Սադրանք հայ-հնդկական բարեկամության դեմ. ԱԳՆ-ն դատապարտում է Երևանի Գանդիի արձանի պղծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը.

«Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը:

Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:

Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»:

ՀՀ ոստիկանությունը ստուգել է Երևանում Մահաթմա Գանդիի արձանը հրկիզելու վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները: Արձանն ու պատվանդանը վնասված են: Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու որոշումը Երևան քաղաքի ավագանին կայացրել էր 2020 թվականի ապրիլի 28-ին: Որոշման կայացումից և արդեն 2021 թվականին արձանի տեղադրումից հետո հասարակական որոշ գործիչներ բողոքում էին նրա արձանը տեղադրելու դեմ՝ Գանդիին անվանելով հակահայ գործիչ:




Լրահոս