ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ՝ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի նախկին  պատգամավոր Անահիտ Բախշյանը չի ցանկանում, որպեսզի իշխանության հետ գան նախկինները, հատկապես՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա անդրադարձավ նաեւ Սյունիքում տեղի ունեցած դեպքերին, երբ Նիկոլ Փաշինյանին այնտեղ դիմավորել էին «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկումներով: Բախշյանի խոսքով՝ այժմ Հայաստանի համար նոր դեմքեր եւ ուժեր են պետք, որոնք կկարողանան փոփոխություններ կատարել:

 

-Տիկի՛ն Բախշյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում էր, նրան ընդունեցին հայհոյանքներով, «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկումներով, որից հետո բերման ենթարկվեցին նրանք, որոնք սատարել ու մասնակցել էին հավաքին: Ի՞նչ դիրքորոշում ունեք:

-Այդ երեւույթը, ինչ տեղի ունեցավ Սյունիքում, երկու կողմից էլ անթույլատրելի ու աններելի էր: Առաջին՝ վարչապետը ոչ միայն իրավունք ունի, այլ նաեւ պարտավոր է գնալ Հայաստանի ցանկացած մարզ եւ կետ, եւ որեւէ մեկը իրավունք չունի փակել: Ուրիշ բան է, որ  այս ժողովուրդը ընդվզում է, հարց ունեն, անհամաձայնություն ունեն վարչապետի հետ, կարող են գնալ, դիմացը կանգնել, խոսել: Նույն Քաջարանում, Կապանում դիմացը կանգնեն եւ ասեն, բայց հայհոյանքները, այդ ագրեսիվ պահվածքը ես չեմ հասկանում: Այսինքն՝ իմ ասածից չի հետեւում, որ մարդիկ իրավունք չունեն բողոքելու, ոչ, իրենք պարտավոր են ասել, թե ինչի հետ են համաձայն, եւ ինչի հետ՝ ոչ, բայց այդ վարքագիծն ուղղակի անթույլատրելի է:

-Պե՞տք է իշխանությունը նման անձանց պատժի:  

-Ոչ: Ի դեպ, 3 տարի առաջ՝ այս օրերին, ամբողջ հայ ժողովուրդը գոռում էր «մերժի՛ր Սերժին», նույն բանն էլ Սերժն էր անում:  Այն ժամանակ էլ տանում, պատժում էին: Փաշինյանն  իր գրքում ասում էր, թե հեղափոխություն անողը երբեք չպետք է անի այն, ինչի համար հեղափոխություն է արել: Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն բաներն է անում, եւ ովքեր ընդզվել են, դժգոհում են, նրան հրավիրել կամ ոստիկանություն տանել, ես ուղղակի չեմ հասկանում՝ սա ինչ է նշանակում:

-Ըստ Ձեզ՝ պատերազմից հետո Փաշինյանը պե՞տք է հրաժարական ներկայացներ:

-Որպեսզի այդ հարցին պատասխանես, պետք է լինես զինված քաղաքականությամբ, եւ դա քեզ իրավունք տա ասելու: Որոշ պահերին ես ինքս էլ ասել եմ, բայց դա չի նշանակում, որ իմ ասածը վերին ճշմարտություն է: Բայց այն, որ մենք ինչ կորցրեցինք պատերազմի ժամանակ, մեզ հավասարակշռությունից հանում է: Մենք չենք կարողանում հանգստանալ եւ աջուձախ փնտրում ենք մեղավորների: Բայց երկու կողմն էլ, ներառյալ ես, իրավունք չունենք հապշտապ բաներ ասելու: Ես քաղաքականապես այն գրագիտությունը չունեմ, որ կարողանամ հիմնավորել՝ ինչու հեռանա կամ ինչու չհեռանա:

-Նախկինների վերադարձ պե՞տք է, թե՞ ոչ:

– Ես էլ չեմ ուզում, որ նախկինները վերադառնան: Ես ուզում եմ, որ նոր, թարմ դեմքեր գան եւ համախմբվեն, ու նորովի իշխանություն ձեւավորվի: Նախկիններին՝ ոչ մի դեպքում, հատկապես Քոչարյանին՝ ոչ մի դեպքում: Երբ ես որոշ դեպքերում Նիկոլ Փաշինյանին քննադատում եմ, ինձ գրում են. «Մոռացե՞լ ես, որ Քոչարյանը քո ամուսնուն սպանել է»: Իհարկե չեմ մոռացել, նրա վերադարձ՝ ոչ մի դեպքում: Ես չեմ  հավատում, որ նրա ռեյտինգը բարձրացել է:

-Տիկի՛ն Բախշյան, իսկ ո՞ւմ եք տեսնում, որ կարող է այս իրավիճակում գալ եւ երկիրը փրկել:

-Այսօր նման ուժ չեմ տեսնում, բայց տեսնում եմ, որ կան երիտասարդ մարդիկ, կարող մարդիկ, սակայն նրանց պետք է կարողանանք հայտնաբերել, իրենց ձգենք, քաշենք եւ բերենք, ձեւավորենք նոր խորհրդարան ու նոր իշխանություն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ԽԻՍՏ ՊԱՏԻԺՆԵՐ՝ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Իշխանությունները նախատեսում են նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու համար ավելի խիստ պատասխանատվություն սահմանել։ Խորհրդարանում երեկ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ու ընդունվեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու կից ներկայացված օրենքներում փոփոխությունների եւ լրացումների փաթեթը:

 

Առաջարկվող փոփոխությունների փաթեթի հեղինակը «Իմ քայլ»-ից Վահագն Հովակիմյանն էր, որն ընդգծեց, թե այս նախաձեռնությամբ փորձ է արվում նախեւառաջ կանխել խախտումները, իսկ խախտելու դեպքում պատիժն ավելի խիստ կլինի, քան նախատեսում է գործող օրենքը։

Քրեական օրենսգրքի փոփոխություններից մեկով էլ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար եւս նախատեսել քրեական պատասխանատվություն:

Ըստ իշխանական պատգամավորի՝ ներկայիս Քրեական օրենսգրքում բացեր կան նաեւ ընտրակաշառքի մասով։ Մասնավորապես, առաջարկվում է վերանայել ընտրողներին կաշառելուն առնչվող դրույթը. փոփոխությունը ենթադրում է, որ ցանկացած անձ քրեական պատասխանատվության կենթարկվի ընտրակաշառք առաջարկելու դեպքում։

Իշխանությունում վստահ են՝ այս կարգավորումներն էական ազդեցություն կունենան առաջիկա արտահերթ ընտրությունների վրա։

«Կարող եմ գրազ գալ Ձեզ հետ, պարո՛ն Հովակիմյան, որ այս փոփոխությունները իրականացնելուց հետո այս խախտումները տեղ են գտնելու ընտրական գործընթացի ժամանակ, ընտրությունների օրը», – ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Որեւէ կուսակցությունում չընդգրկված ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կասկածի տակ է դնում օրենսդրական այս փաթեթը՝ շեշտելով՝ «Իմ քայլը» ոչինչ չարեց, որպեսզի նախկին իշխանությունը, պատգամավորի խոսքով, այսօր օրակարգ չթելադրի:

«Դուք ուղղակի չգիտեք ձեր գլխի գալիքը, եւ թե ինչ արհավիրք եք բերել: Մենք հիմա խելոք նստել մտածում ենք՝ էլ ինչ անենք, որ Քոչարյանին ու նրա մյուս դավաճան գործակիցներին ու հանցակիցներին թույլ չտանք, որ ընտրությունների վրա կարողանան հնարավորինս քիչ ազդեցություն գործել: Ես հեռու եմ այն մտքից, որ այս փոփոխություններով մեզ հաջողվելու է հիմնարար լուծումներ գտնել ընտրական պրոցեսը ազատ, արդար եւ թափանցիկ, ինչպես Դուք էիք նշում, անցկացնել», – նշեց Բաբաջանյանը:

 

 

 

ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Անկախ պատգամավորները դիմել են ԱԺ խոսնակին էթիկայի հանձնաժողով ստեղծելու խնդրանքով՝ կապված Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի՝ Սյունիքի մարզի բնակիչներին ուղղված հայտարարության կապակցությամբ: Այս մասին ապրիլի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը: Նա պարզաբանեց, որ Հակոբյանը խախտել է մի շարք օրենքներ, եւ այդ կապակցությամբ որեւէ արձագանք չի եղել: Պատգամավորը հիշեցրեց, որ երբ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչը անհարգալից արտահայտություն արեց ժողովրդի մասին, էթիկայի հանձնաժողով ստեղծվեց: «Ինչո՞ւ հիմա նույնը չանել: Ըստ էության, Սյունիքում իշխանության համար կան նախընտրելի եւ ոչ նախընտրելի մարդիկ. ամեն ինչ կախված է կոնկրետ անձի քաղաքական հայացքներից»,-ասաց Գրիգորյանը:   Հիշեցնենք, որ Հակոբյանը Փաշինյանի՝ Սյունքի կատարած այցից հետո աջակցել էր իրավապահների կոշտ վերաբերմունքը՝ հայտարարելով. «Իհարկե, պետք է բերման ենթարկվեն՝ այդպես ստորանալով»:

 

 

ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի դիտարկել եւ չի քննարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը՝  պարզելու իշխող «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջարկված Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի՝ Սահմանադրության պահանջների համապատասխանության հարցը: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում  ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նշենք, որ այդ նպատակով «Բարգավաճ Հայաստանին» խորհրդարանականների 27 ձայն անհրաժեշտ կլինի, որը կուսակցությունը չունի: ԲՀԿ-ն իր տրամադրության տակ ընդամենը 23 ձայն ունի: Այսպիսով, եթե «Բարգավաճ Հայաստանը» որոշի դիմել Սահմանադրական դատարան, ապա կունենա «Լուսավոր Հայաստան»-ի աջակցության կարիքը: Ընդդիմության երկու խմբակցություններն ունեն ընդամենը 40 պատգամավոր: Հիշեցնենք, որ փոփոխությունների բուն էությունը ընտրական քարոզարշավի անցկացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության սահմանումն է: Ինչպես արդեն նշել են փորձագետները, իշխանությունները հապճեպ կերպով փաթեթ են նախապատրաստել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ձախողումից հետո, որի բնակիչները նրան վռնդել էին՝ մեղադրելով դավաճանության համար:

 




Լրահոս