Ապրիլի 26-ին հեռախոսազրույց էր տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ իրավիճակն արցախյան գոտում: Ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքերում շրջանառվեց տեղեկություն, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ Արցախի հարցի վերաբերյալ համատեղ նախաձեռնության մասին հայտարարությամբ: Ինչ նախաձեռնության մասին կարող է լինել խոսքը կամ նախաձեռնությունների, եւ, ընդհանրապես, եղել է իրականում այդպիսի պայմանավորվածություն, թե ոչ, պարզ չէ. գոնե առայժմ չկա պաշտոնական մեկնաբանություն կամ հաստատում:
Մակրոն-Պուտին հեռախոսազրույցն արդեն իսկ բավականին ուշագրավ է այն ֆոնին, որ ձեւավորվեց ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի շուրջ: Նույն օրը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ շնորհակալական ուղերձով դիմեց ԱՄՆ նախագահին, ինչը եւս աննախադեպ ու հետաքրքիր էր: Այդ ամենը՝ իհարկե որոշակի հարաբերականության եւ պայմանականության համատեքստում, սակայն շատ ուշագրավ էր Երեւանում տեղի ունեցած հանդիպումը, երբ Ֆրանսիայի փոխարտգործնախարար, ԱԳՆ պետքարտուղար Լըմուանը հանդիպեց հայ ռազմագերիների ծնողներին:
Ահա այդ համապատկերում էլ տեղի է ունենում հեռախոսազրույցը Պուտինի եւ Մակրոնի միջեւ, որը ամենեւին նոր ձեւաչափ չէ. նախկինում, նաեւ պատերազմի օրերին էլ եղել են այդպիսի զրույցներ, այժմ այդուհանդերձ արտացոլվում է թերեւս այն նոր իրավիճակը, որ ստեղծել է ԱՄՆ նախագահը ցեղասպանության ճանաչումով, եւ որը ողջունել է Ֆրանսիայի նախագահը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում բարձրաձայնել է, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ, եւ բաց են մնում կարգավիճակի հարցն ու տեղահանվածների վերադարձի խնդիրը: Տեղահանվածների վերադարձի խնդիրը այլ բան չէ, քան Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, քանի որ այստեղ է, որ առկա է տեղահանվածների վերադարձի խնդիր: Այն, անշուշտ, բավականին բազմաշերտ է, որովհետեւ ադրբեջանցիներն էլ դնում են Շուշիից դեռեւս առաջին պատերազմի հետեւանքով տեղահանվածների վերադարձի հարց: Սակայն առանցքայինն այս դեպքում հարցերի շրջանակն ու շեշտադրումն է, որ անում է ԱՄՆ դեսպանը՝ հարցը լուծված չէ եւ կարգավիճակի ու դեօկուպացիայի հարցերը բաց են: Ավելին, դեօկուպացիայի խնդիրը ածանցյալ է կարգավիճակին այն պարզ պատճառով, որ կարգավիճակի, ըստ այդմ սահմանների որոշումն է, որ պետք է որոշակիություն հաղորդի նաեւ տեղահանվածների վերադարձի գործընթացի, այսպես ասած, իրավազորությանը՝ թե ում ենթակայության ներքո, ում պատասխանատվության ներքո պետք է այն կատարվի:
Անկասկած է, որ այստեղ խոսքը բավականին երկարատեւ եւ ծավալուն, տարողունակ մի գործընթացի մասին է: Ավելին, ըստ էության խոսքն այն մասին է, որ Արցախի հարցում ոչինչ որոշված չէ, եւ հակամարտությունում փոխված է ընդամենը ուժերի դասավորությունը, դիրքերի հարաբերակցությունը, եւ եթե մինչ այդ հաղթող դիրքում էր հայկական կողմը, այժմ այդ դիրքում ադրբեջանականն է: Սա, իհարկե, պայմանական բնորոշում է, սակայն խոշոր հաշվով այդպիսին է տրամաբանությունը:
Ըստ այդմ, բավականին որոշակի է, թե ինչի պետք է պատրաստվի Հայաստանը՝ Արցախը ներառյալ, եւ ինչ առաջնահերթություններ պետք է դրվեն դիվանագիտական, արտաքին քաղաքական սեղանին: Որքան էլ չհնչի տարօրինակ, պատերազմի պարտության ծանր պարագայում հայկական կողմն այդուհանդերձ ստացել է հնարավորություն՝ կարգավիճակի հարցում նոր շեշտադրումների եւ, ըստ այդմ, տեսանելի, ուրվագծվող առաջիկա գործընթացում նոր սկզբունքների ձեւավորման համար: Սրան պետք է ուղղվի հայկական քաղաքական միտքը՝ իշխանական, թե ընդդիմադիր, եթե այն կա:
Ն.Հ.
ՆԱՄԱԿՆԵՐ Է ՀՂԵԼ
Շարունակելով միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հրատապ խնդրին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին եւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ ընդգծելով, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
Մայիսի 4-ին՝ ժամը 11։30-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Արցախի դեմ ռազմական գործողություններին ներգրավված վարձկան 2 ահաբեկչի դատական առաջին նիստը: Այս մասին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նիստում, դատարանի որոշմամբ, երկու վարձկան ահաբեկիչների խափանման միջոց կալանքը մնացել է անփոփոխ:
ՆՎԱԶԵԼ Է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն ապրիլի 28-ին կազմել է 519.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.48 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 627.20 դրամ (նվազել է 0.58 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 721.96 դրամ (նվազել է 0.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.95 դրամ (աճել է 0.01 դրամով): Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները՝ արծաթ՝ 439.28 դրամ, ոսկի՝ 29,817.21 դրամ, պլատին՝ 20,773.36 դրամ:
ՊԵԿ-Ը ԿԱՆԽԵԼ Է
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ սահմանով անօրինական տեղափոխվող ապրանքների բացահայտման եւ կանխման ուղղությամբ: ՊԵԿ-ից հայտնում են, որ այս անգամ մաքսանենգները փորձել են անօրինական ճանապարհով տեղափոխել տարբեր ցեղատեսակի շան ձագեր, սակայն մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում կանխել են մաքսանենգության փորձը:
ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
Ապրիլի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳՆ-ից հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը համոզմունք հայտնեց, որ դեսպան Մասանորին իր արդյունավետ աշխատանքով կնպաստի հայ-ճապոնական բազմաոլորտ համագործակցության զարգացմանը եւ երկկողմ օրակարգի հարստացմանը:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Պարզվում է, որ մեքենաների համարանիշների գողության դեպքերը Ռուսաստանում եւս մեծ տարածում ունեն, բայց այնտեղ վարորդների մի մասը հարցի լուծման տարբերակ է գտել՝ համարանիշի բնօրինակը պահում են ավտոմեքենայում, ինքնաշեն տարբերակն են միայն փակցնում մեքենային: Ռուսական օրինակը սկսել են կիրառել նաեւ հայաստանցի վարորդները: ArmLur.am-ը վարորդներից տեղեկացավ, որ list.am էլեկտրոնային հարթակում բազմաթիվ են այն անձինք, որոնք ինքնաշեն համարանիշեներ են վաճառում, անգամ պատրաստ են նորը պատրաստել: Այսօր բազմաթիվ են այն վարորդները, որոնք երթեւեկում են ինքնաշեն համարնիշներով, իսկ ինքնաշեն համարանիշներ պատրաստելու վերաբերյալ հայտարարությունները ամենուր են: ArmLur.am-ին այս խնդրի շուրջ ՀՀ ճանապարհային ոստիկանության օպերատորները փոխանցեցին, որ չի թույլատրվում ինքնաշեն համարանիշներով մեքենա վարել, դրա համար վարչական տուգանք է նշանակվում՝ 10 հազար դրամի չափով: Վարորդները նախընտրում են օգտագործել ինքնաշեն համարանիշ եւ տուգանվել 10.000 դրամով, քան կորցնել իրենց 500 կամ մեկ միլիոն դրամ արժողությամբ համարանիշները: Այլ ելք չունեն, քանի որ վերջին տարիներին համարանիշի գողության դեպքերը Հայաստանում մեծ տարածում են գտնում, իսկ ՀՀ ոստիկանությունը, կարծես թե, ոչինչ չի ձեռնարկում դրանք բացահայտելու եւ կանխելու ուղղությամբ։ Այս մասին են խոսում նաեւ թվային տվյալները, որոնք, ի դեպ, մեզ են տրամադրել ՀՀ ոստիկանությունից: Այսպես, նախորդ տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է ավտոմեքենայի հաշվառման համարանիշերի գողության 319 դեպք, որից բացահայտվել է 31-ը, իսկ այս տարվա հունվարի 1-ից մինչեւ մարտի 23-ը արձանագրվել է 156 դեպք, որից բացահայտվել է 3-ը։
ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑ
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit. Antidemocratic Turn («Անցումային շրջանի երկրներ. հակաժողովրդավարական շրջադարձ») զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի գնահատականը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել է: «Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմը ներքին ճգնաժամ է առաջացրել Հայաստանում, ինչը կարող է զրոյացնել 2018 թավշյա հեղափոխության հաջողությունը»,- ասվում է զեկույցում: Եվրասիայում ամենատարածված կառավարման ձեւը համախմբված ավտորիտար ռեժիմն է: Հայաստանը դասվում է որպես կիսահամախմբված ավտորիտար ռեժիմ ունեցող պետություն: «Հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, եւ այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ լարվածությունը զինվորականների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ, ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է սրվել»,- նշում են զեկույցի հեղինակները: