Կարևոր է, որ Հայաստանում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն ազատ և օրինական։ Այդ մասին «Իզվեստիա»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որը Կազանում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
«Կարևոր է, որ ընտրություններն ազատ լինեն, և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան օրինականության ու ազատ կամարտահայտության պայմաններում ընտրել նոր խորհրդարան», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ի պատասխան հարցի՝ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ինքը տարաձայնություններ չունի և չի ունենա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և իր քաղաքական թիմի այլ անդամների հետ։ Փաշինյանը շեշտել է, որ ինքն ու Ավինյանը քաղաքական համախոհներ են:
Խոսելով ընտրություններից հետո Երևանի եւ Մոսկվայի միջև հարաբերությունների հեռանկարների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը պետք չէ նույնիսկ քննարկել։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները եղել են, կան և կլինեն լավը», – ընդգծել է նա: