ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՄԵՐԻՏՈԿՐԱՏԻԱՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսն այլեւս անիմաստ է համարում իշխանությունների հետ երկխոսությունը: Սակայն Կոնգրեսը վերջնականապես չի այրում կամուրջները. իշխանությունների կողմից երկխոսությունը վերսկսելու խնդրանքով դիմելու դեպքում իրենք պատրաստ են քննարկել այն: Երեկվա հանրահավաքին Լեւոն Զուրաբյանը, անդրադառնալով կոալիցիոն պատվիրակության նախօրեի հայտարարությանը, թե իրենք կվերսկսեն երկխոսությունը միայն շուրջօրյա «անօրինական հանրահավաքները» դադարեցնելուց հետո, հրապարակեց իրենց պատասխանը. «Ներկա պահին այլեւս անիմաստ ենք համարում նման իշխանության հետ որեւէ երկխոսություն եւ մեր առջեւ դրված խնդիրների լուծումն այսուհետեւ տեսնում ենք միայն ժողովրդի մոբիլիզացիայի եւ մեր զանգվածային միջոցառումների ակտիվացման մեջ: Ընդհատված երկխոսության վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն իշխանությունների նախաձեռնությամբ, եթե նրանք համապատասխան խնդրանքով դիմեն մեզ: Այդ դիմումը մենք կքննարկենք եւ կորոշենք` ընդառաջել, թե ոչ նշված խնդրանքին»: Մեկ այլ հայտարարություն էլ ընդունել էր Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն Շմիդտի՝ Լ.Տեր-Պետրոսյանի հասցեին արած արտահայտություններ առնչությամբ: Դավիթ Շահնազարյանի ներկայացմամբ՝ դեսպանն իր սկանդալային խոսքերից հետո պարզաբանում է տվել ու ոչ միայն կրկնել ասածները, այլեւ պնդել, թե ինքը ճիշտ է վարվել: Ընդգծելով, որ դեսպանը դուրս է գալիս դիվանագիտական էթիկայի սահմաններից, նա ասաց, թե այդ պահվածքը Կոնգրեսը համարում է «կոպտագույն միջամտություն Հայաստանի ներքին գործերին եւ բացահայտ աջակցություն Հայաստանի հանցավոր ռեժիմին»։ Նա նաեւ հրավիրեց Գերմանիայի կառավարության ուշադրությունը. «Վստահ ենք, դեսպանի պահվածքը չի արտահայտում Գերմանիայի կառավարության դիրքորոշումը եւ թելադրված է այլ դրդապատճառներով»։ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը նվիրված էր իշխանության գալու դեպքում կադրային քաղաքականությանը: Նա վստահեցրեց, որ Կոնգրեսը, իսկ դրանից առաջ իր նախընտրական դաշինքը հիմնված չեն եղել գործարքի վրա: Իսկ իր հետ հանդիպումներում Կոնգրեսի անդամ կուսակցություններից որեւէ մեկի ղեկավարը չի բարձրացրել պաշտոնի հարց: Բացառություն են կազմել երկու հոգի, որոնցից մեկն այդպես էլ չմիացավ իրենց նախընտրական դաշինքին, իսկ մյուսն էլ մասամբ միացավ, եւ հետո չանդամակցեց Կոնգրեսին: Սակայն նա չտվեց այդ մարդկանց անունները: «Ես, անգամ հանուն մեր հաղթանակի, երբեք չեմ գնա այդպիսի գործարքի»,-ասաց Տեր-Պետրոսյանը: Ըստ առաջին նախագահի՝ գործարքի գնալու ցցուն օրինակ ԱԽՔ-ն է, որը փետրվարի 29-ին Ս.Սարգսյանի հետ կոալիցիա կազմեց: «Ս.Սարգսյանն ու Ռ.Քոչարյանը համարեցին, որ իրենք արդեն լիովին լեգիտիմ իշխանություն են եւ հանգիստ կարող են գնդակոծել ժողովրդին»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ ամենի դիմաց ԱԽՔ-ը վարձատրվեց՝ վերադարձավ կոալիցիա, ստացավ պաշտոններ. «Պետության հաշվին, ժողովրդի գրպանի հաշվին իրենք իրականացրին նենգագույն գործարքը»: Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա ըստ նրա՝ դա բարդ է եւ պետք է ունենալ տրադիցիաներ: Ըստ Տեր-Պետրոսյանի՝ սովորաբար այդպիսի խնդիր չեն ունենում այն ժողովուրդները, որոնք ունենում են մի քանի հարյուր տարվա անընդհատ պետականություն, իսկ Հայաստանը պետականություն չի ունեցել: Ըստ նրա՝ եթե մերիտոկրատիան նախկինում եղել է թագավորների, կայսրերի կամքով, այժմ իշխանությունն ընտրվում է ժողովրդի կողմից: «Ում ընտրում եք՝ նրանք էլ դառնում են ձեր պաշտոնյաները: Միեւնույն է, ինչ իշխանություն էլ ընտրեք, գալու է մի պահ, որ մենք չենք բավարարելու ձեր բոլոր պահանջները: Բայց եթե անգամ կարողանանք լուծել մեկ խնդիր (եւ ես վստահ եմ, դա մենք լուծելու ենք), եթե կարողանանք անցկացնել արդար ընտրություններ, երբ մեզանից դժգոհեք, այդ ժամանակ կկարողանաք մեզանից հեշտությամբ ազատվել: Ահա այսպիսի երկիր եմ ես երազում: Ես ուզում եմ սա ամրապնդել մի տրիվիալ արտահայտությամբ, որը շրջանառվում է քաղաքագիտության մեջ. դեմոկրատիան ոչ թե լավ իշխանություն ձեւավորելու գործիք է, այլ վատ իշխանությունից ազատվելու միջոց, որը չենք կարողանում այսօր կիրառել»,-ասաց նա:Հ.Գ. Հանրահավաքի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու Լիբանանի ԱԺ նախագահ Նաբիհ Բըրին, ինչպես նաեւ իշխանական պատգամավորներն Օպերայի շենքում համերգ էին ունկնդրում:ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս