Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին հետապնդում է ինչպես անցյալը, այնպես էլ ներկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս խոսքերով է բրիտանական The Economist պարբերականի խմբագրականն անդրադարձել երկու երկրների միջև հարաբերություններին՝ փաստելով, որ Թուրքիան և Հայաստանը հաշտեցման նշաններ ցույց չեն տալիս:
Պարբերականը հիշեցրել է, որ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն իրականացվեց հայերի դեմ, իսկ մի քանի ամիս առաջ Թուրքիան, որն Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, օգնեց Ադրբեջանին հաղթելու հայերի դեմ սանձազերծված պատերազմում:
The Economist-ը նշում է, որ թեպետ թուրքական պաշտոնական շրջանակները վերջին ամիսներին խոսում են հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր նոր շրջափուլի մեկնարկի մասին, սակայն նրանց գործողությունները հակառակն են ապացուցում:
Պարբերականը մեջբերել է մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից մի հատված, որտեղ գործադիրի ղեկավարը նշել էր, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների վերաբացումը կթուլացնի լարվածությունը: Նա նաև նշել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Այդուհանդերձ, The Economist-ը գրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները խոսում են հակառակի մասին: «Ադրբեջանում հաղթանակի զորահանդեսի ժամանակ Էրդողանը գովասանքի խոսքեր ասաց Էնվեր փաշայի հասցեին, որը ցեղասպանության ճարտարապետներից մեկն է: Իսկ Ալիևը վերջերս բացեց զարհուրելի՝ ռազմական ավարի թեմատիկ պուրակը, որտեղ ցուցադրված են վիրավոր հայ զինվորների մանեկենները՝ ծուռ քթերով և գրոտեսկային դեմքերով, ինչպես նաև պատերազմում սպանված հայերի սաղավարտները: Թե ինչպես է նման ցուցադրությունը համադրվում Ադրբեջանի խաղաղության առաջարկների հետ, կարելի է միայն կռահել: Իսկ այն, ինչ առաջարկում են Էրդողանն ու Ալիևը Հայաստանին, նման է ոչ թե ձիթենու ճյուղի, այլ սեփական պարտությունն ընդունելուն»,- գրել է բրիտանական պարբերականը: