ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 2020թ. ապրիլի 28-ին Գավառի ճանապարհին տեղի ունեցած սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել:

 

Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ բուն սպանության գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել 6 անձ, իսկ, ահա, Գավառի հիվանդանոցի վրա հարձակման գործով զանգվածային անկարգություներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 19 անձի, եւ ինչպես հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն, գործը ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 28-ին Գավառի ճանապարհին հնչեցին կրակոցներ, ինչի հետեւանքով երկու անձ սպանվեց, որից հետո հաջորդեց վենդետան: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները Գավառի հիվանդանոցում հարձակում իրականացրած անձանցից 2 անձի նկատմամբ հայտարարել են հետախուզում: Հիշեցնենք, որ Գավառի ողբերգական դեպքը բավականին խորը արմատներ ուներ: Բանն այն է, որ ամիսներ առաջ միջադեպ էր եղել, անձինք էին ծեծվել, եւ, դատելով իրավիճակից, իրավապահները համարժեք գնահատական չէին տվել կատարվածին, ինչի արդյունքում էլ Գավառի ճանապարհին միջադեպի կողմերը որոշել էին հանդիպել, ու հնչեցին կրակոցներ, որի հետեւանքով երկու անձ զոհվեց: Կրակոցներից 2 ամիս անց առեղծվածային պայմաններում ավտովթարից մահացավ քրեական գործով մեղադրյալ Նարեկ Հովհաննիսյանը, որի համար Նորատուս համայնքի մոտ 287 բնակիչ ստորագրահավաք էին իրականացրել, որ նրան ազատ արձակեին, սակայն երիտասարդ տղան մահացավ ավտովթարից, եւ կատարվածը խիստ կասկածների տեղիք տվեց: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ են արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի եւ Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի եւ Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը եւ Զ. Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Այնուհետեւ սպանվածների հարազատներն ու ընկերները, տեղեկանալով, որ վերը նշված միջադեպի ժամանակ հրազենային վնասվածքներ ստացած անձինք բժշկական օգնություն են ստանում «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում եւ համոզված լինելով, որ նրանք են սպանել իրենց հարազատներին, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, հավաքվել են նշված բժշկական կենտրոնի բակում մոտակայքում բազմաթիվ անձանց հետ, ովքեր հայհոյանքներ հնչեցնելով, աղմկելով, վիրավորված անձանց հետ հաշվեհարդար տեսնելու, նրանցից վրեժխնդիր լինելու կոչերով փորձել են ներխուժել ոստիկանության ծառայողների հսկողության ներքո գտնվող տարածք՝ «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենք: Չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ տարածքն ազատելու, կուտակումներ չստեղծելու, բռնության կոչեր հնչեցնելը դադարեցնելու օրինական պահանջներին՝ մի խումբ անձանց հրահրմամբ սկսվել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մասնակիցները, վտանգելով հասարակական անվտանգությունը, բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քաշքշելով, հրելով նրանց, կոտրելով բժշկական կենտրոնի մուտքի դռներն ու պատուհանները՝ ներխուժել են ներս՝ ջարդել, վնասել ու ոչնչացրել են բժշկական կենտրոնին պատկանող տարբեր տեսակի գույքը, ինչպես նաեւ վնասել են բժշկական կենտրոնի բակում կայանված «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ եւ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռում գտնվող երկու շտապբուժօգնության ավտոմեքենաների անվադողերը՝ բժշկական կենտրոններին պատճառելով նյութական վնաս: Մասնակիցներից մեկը՝ Նորատուս գյուղի 35-ամյա բնակիչը, ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ կոտրել է նշված բժշկական կենտրոնի հիվանդասենյակների դռները եւ դրանցից մեկում հայտնաբերելով Դ. եւ Ա. Հայթյաններին, համոզված լինելով, որ վերջինս է սպանել եղբորը՝ վրեժխնդրության դրդումներով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով դանակով, այնուհետեւ բռունցքներով հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Վերջիններս, մտածելով, որ սպանել են, հեռացել են բժշկական կենտրոնից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 19 անձի, որոնցից 3-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 15-ին՝ 225-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով: 17 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 35-ամյա տղամարդու նկատմամբ՝ կալանավորումը:

Ք. Մ.

 

 

ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՅՑ՝ ՄԻՊ-ԻՑ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ զեկույցով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ, բազմակողմանի եւ անկախ ազգային հաստատությունների զարգացման եւ ուժեղացման վերաբերյալ հանձնարարականի քննարկմանն ուղղված բարձրաստիճան հանդիպմանը:

 

Հանդիպմանը, որը կազմակերպվել է Եխ-ում Գերմանիայի նախագահությամբ եւ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) կողմից, մասնակցել են եվրոպական մարդու իրավունքների ազգային հաստատությունների եւ Եվրոպայի խորհրդի մարմինների ղեկավարները, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ռոբերտո Սպանոն, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, Վենետիկի հանձնաժողովի եւ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի ներկայացուցիչները: Հանդիպման նպատակն է ուսումնասիրել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ համագործակցության եւ օժանդակության համատեքստում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ուղիները, ուժեղացնել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եւ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) դերը մարդու իրավունքների, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության խթանման եւ պաշտպանության ոլորտներում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է, որ հաստատությունը երրորդ կողմ է ներգրավվել ՄԻԵԴ-ում ներկայացված «Հակոբյանը՝ ընդդեմ Հայաստանի» գործով, որը բացառիկ պրակտիկա է եւ ներկայացվում է տարբեր երկրներում որպես միջազգային լավագույն փորձի օրինակ: Արման Թաթոյանը խոսել է նաեւ այն մասին, որ Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը դիրքորոշումներ է ներկայացնում Հայաստանին վերաբերող գործերով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե վճիռների կատարման վերաբերյալ՝ համագործակցելով նաեւ քաղաքացիական հասարակության գործընկերների հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել են ԵԽ հանձնարարականի կիրառման առանձնահատկությունները, մասնավորապես՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախ, արդյունավետ եւ բազմակողմանի աշխատանքի արդի մարտահրավերները:

 

 

 

ԵՂԲՈՐ ԳՈՐԾՈՎ ՎՃԻՌԸ` ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

ՀՀ վարչական դատարանը մայիսի 5-ին կհրապարակի Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ գործը քննելու է Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ` Գրիշա Հարությունյանի դուստրը` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարութունյանը: Լյովա Սարգսյանը, մայիսի 8-ին դիմելով դատարան, պահանջել է ստիպել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անվավեր ճանաչել 2019թ. ապրիլի 9-ի որոշումը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը «նախազգուշացում» վարչական տույժ է նշանակել հանրապետության երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանի նկատմամբ: Հայտարարագրերի էլեկտրոնային ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով հանձնաժողովը պարզել է, որ Լյովա Սարգսյանի 2018թ. պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, փոխկապակցված անձանց հայտարարագրերը հանձնված եւ հրապարակված հայտարարագրերի ցանկում չկան, ուստի պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության: Բայց այս գործում մեկ այլ հետաքրքիր հանգամանք կա. բանն այն է, որ Լ. Սարգսյանի հայցը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Այս դատավորը սովորական անձ չէ: Անի Հարությունյանի եւ Սերժ Սարգսյանի ընտանիքները բարեկամական կապի մեջ են: Դատավոր Անի Հարությունյանի հայրը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Գ. Հարությունյանը Հայաստանի պետական մարմիններում սկսել է աշխատել 1990-ական թվականների սկզբներին, երբ նշանակվել է հատուկ ծրագրերի վարչության ղեկավար, սակայն շատ կարճ ժամանակ անց նրա ղեկավարած վարչությունում չարաշահումներ են հայտնաբերվել, որոշ կասկածներ կային, որ դրանց առնչվել էր նաեւ Գրիշա Հարությունյանը, ինչի պատճառով էլ նրան հեռացրել են աշխատանքից:

Դրանից հետո Գրիշա Հարությունյանը երկար ժամանակ անհետացել է հորիզոնից եւ ընդհատակում մնացել մինչեւ 1994թ., երբ Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Հենց Սարգսյանի օրոք Գրիշա Հարությունյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության փոխնախարար: Գրիշա Հարությունյանը համակարգում էր բանակի տնտեսական հարցերը, սակայն ավելի ուշ այդ պաշտոնից եւս ազատեցին` չարաշահումների հետ կապված: Տարիներ հետո, դարձյալ Սերժ Սարգսյանի միջնորդությամբ, վերադարձել է ու հայտնվել, ոչ ավել, ոչ պակաս, ազգային անվտանգության փոխնախարարի պաշտոնում: Ավելին` բոլորին հայտնի է, որ Գրիշա եւ Միքայել Հարությունյանները ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռիներն են, իսկ Անի Հարությունյանը` նրա քեռու դուստրը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս