Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ դատարան է ուղարկվել պաշտոնատար անձի եւ նրա հետ փոխկապակցված անձի կողմից հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու վերաբերյալ առաջին քրեական գործը:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ «hetq.am»-ում հրապարակված «Մեծահարուստ հայերի ու պաշտոնյաների տները Դուբայի շքեղ համալիրներում» վերտառությամբ հոդվածի հիման վրա ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով 2020թ. փետրվարի 12-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել էր քրեական գործ՝ հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերում հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքեր թաքցնելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:
Մասնավորապես, հայտարարագրերում չեն արտացոլվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 107,134,8 քմ մակերեսով եւ 7.1մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով համատեղ սեփականության իրավունքով բնակարանը, Արարատի մարզի Այնթափ համայնքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 600.000 ՀՀ դրամով ձեռք բերված, 190.560 ՀՀ դրամ կադաստրային արժեքով 1,92 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 741,4 քմ մակերեսով կիսակառույց տնից, 0,051 հա տնամերձ հողամասից բաղկացած, ավելի քան 38մլն ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 700.000 ՀՀ դրամով ձեռք բերված իրեն եւ կնոջը համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող 299.815 ՀՀ դրամ կադաստրային արժեքով, 200.000 ՀՀ դրամով ձեռք բերված, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն եւ կնոջը պատկանող 0,048 հա տնամերձ հողամասը, Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղական համայնքում գտնվող, 1.7մլն ՀՀ դրամով ձեռք բերված եւ սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,1262 հա հողամասը, նույն համայնքում գտնվող 500.000 ՀՀ դրամով ձեռք բերված եւ սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0676 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը։
Հ. Դ.-ն չի հայտարարագրել նաեւ պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ երկու բանկում իր անվամբ բացված դրամային հաշվներին ունեցած շուրջ 1.9մլն ՀՀ դրամը։
Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է նաեւ, որ նրա որդին՝ Ա.Դ-ն եւս, նույն ժամանակահատվածում հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ եւ ունենալով հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաեւ տարեկան հայտարարագրերում իր գույքի եւ եկամուտների վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի եւ եկամուտների մասին 2018թ. հայտարարագրում չի հիշատակել եւ այդկերպ թաքցրել է տվյալ հարկային տարում՝ 2018թ. նոյեմբերի 6-ին, 4.9մլն ՀՀ դրամով Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող 0?0214 հա հողամասը ձեռք բերելու եւ դրա նկատմամբ իր եւ մեկ այլ անձի համատեղ սեփականության իրավունքը գրանցելու մասին տվյալը։
Նույն հայտարարագրում Ա. Դ.-ն չի հիշատակել եւ այդկերպ թաքցրել է նաեւ սեփականության իրավունքով իրեն պատկանող BMW X6 5.0 IX մակնիշի, 2009թ թաղարկման ավտոմեքենան 2018թ. նոյեմբերի 11-ին 4մլն ՀՀ դրամով վաճառելու մասին տվյալը, բանկում ունեցած վարկային գծով բանկի առջեւ հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ ունեցած 2493 ԱՄՆ դոլարի չափով պարտավորությունը, նույն բանկում ունեցած «Ապառիկ տեղում վճարված ֆակտորինգ» տեսակով պարտավորությունները, որոնք հոր պաշտոնավարման դադարեցման օրվա դրությամբ կազմել են ընդհանուր շուրջ 1մլն ՀՀ դրամ։
Հայտարարագրման ենթակա նշված անշարժ գույքերի եւ դրամական միջոցների վերաբերյալ տվյալները թաքցնելը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով, այն է՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող արժեքով գույքերի չհայտարարագրմանը։
Նշված հանցավոր արարքները կատարելու համար Հ.Դ.-ին եւ Ա.Դ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
2021թ. ապրիլի 16-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործից նրանց վերաբերյալ գործի մասն անջատելու մասին, որով հայտարարվել է նախաքննության ավարտ:
2021թ. ապրիլի 28-ին քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործն ուղարկել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Հավելենք, որ խոսքը նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի մասին է, որը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս ամենը փուչիկ էր անվանել:
Ք.Մ.
ԿՐԿԻՆ ԶՆՆԵԼ ԵՆ
2020թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում, ժամկետային զինծառայող Սարո Մարկոսյանը ստացել է հրազենային եւ բեկորային վնասվածք, այնուհետեւ՝ մի քանի օր անց, գերի էր ընկել։ Գերության մեջ գտնվելու ընթացքում զինվորին առաջին բուժօգնություն է տրամադրվել Կարմիչ խաչի միջազգային կոմիտեի կողմից։
2020թ.-ի դեկտեմբեր ամսին մի շարք գերիների հետ Սարոն վերադարձել էր Հայաստանի Հանրապետություն: Վերջինիս հետ անհատական հոգեբանական աշխատանք է իրականացվել, սակայն վնասվածքների համար բուժում չի արվել։
ՀՀ կառավարության կողմից 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության տրամադրման կարգը, սակայն գերությունից վերադարձած զինվորին աջակցությունը չէր տրամադրվել։ Սարոյի մայրը մեզ հետ զրույցում նշել էր, որ աջակցության տրամադրման դիմումը մերժել էին՝ պատճառաբանելով, որ զինծառայողը բուժումը ՀՀ-ում չի ստացել: Միաժամանակ Սոցապ նախարարությունից հորդորել էին, որ զինծառայողը կարող է փաստաթուղթ ներկայացնել, որ Ադրբեջանի Հանարապետությունում է բուժումը ստացել, որպեսզի դիմումը հաստատվի։ Մեզ հայտնի դարձավ, որ «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ իրավաբան Շուշան Խնկոյանը, որը զբաղվում է Սարոյի իրավունքների վերակնգման հարցով, կապ է հաստատել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ճշտելու խնդիրը։ Նախարարության կողմից պարզաբանել են, որ վերոգրյալի առթիվ դիմում է ներկայացվել Կարմիր խաչի կոմիտեին զինծառայողին առաջին բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ փաստաթուղթ ստանալու համար։
Միաժամանակ կազմակերպության իրավաբանի աջակցությամբ դիմումներ են ուղարկվել ՀՀ վարչապետին, Պաշտպանության նախարարությանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ պատշաճ բուժզննում իրականացնելու եւ աջակցության ծրագրից օգտվելու համար։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ զինծառայողը անցել է բուժզննում, եւ 2021թ.-ի ապրիլի 21-ին աջակցության տրամադրման դիմումը հաստատվել է։
Ք. Մ.
ԳՈՐԾԸՆԹԱՑ Է ՍԿՍՎՈՒՄ
ArmLur.am-ը գրել էր, որ Սյունիքում ապրիլի 21-ին տեղի ունեցած բոողքի ակցիայի արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննել է 40-ից ավել անձանց:
Ավելին՝ մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախաքննական մարմինը շուրջ 35 հոգու է ներկայացրել դատարան, որպեսզի նրանց երկու ամսով կալանավորեն, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը մերժել էին նախաքննական մարմինների միջնոդությունները եւ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողքի ակցիայի մասնակիցներին կալանքի չէին տարել, դատարանի դահլիճից վերջիններս ազատ էին արձակվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սյունեցիներին կալանքի չտարած դատավորները հայտնվել են իշխանության սեւ ցուցակում: Իշխանությունները դատական համակարգից պահանջել են կալանքի չտարած դատավորների անուններ, որ նրանց մասով գործընթաց սկսեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարգապահական վարույթներ կհարուցի վերոնշյալ դատավորների նկատմամբ եւ նրանց պատժելու գործընթացը կուղարկի Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ էլ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը գործի կանցնի՝ դատավորներին իրենց տեղը ցույց տալու համար:
Ինչպես հայտնի է, վերոնշյալ օրը Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել էին բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով։ Պահանջել էին՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։ Արդյունքոում 40-ից ավել անձ է հարցաքննվել, 29- անձ էլ ներգրավվել է մեղադրյալ: Նկատենք, որ քննիչները ամեն ինչ անում են վարչապետի հրահանգը կատարելու համար, սակայն դատարանները գործով մեղադրյալներին կալանքի չեն տանում, այլ դատարանի դահլիճից ազատում են նրանց:
Ք.Մ.