անցնի:
-Դուք հավատո՞ւմ եք այդ հանգուցալուծմանը: Օրինակ՝ ընդդիմությունն ասում է, որ իրենք չեն հավատում, որ Նիկոլ Փաշինյանը գնում է ընտրության, մտածում են, որ նա նորից կառաջադրվի վարչապետի պաշտոնում, ու նորից իրենք կընտրեն վարչապետ, ու կփակվի այս հարցը: Դուք հավատո՞ւմ եք, որ իշխանությունը գնում է ընտրությունների:
-Ես մեկ անգամ նշել եմ, որ, ոչ, չեմ հավատում, որովհետեւ մինչեւ երկրորդ անգամ Աժ-ում իրեն չընտրենք, ես չեմ հավատա: Ընդդիմությունն այլ բան է կարծում, ես մի փոքր այլ սցենարներ եմ մտածում: Չեմ ուզում հիմա բարձրաձայնել, բայց ինձ թվում է, որ ինչ-որ պրոցեսներ են կատարվում, որովհետեւ Սյունիքի մարզի դեպքերից հետո ինձ համար պարզ դարձավ, թե ընտրություններն ինչ ձեւով են անցնելու: Վարչապետն էլ դա տեսավ: Եթե տարբերակ գտնի դրանից խոսափելու, հաստատ կխուսափի:
-Ինչպե՞ս եք պատկերացնում ընտրությունները, այսինքն՝ ընդդիմությունը հաղթանակա՞ծ էր երեւում, տպավորություն էր, որ ժողովուրդն ըննդիմության կո՞ղմն է:
-Բացարձակ նման տպավորություն չկար, որ ըննդիմությունը հաղթանակած էր, ուղղակի երեւում էր, որ, նախ, շատ վատ քարոզարշավ է լինելու, ընտրություն, ապա՝ հետընտրական պրոցես: Այսինքն՝ երբ Սյունիքի մարզն այդպես է դիմավորում, ես էլ լինեի սյունեցի, նման կերպ կվարվեի: Ապագայում գնալու է Գյումրի, որտեղ գերիների ծնողների բողոքի ալիք կա: Շուտով քարոզարշավ է լինելու, ու նման արձագանքների մենք շատ ենք հանդիպելու, նույնիսկ կարող են լինեն բախումներ: Հնարավոր չէ Հայաստանով մեկ քարոզարշավ անել ոստիկանական զորքերի ուղեկցությամբ: Հնարավոր է 10 օր քարոզարշավ անել, դա ի՞նչ պատկեր է տալու մեզ. գաղջ, հիասթափություն, այսինքն՝ այդ տեսարանը տեսնող ժողովուրդը, մի քիչ կասկածում եմ, որ մեծ սրտով գնա ընտրության:
-Սխա՞լ էր սյունեցիների պահվածքը: Դուք ի՞նչ եք կարծում, պետք չէ՞ր նման ձեւաչափով դիմավորել վարչապետին:
-Դա արտահայտման ձեւ է: Եթե ես իմ տունը կորցրել եմ, ապա այդ հայհոյանքը պոռթկում է դիտվում, պարզ է, որ ես նման ձեւ կդիմավորեմ այդ մարդուն: Չի կարելի ասել՝ ամեն ինչ ընդդիմությունն է կազմակերպել:
ՀՅԴ-Ն ԵՎ ՀՀԿ-Ն ԼՌՈՒՄ ԵՆ
Armlur.am-ն արդեն տեւական ժամանակ է, շրջում է քաղաքական կուսակցությունների գրասենյակներով՝ պարզելու համար, թե ինչով են զբաղված կուսակցության ներկայացուցիչները, արդյոք եռուզեռ է կուսակցությունների գրասենյակներում՝ կապված հունիսի 20-ին հնարավոր կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների հետ:
Հայաստանի հանրապետական կուսակցությունում եռուզեռ էր, գրեթե կուսակցության բոլոր ներկայացուցիչները ՀՀԿ կենտրոնական գրասենյակում էին, բայց հրաժարվեցին մեզ հետո որեւէ բան խոսել:
ՀՀԿ-ականները մեզ հետ մասնավոր զրույցներում նշում էին, թե իրենք չեն կարծում, թե ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել: Ըստ ՀՀԿ-ականների՝ իրենք որեւէ դիրքորոշում կամ քայլ չեն ձեռնարկելու, մինչեւ պաշտոնապես չհայտարարվի, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են լինելու: Armlur.am-ը եղավ նաեւ «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության գրասենյակում, որի դռները փակ էին, մարդ չկար: Երբ փորձեցինք շենքի այլ գրասենյակների ներկայացուցիչներից պարզել, թե մշտապես է արդյոք կուսակցության գրասենյակը փակ, մի երիտասարդ կապ հաստատեց ՀԺԱՄ-ի նախկին ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանի հետ, որն էլ մեզ փոխանցեց, թե այդ պահին է կուսակցության գրասենյակը փակ, հաջորդ մեր այցին այն բաց կլինի:
Պարզվում է՝ Հայաստանում գոյություն ունի նաեւ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որի գրասենյակը գտնվում է Երեւանի Ձերափի փողոցում: Մեր այցի ժամանակ գրասենյակում ոչ ոք չկար՝ պարզելու համար, թե կուսակցության նպատակը որն է, կամ արդյոք պատրաստվում են մասնակցել Աժ արտահերթ ընտրություններին: Armlur.am-ը եղավ նաեւ Հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական գրասենյակում, սակայն այնտեղ էլ մեզ արգելեցին վերեւ բարձրանալ՝ հայտարարելով, թե իրենք ընտրություններին չեն պատրաստվում, քանի որ պաշտոնապես չկա նման տեղեկատվություն:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ՇԵՄԻՆ
Դատախազության համակարգը բարոյալքման շեմին է։ Իրավապահ այդ կառույցում առաջացած տարաձայնություններն օրենքի դաշտում չեն կարողանում լուծել, գործի են դնում բռունցքները։ 2 դատախազ ապտակ է ստացել։ ArmLur.am-ի տեղեկություների համաձայն՝ օրերս միջադեպ է եղել դատախազների միջեւ։ Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանն ապտակել է գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին: Ըստ մեր աղբյուրների՝ վեճի պատճառը Երեւանի դատախազության մի աշխատակցի հետ առաջացած խնդիրն է եղել: Բանն այն է, որ Բաղդասարյանը, որը Երեւանի նախկին դատախազն է եղել, համարվում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմը։ Նրա հարազատն է նաեւ Երեւանի գործող դատախազը, եւ նրանք արդեն սկսել են միմյանց հասկանալ։ Բայց սա դեռ ամենը չէ։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրերս էլ Գեղարքունիքի մարզի քննչական ծառայության պետ Կարապետ Համբարձումյանն է խոսակցություն ունեցել Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանի հետ, որից հետո քննչականի պետն ու դատախազը չեն հասկացել միմյանց, ու քննչականի պետը հարվածել է մարզի դատախազին: Ստեղծված իրավիճակի շուրջ մեկնաբանություն ստանալու համար ArmLur.am-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին. «Ոչնչից մոգոնված բացարձակ սուտը, ընդ որում՝ հիմար սուտը, մեկնաբանության ենթակա չէ. խոսքը վերաբերում է Ձեր կողմից նշված երկու այսպես կոչված լուրերին էլ: Նման ասեկոսեների տարածումը ընդամենը դատախազության անվան հետ խաղալու հերթական պրիմիտիվ հնարք ենք գնահատում»։ Իհարկե, պատասխանը շարադրանք է, բայց ոչ մի առարկայական հակափաստարկ։ Ողջ իրավապահ կառույցները քննարկում են դատախազների ծեծի դեպքերը։ Դատախազության համակարգը ավելի, քան երբեւէ, անվանարկված է։
ՃԱՆԱՊԱՐՀ ԵՆ ՓԱԿԵԼ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կախակն համայնքի բնակիչները երեկ առավոտյան փակել էին ճանապարհը: Նրանք պահանջում են՝ հիմնանորոգել իրենց միջհամայնքային ճանապարհը, որը դեռ խորհրդային տարիներից ի վեր չի նորոգվել. այն փոսառատ է, դժվարանցանելի, քանդված, եւ բնակիչները հաճախ խնդիրների առաջ են կանգնում: Փոսառատ ճանապարհի պատճառով գյուղի բնակիչների ավտոմեքենաները վնասվում են: ArmLur.am-ը խնդրի շուրջ զրուցեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ: Պարզվեց, որ մարզպետարանը բնակիչների՝ ճանապարհ փակելուց հետո է միայն փորձել խնդրին անդարադառնալ: Տեղեկացանք, որ տեխնիկա է տրամադրվելու ճանապարհը հարթեցնելու համար: Այս պահին բնակիչները բացել են ճանապարհը: Փաստորեն, մեր հանրապետությունում քաղաքացիների խնդիրները լուծվում են միայն ճանապարհ փակելուց հետո: ArmLur.am-ը հետեւողական կլինի՝ արդյոք Գեղարքունիքի մարզպետարանը կատարելու է իր տված խոստումը, թե ոչ: