Նախադպրոցական կրթական ծառայությունների իրականացումը ենթակա կլինի լիցենզավորման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է նախադպրոցական կրթական ծառայության մատուցումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ Նախադպրոցական կրթության մասին օրենքով ՝ նախադպրոցական ցանկացած տեսակի կրթական ծրագրերը և նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: «Իրավիճակն այնպիսին է, որ առկա են բազմաթիվ կազմակերպություններ՝ հիմնական զարգացման կենտրոնների անվան տակ, որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայություններ (մոտավոր հաշվարկով շուրջ 300 հաստատություններ): Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշների, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում՝ զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ, որ օրինակ չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ և այլ խնդիրներ: Սակայն ԿԳՄՍ նախարարությունը չունի որևէ լծակ՝ օրենսդրության շրջանակում հարցերին պատշաճ լուծում տալու համար: «Այսպիսով մենք նախատեսում ենք, որ նախագծերի ընդունմամբ կունենանք լիցենզիայի պայմանների և պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ, և դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշներ՝ նախադպրոցական կրթական ծրագիր և ծառայություն իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար: Միաժամանակ կապահովվի պետտուրքերի գանձումը պետբյուջե՝ շուրջ 6 մլն դրամի չափով»,-ասաց փոխնախարարը:

Հաշվի առնելով, որ նախադպրոցական կրթական ծրագրի և ծառայության իրականացման համար նախատեսվում է տրամադրել մեկ լիցենզիա, պետական տուրքի չափը նախատեսվում է 20 հազար դրամի չափով:

Բոլոր գործող զարգացման կենտրոնների համար լիցենզավորման ժամկետ է սահմանված մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը:




Լրահոս