«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա ընտրությունների քարոզարշավի առումով Նիկոլ Փաշինյանը, «ոտուձեռ ընկած», մեխանիզմներ է մշակում: Նախ, իշխող ուժը, ըստ տեղեկությունների, զբաղվելու է բացառապես հակաքարոզչությամբ: Քանի որ հնարավոր ու անհնար ամեն ինչ ձախողել են, խոստումները չեն կատարել, ներկայանալու ոչինչ չունեն: Ուստի պիտի քար նետեն այլոց «բոստանը», հատկապես նախկինների: Սակայն Փաշինյանը սրանով չի բավարարվի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նա ընտրարշավի է գործուղելու մի քանի կեղծ ընդդիմադիր միավորներ՝ պայքարելու այն իրական ընդդիմադիր ուժերի դեմ, որոնցից շոշափելի վտանգ է զգում: Ընդ որում, այդ միավորներից յուրաքանչյուրն իր հստակ «թիրախն» է ունենալու: Օրինակ՝ արևմտյան ֆինանսավորմամբ ու ընդգծված արևմտյան կողմնորոշում ունեցող որոշ մարդ-կուսակցություններ «գործուղվելու» են բացառապես Ռոբերտ Քոչարյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար. առավոտյան քնից արթնանալուց հետո՝ մի հայտարարություն կամ հրապարակում երկրորդ նախագահի դեմ, հետո օրվա ընթացքում ռեժիմով՝ նույնը, քնելուց առաջ մի հատ էլ՝ «կանտրոլնի», իհարկե, ժողովրդական լեզվով ասած, ձեռքի հետ էլ «շառ անելով»: Ի դեպ այս միրավորներն այսօր արդեն զբաղված են դրանով:
Ընդ որում, նրանք արդեն իսկ շրջում են բնակավայրերով, 4-5 հոգով գնում են հանդիպումների, որոնց մասնակցում են իրենցից քիչ մարդիկ: Նրանք «մատի փաթաթան» են դարձնելու նաև Մարտի 1-ի թեման, որը նրանց համար միշտ եղել է հացուջրի միջոց: Հավելենք, որ Փաշինյանը հիմա մտածում է այդ միավորներից գոնե 2-3 դաշինք ձևավորելու հնարավորության մասին, որ համ իր ցանկությունները կատարվեն, համ էլ արևմտյան հայտնի «կենտրոնները» գոհ մնան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում