ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ ՏՈՒԳԱՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում է նաեւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: ArmLur.am-ն ուսումնասիրել է նախագիծը. առաջարկվող փոփոխությունները կապ ունեն ընտրական գործընթացների հետ: Հավելենք, որ նախագծի հիմնական զեկուցողը լինելու է պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածում առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով նախատեսվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիք համար եւս նախատեսել քրեական պատասխանատվություն:

 

Իսկ, ահա, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը եւ բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու դեպքերի համար:  Մասնավորապես, նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզարշավին մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որեւէ եղանակով խոչընդոտելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:

«Հոդված 149.2. Տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

  1. Նույն արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հոդված 8. Օրենսգրքի 163-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

Հոդված 163. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը

  1. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով»:

 

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ՈՉԻՆՉ ՉԻ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ

Հայաստանում ավտոմեքենաների պետհամարանիշների գողության դեպքերն ավելանում են, սակայն չեն բացահայտվում: Անհայտ անձինք գողանում են մեքենաների համարանիշները՝ ե՛ւ դիմացի, ե՛ւ հետեւի: Ի դեպ, այս խնդրի առաջ հիմնականում կանգնում են «գոլդ» համարանիշներ ունեցող մեքենաների վարորդները: Պետհամարանիշները գողանալուց հետո հանցագործները մեքենայի դիմապակու վրա թողնում են գրություններ եւ առաջարկում Viber-ով կապ հաստատել իրենց հետ, ապա պահանջում համարանիշների վերադարձի դիմաց կլորիկ գումար վճարել՝ լավ իմանալով, որ ճանապարհային ոստիկանությունը, ըստ օրենքի, միանգամից երկու պետհամարանիշները չի վերականգնում։ Այսինքն՝ վարորդները ստիպված են լինում իրենց սեփական համարանիշները կորելու դեպքում նորից վճարել ընդհուպ մինչեւ մի քանի միլիոն դրամ։

 

Սովորաբար վարորդները լուռ համաձայնում են գողերին վճարել պահանջվող գումարը, քանի որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերականգնում է միայն մեկ կորցրած համարանիշը։ Օրինակ` եթե գողացել են ձեր մեքենայի 30 LL 030 համարանիշը, որի համար նախապես մասնակցել եք աճուրդի եւ վճարել 300 կամ 400 հազար դրամ, իսկ դրա դիմաց գողերը պահանջում են վճարել 40-50 հազար դրամ, ապա դուք կնախընտրեք համագործակցել հանցագործի հետ, քանի որ, ըստ օրենքի, չեք կարող նույն համարանիշը կրկին ստանալ, իսկ «գոլդ» համար ունենալու համար ստիպված կլինեք դարձյալ մասնակցել աճուրդի եւ 300-400 հազար դրամ վճարել։ Վարորդները տեղեկացնում են, որ համարանիշիների համար գողերը պահանջում են վճարել նաեւ Bitcoin-ի միջոցով։ Վերջին տարիներին համարանիշի գողության դեպքերը Հայաստանում մեծ տարածում են գտնում, իսկ ՀՀ ոստիկանությունը, կարծես թե, ոչինչ չի ձեռնարկում դրանք բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ։ Այս մասին են խոսում նաեւ թվային տվյալները, որոնք, ի դեպ, մեզ են տրամադրել ՀՀ ոստիկանությունից: Այսպես, նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի գողության 319 դեպք, որից բացահայտվել է 31-ը, իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ մարտի 23-ը արձանագրվել է 156 դեպք, որից բացահայտվել է 3-ը։ Տպավորություն է, թե ոստիկանության որոշ օղակների գիտությամբ են թաղային գողերը վարորդների հաշվին բիզնես անում։ Արհեստավարժ գողերը լավ գիտեն, որ ավտոմեքենայի համարանիշների գողության դեպքերի մեծ մասը Հայաստանում չի բացահայտվում, ավելին՝ դրա համար դատ էլ չի հասնում, եւ, ըստ էության, դա է պատճառը, որ նրանք շտապում են թեկուզ «հավեսի համար» թռցնել «գոլդ» պետհամարանիշները: Իսկ եթե ավելի լուրջ, ինչո՞ւ պիտի Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետտուրք վճարի, նոր համարանիշ հանի, եթե դեպքը տեղի է ունեցել իր կամքից անկախ հանգամանքներում՝ գողացել են: Հայտնի է, որ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները ապահովագրված չեն գողություններից: Չնայած սրան՝ ոստիկանությունն այդպես էլ առարկայական քայլեր չի ձեռնարկում, իսկ տուժող կողմը ՀՀ քաղաքացին է:

ՀՀ կառավարության՝ 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման համաձայն՝ կորած զույգ համարանիշերի փոխարեն հատկացվում են թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր: Նույն որոշման համաձայն՝ տրանսպորտային միջոցի կորած համարանիշերի փոխարեն նորը տալու, ինչպես նաեւ նոր հաշվառման վկայագիր տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով (համապատասխանաբար՝ 12000 (տասներկու հազար) եւ 6000 (վեց հազար) դրամ), ինչպես նաեւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 40?1 հոդվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի հաշվառման գործողության համար` 5000 (հինգ հազար) դրամ։ Վերոնշյալ որոշման 12-րդ հավելվածի, 22-րդ եւ 23-րդ կետերի համաձայն՝ զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ: Մեկ կորած հաշվառման համարանիշի փոխարեն դրա կրկնօրինակը տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով՝ 12000 (տասներկու հազար) դրամ։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ենթակայությամբ  գործում է «Բերդ» պատմամշակութային արգելոցը, որի կազմում է Բերդ քաղաքի պատմության եւ կենցաղի թանգարանը։ Թանգարանը տեղակայված է Բերդ քաղաքի Սորանի բարձունքում։ Պատմության եւ կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանը հայտնեց, որ ստեղծվում է վերջին երեք տասնամյակների ընթացքում հանուն հայրենիքի նահատակվածների կյանքն ու հերոսամարտի դրվագներն ամփոփող արխիվ: 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմում խոշոր Բերդ համայնքից զոհվեց 30 հոգի, անհետ կորած են 3-ը, որից 2-ը՝ Բերդ քաղաքից, մեկը՝ սահմանամերձ Մովսես գյուղից։ Արթուր Երկանյանը հայտնեց, որ օրերս արխիվի ստեղծման աշխատանքների շրջանակում ներկայացվել են Բերդ համայնքից զորակոչված, արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված հերոսների լուսանկարները, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը, Բերդի համայնքապետարանի աշխատակիցներն այցելել, շրջել են թանգարանում: Թանգարանի տնօրենը հայտնեց, որ մտադիր է թանգարանում մի սենյակ վերանորոգել, այնտեղ ներկայացնել 1988 թվականից մինչ այժմ հերոսամարտի պատմությունը, հանուն հայրենիքի զոհվածներին, նրանց կյանքի պատմությունները։ Ա. Երկանյանն այժմ այդ աշխատանքներն իրականացնում է սեփական միջոցներով, սակայն մտադիր է հայցել Բերդի համայնքապետարանի եւ հովանավորների  ֆինանսական աջակցությունը։ Նրա խոսքերով՝ թանգարանում Բերդի տարածաշրջանի զոհված բնակիչների տվյալներից զատ հնարավորինս կներկայացվեն այդ տարածաշրջանից սերված, Հայաստանի այլ վայրերի բնակիչների կենսագրությունները, որոնք նահատակվել են ազատամարտում, նաեւ  Հայաստանի տարբեր վայրերի բնակիչների մասին տվյալներ, ովքեր զոհվել են Բերդի սահմանագոտին պաշտպանելու  ժամանակ։

 

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ՀԱՄԱՐ

«Տավուշ Հոլդինգ»  ՍՊԸ-ն Իջեւանի տարածաշրջանի  Աչաջուր համայնքի տարածքում  գնել է հողամաս, որի տարածքում է գտնվում նախկինում Իջեւանում գործած հանքային ջրի գործարանի ջրի  ակունքը։ «Իջեւանի գինու կոնյակի գործարան»   ՓԲԸ-ն  մտադրություն ունի  հանքային ջրի արտադրություն իրականացնել, որի հումքը պետք է լինի  նշված ակունքը։ 2019թ. փետրվարի 11-ին  Իջեւանի գինու, կոնյակի գործարանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան՝ ընդդեմ Աչաջուր համայնքի՝ հողամասի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջով։ Այդ քաղաքացիական հայցով երրորդ անձ է «Տավուշ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Դատարանը հայցը վարույթ է ընդունել, սույն քաղաքացիական գործով կայանում են նախնական դատական  նիստեր։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս