Ռուսական «ծց-ՍՈ, Չրպ ՉՎպրՑպ!» նախագծի հաղթող է դարձել 28-ամյա Սյուզաննա Մելքոնյանը։ Երգչուհին որպես մրցանակ ստացել է 1 մլն ռուբլի, ինչպես նաեւ նրան հնարավորություն կընձեռվի ձայնագրել սեփական երգը։
Նշենք, որ իր առաջին ելույթի ժամանակ Սյուզաննան ստացել էր 100 ձայնից 99-ը։ Նա կատարել էր Roxette խմբի It must have been love ստեղծագործությունը, որով իր պաշտոնական էջում կիսվել էր խումբը։
ArmLur.am-ը զրուցել է Սյուզաննայի հետ, որը մեզ հետ զրույցում կիսվել է իր հաղթական էմոցիաներով:
«Իրականում շոկի մեջ եմ. ինչքան էլ հոգուս խորքում պատրաստվում էի հաղթանակին հենց մասնակցությանս առաջին իսկ վայրկյանից, այն, որ դու քո անունը տեսնում ես էկրաններին, որ բոլորը սպասում են սրտատրոփ քո հաղթանակին, դա լրիվ ուրիշ զգացողություն է, ուրիշ զգացողությունների տեղատարափ, որը ոչ մի զգացողության հետ երբեք չեմ կարողանա փոխարինել: Արդեն մի քանի օր է, ինչ հեռախոսս չի դադարում, զանգեր-զանգեր, եւ ես արդեն ֆիզիկապես չեմ հասցնում արձագանքել»,-նշում է մեր զրուցակիցը, որն այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:
Սյուզաննա Մելքոնյանը մեզ հետ զրույցում հուզմունքով նշում է, որ իր հաղթանակը նվիրում է արցախյան երկրորդ պատերազմում զոհված մեր տղաների վառ հիշատակին: Երգչուհու խոսքով՝ նրանց է պարտական իր հաղթանակի համար. «Միանշանակ ես նրանց եմ պարտական իմ հաղթանակի համար, Արցախին եմ պարտական, քանի որ առանց իրենց իսկապես անհնար կլիներ, մեզանից ոչ մեկը չէր կարող ապրել եւ շարունակել ստեղծագործել, պարզապես շատ կցանկանայի այս նախադասությունները հնչեցնել հենց բեմից, բայց, ցավոք, չստացվեց, քանի որ այնտեղ փոքրիկ նրբություն կար, որին հանդիսատեսը, ցավոք, տեղյակ չէր: Մենք բեմի վրա որեւէ խոսք ասելու իրավունք չունեինք, նախապես դա մեզ զգուշացված էր, հակառակ դեպքում ես մեծ հաճույքով կխոսեի մեր տղաների մասին»:
Ըստ Սյուզաննայի՝ նրա հետ մրցել են եւս մի քանի հայ ներկայացուցիչներ Սոչիից, որոնք բավականին ուժեղ մրցակիցներ են եղել:
«Ինձ համար մեծ պատասխանատվություն էր, որ կարողացա նման հզոր մասնակիցների մեջ հաղթանակ տանել: Այս մրցույթն իմ կյանքի բոլոր մրցույթնեից երեւի թե տարբերվեց նրանով, որ սկզբից մինչեւ վերջ չեմ դադարել պայքարել հաղթանակի համար: Իմ ամբողջ ուշադրությունը ուղղված է եղել լավ ներկայանալու վրա: Ես այս հաղթանակի համար պատրաստվել եմ գրեթե մեկ տարի, եւ կորոնավիրուսով պայմանավորված տեւական դադարից հետո նման բեմելն ինձ համար ուղղակի շլացուցիչ էր: Ինձ համար հպարտություն էր, երբ ժյուրիի բոլոր անդամները կանգնում էին եւ ինձ հետ միասին երգում, վայելում, իհարկե միայն մի ժյուրի չկանգնեց՝ Սաշա անունով, բայց դա ինձ չխանգարեց հաղթելու»,- հավելում է մեր զրուցակիցը:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ 12-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի կազմակերպմամբ եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 4-ից 22-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից՝ հավելելով, որ փառատոնի գլխավոր նպատակը հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն է ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը եւ պահպանումը:
«Փառատոնը նաեւ հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար: Փառատոնի համերգային երեկոներին հանդես են գալիս մենակատարներ արտասահմանից եւ Հայաստանից՝ ընդգրկելով իրենց երկացանկում հայ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Յուրաքանչյուր տարի փառատոնը նվիրվում էր հայ անվանի կոմպոզիտորներից մեկին: Այսպես, անցած տասը տարիների ընթացքում անցկացվել են հետեւյալ համերգաշարերը՝ Սարյան-ֆեստ (2010թ.), Բաբաջանյան-ֆեստ (2011թ.), Չուխաջյան-ֆեստ (2012թ.), Ռոմանոս Մելիքյան-ֆեստ (2013թ.), Տերտերյան-ֆեստ (2014թ., 2019թ.), Էդգար Հովհաննիսյան-ֆեստ (2015թ.), Միրզոյան-ֆեստ (2016թ.), Հարո Ստեփանյան-ֆեստ (2017թ.), Գրիգոր Եղիազարյան-ֆեստ (2018թ.), Ալեքսանդր Հարությունյան-ֆեստ (2020թ.)»,- ասվում է հաղորդագրության մեջ: Փառատոնի շրջանակում հրավիրվելիք համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան ջութակահար Հայկ Կազազյանը եւ թավջութակահար Արամ Թալալյանը։ Սիմֆոնիկ համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Ռուբեն Ասատրյանը եւ Վահագն Պապյանը։
ԿՀԵՌԱՆԱ ԱԿՈՒՄԲԻՑ
Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ներկայիս ակումբից, եթե թիմը մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի: Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների՝ պորտուգալացին կմտածի այլ ակումբներ տեղափոխվելու տարբերակները մրցաշրջանի ավարտին մոտ, երբ վերջնական տեսք կստանա մրցաշարային աղյուսակը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Ռոնալդուն կարող է նորից հանդես գալ Պրեմիեր լիգայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բացահայտ հետաքրքրվել Ռոնալդուի տրանսֆերով:
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷԻՆ
Հայաստանի ծանրամարտի եւ ըմբշամարտի հավաքականի անդամները հյուրընկալվել էին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայում: «Ուրարտու»- «Արարատ-Արմենիա» հանդիպմանը ներկա էին նաեւ ըմբշամարտի աշխարհի գավաթակիր Վազգեն Թեւանյանը, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանը, ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանը։ Մարզիկները շրջայց կատարեցին «Ուրարտուի» մարզաբազայում, ծանոթացան ակադեմիայի պատանի ֆուտբոլիստների հետ, ցույց տվեցին իրենց ֆուտբոլային ունակությունները։ «Ուրարտուի» ակադեմիայի սաները լուսանկարվեցին մարզիկների հետ եւ հաջողություն մաղթեցին առաջիկա կարեւորագույն մրցաշարերում։
ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԿԱԶՄՈՒՄ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկվել է France Football-ի Մունդիալի ընտրական փուլի խորհրդանշական թիմի կազմում: Խորհրդանշական թիմի կազմում ընդգրկված են դարպասապահ Թոմաս Շվեդկաուսկասը (Լիտվա), պաշտպաններ Միլան Շկրինիարը (Սլովենիա), Հարի Մագուայերը (Անգլիա), Կիրան Տիրնին (Շոտլանդիա), կիսապաշտպաններ Իոանիս Պիտասը (Կիպրոս), Տիգրան Բարսեղյանը (Հայաստան), Հանս Վանակենը (Բելգիա), Արիյան Ադեմին (Խորվաթիա), հարձակվողներ Անդրեաս Սկով Օլսենը (Դանիա), Ալեքսանդր Միտրովիչը (Սերբիա), Գորան Պանդեւը (Հյուսիսային Մակեդոնիա): Բարսեղյանը Մունդիալի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու կազմում մասնակցել է 3 խաղի, դարձել 2 գոլի հեղինակ եւ նույնքան արդյունավետ փոխանցում կատարել: