ՄԻՊ-Ն ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ՀՈՎՎԻ ՄԻՋԱԴԵՊԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Հայտարարության մեջ նշվում է. «Արավուսի հովիվին ադրբեջանցի զինծառայողների կողմից քաշքշելու եւ հարվածելու հանցավոր ոտնձգությունը հաստատում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը: Այս տեղեկությունից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես նախաձեռնել է փաստահավաք աշխատանքներ՝ Պաշտպանի աշխատակազմի Սյունիքի ստորաբաժանման ներգրավմամբ:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ ներկայացրած հովիվը տեղեկացրել է, որ 2021թ. ապրիլի 18-ին իր տանից շուրջ 500 մետր հեռավորության արոտավայրում արածեցրել է 14 խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներ: Ժամը 17-18-ի սահմաններում, երբ հովիվը գտնվել է ադրբեջանական զբաղեցրած դիրքից շուրջ 50 մետր հեռավորության վրա՝ դեպի Արավուս գյուղն ընկած տարածքը, իրեն են մոտեցել ադրբեջանցի 3 զինված ծառայողներ:

Ըստ հովիվի՝ ադրբեջանական զինծառայողները սկզբում զենքի ցուցադրումով սպառնացել են իրեն, իսկ այնուհետեւ նրանցից երկուսը քաշքշել են իրեն ու փորձել հարկադրաբար տեղափոխել ադրբեջանական զբաղեցրած դիրքի ուղղությամբ՝ դեպի խրամատը: Այդ ողջ ընթացքում ադրբեջանցի զինվորականներն անընդհատ հայհոյել ու սպառնացել են հովվին:

Այնուհետեւ, երբ տեսել են, որ հովվին օգնության են շտապում ՀՀ զինված ուժերի ծառայողներ, ադրբեջանցի զինվորականներից երրորդը հարվածել է հովվի աչքին՝ առաջացնելով կապտուկ, ու անմիջապես հեռացել են դեպի իրենց զբաղեցրած դիրքը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների ընթացքում պարզվել է նաեւ, որ ադրբեջանցի զինվորականները Արավուս գյուղի նույն հովվին նշված վայրում գոռգոռոցներով հայհոյանքներ են հնչեցրել նաեւ ապրիլի 20-ին՝ ժամը 19-ի սահմաններում, եւ տվել սպառնալիքներ հրազենի բացահայտ ցուցադրումով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաեւ միջադեպի վերաբերյալ Արավուս գյուղի ղեկավարի ահազանգը լրատվամիջոցներում:

Հովվի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ գյուղի այն բնակիչները, որոնք հովվին շտապել են օգնության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել են նաեւ, որ իրենք նույնպես լսել են ադրբեջանական զինվորականների գոռգոռոցներ, այդ թվում՝ այն, որ ադրբեջանցիներն իրենց զբաղեցրած դիրքից տեղաշարժվել են դեպի հովիվը:

Արավուս գյուղի ղեկավարը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ գյուղի մի շարք բնակիչների տներ ադրբեջանական դիրքերից նույնիսկ 500 մետրից էլ քիչ հեռավորության վրա են: Այս փաստն արձանագրել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրություններն այդ վայրում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ: Տեղի ունեցածն ակնհայտորեն հաստատում է ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ եւ միջազգայնորեն երաշխավորված իրավունքների կոպիտ խախտումները: Խոսքը վերաբերում է մարդկանց կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության եւ կենսական կարեւորության այլ իրավունքների մասին, իսկ կյանքի իրավունքի դեպքում՝ խախտման իրական վտանգի մասին: Այս միջադեպերն ակնհայտ հիմնավորում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկն այն մասին, որ ՀՀ քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ ստեղծվի անվտանգության գոտի: Սյունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ եւ համայնքները միավորող ճանապարհներին Ադրբեջանական զինվորականներ, ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն:

Այս միջադեպի մասին տեղեկությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առանձին կուղարկի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաեւ կներառի անվտանգության գոտու հայեցակարգում»։

 

 

 

 ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ ԵՆ

Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում մոտ 2000 հուշարձան վտանգի տակ է հայտնվել: Այս մասին ասել է Ղարաբաղի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը: Նա հավելեց, որ վտանգված է 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար, 4 մատուռ, 127 դպրոցական գրադարան, 10 պետական եւ 2 մասնավոր թանգարան: Նրա խոսքով՝ թշնամուն է անցել նաեւ Տիգրանակերտի հնագիտական թանգարան-արգելոցը, գորգերի թանգարանից ավելի քան 800 նմուշ: Բացի այդ, Բաքուն հետապնդումներ է սկսել հնագիտական պեղումների մասնակիցների նկատմամբ: «Այս տարածքներում Ադրբեջանը հայկական մշակույթի հուշարձանների կեղծման եւ ոչնչացման ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում: Նման գործողությունները կանխելու համար մենք աշխատում ենք Ռուսաստանի խաղաղապահների, ԱԳՆ-ի եւ միջազգային հանրության հետ, բայց այս ուղղությամբ դեռ շոշափելի արդյունքներ չկան: 2020 թվականի դեկտեմբերի 21-ին նախատեսվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցը Ղարաբաղ, սակայն Ադրբեջանը կանխեց դա»,- ընդգծել է Կարախանյանը: Նրա խոսքով՝ Բաքուն մշակութային ցեղասպանություն է իրականացնում՝ նշելով դրա դեմ ակտիվ, գրագետ տեղեկատվական քաղաքականություն վարելու կարեւորությունը:

 

595 ՆՈՐ ԴԵՊՔ

Ապրիլի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214064 դեպք, որոնցից 195701-ը` առողջացած, 4058-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13297 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 969969 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 4277 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 801 առողջացած եւ 18 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1008 է:




Լրահոս