ԻՐԵՆՑ ՆԱԽԱԳԾԻ ՁԵՌՔԸ ԿՐԱԿՆ ԵՆ ԸՆԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը   կրակն է ընկել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ձեռքը: Բանն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե շատ դրական նախագիծ է, եւ բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակումը բերելու է նրան, որ քաղաքացիները խաղամոլությամբ չտարվեն, սակայն իրականում սահմանափակումներից հետո եռապատկվել է մոլախաղով զբաղվողների թիվը Հայաստանում։

Ու պարզվում է՝ ՀՀ կրթության, գիտության հանձնաժողովում գրեթե ոչ ոք ծանոթ չի եղել նախագծի բուն էությանը, բովանդակությանն ու ռիսկերին։ Եվ այդ պայմաններում նշված հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունել է, հետո հասկացել, որ դրա կիրառումն իրականում ու վերահսկողությունը անհնարին է: Հիմա չգիտեն՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Տեղեկացնենք, որ այսօր հանձնաժողովը նախագիծը պետք է երկրորդ ընթերցման ներկայացնի, բայց մենք տեղեկացանք, որ հանձնաժողովի նախագահը ու շատ անդամներ դեմ են, որ այն ԱԺ մեծ օրակարգ ներառվի երկրորդ ընթերցման ռեժիմով: Նշենք, որ մի խումբ լրատվամիջոցների խմբագիրներ առաջարկություններ են ուղարկել հանձնաժողովի ներկայացուցիչներին, որտեղ նշվել են այն փաստերը, ըստ որոնց՝ այդ նախագիծն անհնարին է ընդունել ու կիրառել: Հավելենք, որ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն է լինելու նախագծի ներկայացնողը կառավարությունից, որը, կարելի է ասել, սպասում է գործադիրի առաջարկին՝ նախագիծը ԱԺ-ից հետ կանչելու եւ շրջանառությունից հանելու համար: Նույն հաստատմանը սպասում է նաեւ հանձնաժողովը` նախագահ Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ: Տեսնենք՝ ինչով կավարտվի աղմուկ հանած օրենքի քննարկումը։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը նպատակ ունի առաջիկայում լուծարել Հայաստանում գործող բոլոր տեսչական մարմինները, քանի որ նրանց այդպես էլ չկարողացավ ենթարկեցնել: Եվ հիմա քանի որ բոլոր տեսչական մարմինները վարչապետին կից կառույցներ են, նա նաեւ նպատակ ունի դրանք տանել եւ միավորել նախարարություններին, ինչպես եղել է նախկինում: Նախարարները աշխատում էին, հետո իրենց նշանակած կադրը ստուգում էր նախարարության գործունեությունը։ Եվ հիմա Արսեն Թորոսյանը նպատակ է դրել ազատվել տեսչական մարմինների գրասենյակներից ու նոր ձեւավորվող տեսչություններում իրենց ցանկալի անձանց նշանակել։ Թե ինչով կավարտվեն աղմկահարույց պաշտոնյայի նկրտումները, դժվար է  ասել, սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավարը տվել է մեկնարկը:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ազատ արձակելու թեման կռվախնձոր է դարձել: Բանն այն է, որ նախաքննական մարմինների ղեկավարներն իշխանության ներկայացուցիչներին բացատրել են, որ իրենք ամեն ինչ անում են բողոքի ակցիայի մասնակիցներին կալանավորելու համար, սակայն դատարանները նրանց ազատ են արձակում: Իսկ, ահա, դատական համակարգն էլ իշխանություններին հասկացրել է, որ քննիչները լավ չեն աշխատել եւ կալանքի միջնորդությունների ժամանակ տեսանյութ չեն ցուցադրել, թե կոնկրետ բողոքի ակցիայի մասնակիցներից ով ինչ է անում, եւ ինչ հիմք կա նրանց կալանքի համար: Եվ, ահա, երբ դատավորներն ասել են՝ ապացույց բերեն, քննիչները բացատրել են, թե այս պահին չունեն տեսանյութ, իսկ, ահա, դատավորներին էլ այլ ելք չի մնացել, քան նրանց ազատ արձակել: Ասել է թե՝ Սյունիքի բողոքի ակցիաների մասնակիցներին չկալանավորելու գործում քննիչները մեղքը գցում են դատարանների վրա, իսկ դատավորներն էլ՝ քննիչների վրա: Եվ նաեւ դա է պատճառը, որ սյունեցիներին չկալանավորած դատավորների նկատմամբ գործընթաց է սկսվում: Նախաքննկան մարմինը շուրջ 35 հոգու էր ներկայացրել դատարան, որպեսզի նրանց երկու ամսով կալանավորեն, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնորդությունները: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սյունեցիներին կալանքի չտարած դատավորները հայտնվել են իշխանության սեւ ցուցակում:

 

 

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից լսողական սարքեր եւ հաշմանդամի սայլակներ տրամադրելու գործընթացում որոշ անհամապատասխանություններ են հայտնաբերվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին 2019 թվականի օգոստոսի 10-ին մահացել է, բայց երկու օր անց «Պլանտա Սանա» ՍՊԸ-ից ստացել է թվով 2 հատ «պրոթեզի կոշիկներ»՝ 27 հազար դրամ արժողությամբ: Բացի այս, պարզվել է, որ Պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաների տրամադրման տեղեկատվական ենթահամակարգում կա շահառուի կողմից 2019 թվականի օգոստոսի 12-ին (երբ մահացած է եղել) լրացված դիմում՝ աջակցող միջոց ստանալու վերաբերյալ, եւ շահառուի անձնական քարտ: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ արձանագրվել է թվով 67 դեպք, երբ շահառուները աջակցող միջոցները ստանալիս, ըստ համակարգի տվյալների, բացակայել են ՀՀ տարածքից: Մասնավորապես, թվով 40 շահառու, որոնք ՀՀ սահմաններից դուրս են եկել մինչեւ 2019 թվականը, նշված տարեթվին ստացել են աջակցող միջոցներ: Իսկ թվով 27 շահառու, որոնք 2019 թվականի ընթացքում կատարել են սահմանահատումներ, աջակցող միջոցները ստանալու օրվա դրությամբ չեն գտնվել ՀՀ տարածքում:




Լրահոս