ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի տարրական դպրոցում այս պահին էլ թեժ իրավիճակ է: Մենք տեղեկացանք, որ դպրոցում դասապրոցեսը խաթարված է, ուսուցչական անձնակամզը հրաժարվում է աշխատել նորանշանակ տնօրեն Նազիկ Հովհաննիսյանի հետ:
Ավելին, դպրոցի ծնողները հրաժարվել են արդեն մի քանի օր իրենց երեխաներին դպրոց ուղղարկել, քանի որ ըստ իրենց դպրոցի տնօրենը նախկինում չարաշահումներ է իրականացրել, ապօրինի գումարներ հավաքել, ինչի համար իրենք որեւէ ցանկություն չունեն նույն տնօրենի հետ կրկին աշխատել: Հիշեցնենք, որ Նազիկ Հովհաննիսյանն ազատվել էր աշխատանքից, նորից մրցույթ էր նշանակվել ու կրկին նրան տնօրեն են «կարգել»:
Նշենք, որ Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի տնօրեն՝ 50-ամյա Նազիկ Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեջ։
Դպրոցում իրավիճակն այս պահին էլ լարված է ու տեւական ժամանակ է մենք փորձում ենք այս հարցերի շուրջ զրուցել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ, քանի որ դպրոցի անձնակազմի հավաստմամբ Հովհաննիսյանը Սանոսյանի հովանավորությամբ է կրկին հայտնվել տնօրենի պաշտոնում: Սանոսյանը կտրականապես մեզ հետ չի ցանկանում զրուցել ու կարծես, թե նպատակ էլ չունի մարզի դպրոցում առկա խնդիրը լուծել:
Մենք քիչ առաջ ենք զրուցել դպրոցի ծնողների, ուսուցչական անձնակազմի հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են պատրաստվում իրականացնել, մինչեւ երբ են պատրաստվում դպրոց չուղարկել իրենց երեխաներին: Ծնողները մեզ փոխանցեցին, որ բացառվում է, թե իրենք Նազիկ Հովհաննիսյանի ղեկավարած դպրոցում իրենց երեխաներին կրթության ուղարկեն:
Սոնա Գրիգորյան