ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ապրիլի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսիեին, Ֆրանսուա Պուպոնիին, Վալերի Բուայեին, Մարգրիտ Դըպրե-Օդըբերին և Քսավիե Բրետոնին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Արա Այվազյանը գոհունակություն է հայտնել հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության և հայ-ֆրանսիական բարեկամության օրակարգը հետևողականորեն առաջ մղելու գործում ֆրանսիացի խորհրդարանականների ունեցած մեծ ավանդի և հետևողականության առնչությամբ: Նախարարի պաշտոնակատար Այվազյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին ֆրանսիական կողմից նման բարձր ներկայացվածությունը համամարդկային արժեքներին և արժանապատվությանը Ֆրանսիայի աներեր հանձնառության վերահաստատումն է:
«ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Ֆրանսիայի ԱԺ ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Բարձր գնահատվեց խորհրդարանական հարթակում ձևավորված սերտ համագործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Այս համատեքստում Արա Այվազյանը խորհրդարանականների ուշադրությունը հրավիրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների և դրանց հասցեագրման հրատապության վրա:
ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի խորհրդարանականներին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած շրջանում արցախահայությանն աջակցելու համար: