ԹԵ ԻՆՉՊԵՍ ԲԱՅԴԵՆԸ ԿԱՏԱՐԵՑ ԽՈՍՏՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչպես Բայդենը կատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը՝ մի խոստում, որ ժամանակին դրժել էր Օբաման». ամերիկյան Politico հանդեսը նման խորագրի ներքո մի հոդված է հրապարակել, որում, հիմնվելով սեփական աղբյուրների վրա, մի շարք մանրամասներ է ներկայացրել Ջոզեֆ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին նախորդած իրադարձությունների վերաբերյալ։

 

Politico-ի տեղեկություններով` 2020 թվականի նախագահական ընտրություններից հետո Բայդենի թիմակիցները երկու անգամ հանդիպել են ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Առաջին հանդիպումը տեղի է ունեցել հին վարչակազմից նորին իշխանության փոխանցման ժամանակահատվածում, երկրորդը՝ արդեն Բայդենի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց։

«Երկրորդ հանդիպման ընթացքում պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը մասնակիորեն անդրադարձել է նաեւ ցեղասպանության խնդրին, սակայն խուսափել [դրա ճանաչման] հստակ խոստում հնչեցնելուց», – գրում է ամերիկյան պարբերականը՝ հիշեցնելով, որ տասնամյակների ընթացքում ամերիկահայերն այս հարցում բազմաթիվ անգամներ հուսախաբ են եղել։ Ամենաթարմ օրինակը 2009 թվականին էր, երբ նախագահ Բարաք Օբաման, չնայած քարոզարշավի ընթացքում հնչեցրած կոչերին, որոշեց չարտաբերել «ցեղասպանություն» բառը։ Politico-ի տեղեկություններով՝ Օբամայի այդ որոշման մասին Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչներին տեղեկացրել էր այն ժամանակ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ջոզեֆ Բայդենը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչումից Վաշինգտոնի հրաժարման դիմաց Թուրքիան խոստացել էր բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այն ժամանակ, սակայն, ըստ ամերիկյան պարբերականի, Բայդենի շրջապատում այս որոշումը մեծ ոգեւորություն չէր առաջացրել։ «Այդ հարցում մենք սխալ էինք»,- Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի հետ զրույցում ասել էր Սպիտակ տանը ազգային անվտանգության հարցերով զբաղվող պաշտոնյաներից մեկը։ Այդ պաշտոնյան ներկայիս պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր, որը 2009-ին զբաղեցնում էր փոխնախագահ Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը։ Ինքը Բայդենը նախագահական ընտրարշավ մուտք գործելուց հետո ցեղասպանության թեմային անդրադարձել էր 2019 թվականին՝ Բոստոնում կազմակերպված դրամահավաք- ճաշկերույթի ժամանակ։ Politico-ի զրուցակիցներից մեկը՝ Ամերիկայի Հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, պատմել է, որ Բայդենն այդ օրը մոտեցել է իրեն եւ ուղղակիորեն ասել. «Իհարկե, դա ցեղասպանություն էր»։

Politico-ն հատուկ ընդգծում է, որ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի առանց այդ էլ սառը հարաբերությունները ցեղասպանության պաշտոնական ճանաչման համար ավելի լայն հնարավորություն ստեղծեցին։ «Մինչ այդ Բայդենն արդեն իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանին ավտորիտար ղեկավար էր անվանել, անցած տարի էլ Միացյալ Նահանգները Անկարայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել՝ ռուսաստանյան արտադրության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար», – հիշեցնում է Politico-ն: Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի նկատմամբ ռուսական արտադրության C-400 (S-400) հակահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այս մասին հայտարարեց երկուշաբթի՝ ուշ երեկոյան՝ ընդգծելով, որ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախում են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության տնօրեն Իսմայիլ Դեմիրը եւ նրա երեք ենթակաները։ Պատժամիջոցների կիրառման առթիվ Twitter-ում արած գրառման մեջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեն անցած գիշեր նշում էր. «Չնայած մեր նախազգուշացումներին` Թուրքիան Ռուսաստանից գնեց եւ փորձարկեց C-400 համակարգերը։ Մենք չենք կարող հանդուրժել որեւէ մեծածավալ ձեռքբերում, որ կատարվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրից»։

Դրա հետ մեկտեղ պետքարտուղարը հատուկ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հակված է շարունակել ռազմատեխնիկական համագործակցությունը Անկարայի հետ։ Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցների անխուսափելիության մասին հայտնի դարձավ անցած շաբաթ։ Reuters գործակալությանն այդ մասին տեղեկացրել էին ամերիկյան կառավարությանը մոտ կանգնած միանգամից չորս աղբյուրներ։

Ն.Հ.

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Թաթուլ Ստեփանյանին Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Թ. Ստեփանյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ. ապրիլի 19-ին։ Ն. Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Սուքիասյանը նշանակվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ։ Ա. Սուքիասյանը նախկինում զբաղեցրել է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը:

 

 

ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը: «Չնայած ավելի վաղ արված պաշտոնական պարզաբանմանը՝ ի պատասխան հարցումների, որոնք շարունակում են ստացվել լրատվամիջոցներից, եւս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ ՉԿԱ

«Դա քաղաքական ճնշում չի կարելի որակել, քանի որ Էլիզաբեթ Պետրոսյանը ոչ միայն Սյունիքի նախկին մարզպետի կինն է, այլեւ ինքնուրույն սուբյեկտ է եւ առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար է»,- ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն՝ անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետի կնոջը նախօրեին ՊԵԿ քննչական կոմիտեում հարցաքննության հրավիրելուն։ «Բոլոր համընկնումները հանրությունը փորձում է մեկնաբանել քաղաքական ենթատեքստերի ներքո, իսկ հետաքրքրվե՞լ եք, նախկինում նշված անձինք հրավիրվե՞լ են հարցաքննության, թե ոչ։ Այո, հրավիրվել են»,-ասել է  ՊԵԿ նախագահը։ Ըստ վերջինիս՝ է. Պետրոսյանը նախօրեին հարցաքննվել է քրեական գործի շրջանակում, բայց թե ինչ գործի շրջանակում, ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը չի մեկնաբանել։

 

 

ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հայաստանի վիճակագրական կոմիտեն Հայաստանի տնտեսության ոլորտում մարտ ամսին բարձր ցուցանիշներ է արձանագրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մարտին, փետրվարի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.6 տոկոսով: Բայց հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, արձանագրվել է հակառակ պատկերը: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, նվազել է 2 տոկոսով, իսկ, ահա, գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 1 տոկոս: Փոխարենը 4.7 տոկոսով ավելացել են շինարարության ծավալները: Արձանագրենք նաեւ, որ առեւտրաշրջանառության ծավալներն են պակասել 5.6 տոկոսով: Սա, ըստ մասնագետների, մարդկանց գնողունակության անկման արդյունք է: Արդյունաբերության ոլորտում այս տարվա հունվար-մարտ ամիսներին եւս նվազում ենք արձանագրել. այս ոլորտում անկումը կազմել է 3.9 տոկոս: ArmLur.am-ը պաշտոնական տվյալներից տեղեկացավ, որ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում եւս անկում ունենք. այն կազմել է 4.4 տոկոս: Մասնավորապես, ներմուծման ծավալնելն են 8.7 տոկոսով պակասել, իսկ արտահանումն էլ ավելացել է 3.4 տոկոսով: Բացի այս, տեղեկացնենք նաեւ, որ սպառողական շուկայում այս տարվա երեք ամիսներին արձանագրված գնաճը կազմել է 5.2 տոկոս:

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ԴԻՐՔԵՐ

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ մոտ 400 մ իրենց դիրքերն առաջ բերած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր: Այս մասին ասել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը: Նա հաստատել է, որ ադրբեջանցիները մոտ 400 մ Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ են եկել, սակայն ապրիլի 27-ին, Արցախի Հանրապետության նախագահի միջամտությամբ, Պաշտպանության բանակի եւ խաղաղապահների բանակցությունների արդյունքում կրկին վերադարձել են ելման դիրքեր: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նույնպես հաստատել է, որ համապատասխան աշխատանք է տարվել, ինչի արդյունքում ադրբեջանցիները հետ են գնացել:

 

 

 

ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ

Պարտադիր ժամկետային զինծառայողները հրաժարվում են ստանալ իրենց ծառայության մեկնելու ծանուցագիրը եւ հայտնվում են մեղադրյալի աթոռին: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արսեն Մարանյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 13.07.2021թ. կցագրվել է ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Երեւանի թիվ 4 տարածքային ստորաբաժանումում եւ ենթակա է եղել զորակոչի 2019թ. ձմեռային զորակոչին, սակայն առողջական վիճակի բերմումով ստացել է տարեկետում մինչեւ 2020թ. ամառային զորակոչը, որի ընթացքում ներկայացել է տարածքային ստորաբաժանում, անցել համապատասխան հետազոտություններ, ԿԲՀ եզրակացությամբ ճանաչվել պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, հրաժարվել է ստանալ զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիր եւ խախտելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը՝ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2020թ. ամառային զորակոչից, այդ ծառայությունից ազատվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

 

 

ԹՈՐՈՍՅԱՆԸ ՃԻՇՏ ԷՐ

Շուրջ մեկ տարի առաջ հայ-վրացական հարաբերություններում խոշոր սկանդալ էր պայթել. Հայաստանի այն ժամանակվա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կասկածի տակ էր դրել Վրաստանի կառավարության կողմից տարվող հակակորոնավիրուսային քաղաքականության արդյունավետությունն ու ասել, որ չի հավատում վրացական իշխանությունների` վարակվածների մասով հնչեցրած թվերին` ակնարկելով դրանց խիստ նվազեցված լինելու մասին: Թորոսյանի այդ հայտարարությունը հանգեցրել էր նրան, որ Վրաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խիստ արձագանքեցին հայ պաշտոնյայի ասածին, իսկ հասարակական շրջանակներում նախարարի ասածը մեկնաբանվեց որպես մասնագիտական նախանձ՝ ուղղված հարեւան երկրի առողջապահական համակարգին: Ինչպես հիշում եք, սույն սկանդալից կարճ ժամանակ անց Վրաստանում համաճարակը ստացավ ահագնացող չափեր ու ստիպեց կառավարությանը գնալ երկիրը փակելու ճանապարհով: Վրաստանում սույն սահմանափակուները գործում են նաեւ այսօր, վարակվածների թիվն անցել է 300 հազարից, իսկ գրանցված մահացածները 4000-ից ավելին են:  Հայաստանում էլ կորոնավիրուսով վարակվածների ու համավարակից մահացածների թվերը շատ չեն տարբերվում, միայն մի տարբերությամբ, որ այս ընթացքում Հայաստանն անցավ պատերազմով, իսկ սահմանափակումները այդքան խիստ չէին։ Քանի որ Վրաստանում Արսեն Թորոսյանի ասածները լայնորեն լուսաբանվել ու քննարկվել էին, հիմա էլ նշմարվում է հակառակ գործընթացը, երբ Վրաստանում հասարակական որոշ շերտեր մեղադրում են իրենց երկրի ղեկավարներին ժամանակին իրականությունը թաքցնելու մեջ: Մտքեր են հնչում, որ հայերը ճիշտ էին ու ազնիվ իրենց քաղաքացիների հետ, եւ ենթադրում, որ անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին Վրաստանում վարակվածներն արդեն մեծ թիվ էին կազմում, սակայն դա կա՛մ չէր հրապարակվում, կա՛մ մարդիկ չէին թեստավորվում: Այն, որ Արսեն Թորոսյանը չպետք է նման հայտարարություն աներ, կասկածից վեր է, այլ պետությանը քննադատելը, մեղմ ասած, չէր կարող նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը, բայց արդյունքում պարզվեց, որ Թորոսյանը ճիշտ էր, վրացիները սխալվեցին։

 




Լրահոս