ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԻ ՄԵՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում COVID-19-ի պատվաստումների գործընթացը շարունակվում է, ներկայում կատարվել է 2 641 դեղաչափ պատվաստում:  ԱՆ hիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ բոլոր պատվաստվածների շրջանում առողջական որեւէ լուրջ խնդիր չի գրանցվել:

 

«Միայն սպասվող ռեակցիաներն են, այն, ինչի մասին մենք սովորաբար ասում ենք՝ ջերմության թեթեւ բարձրացում, ընդհանուր թուլություն, գրիպանման նշաններ, որոնք կարճ ժամանակում անցնում են: Պատվաստման գործընթացը շարունակվում է. ասեմ, որ օրական կտրվածքով պատվաստումների աճ ենք գրանցում` յուրաքանչյուր օր՝ 4-5 տոկոսով: Երկիր ներմուծվել է 24 հազար դեղաչափ «AstraZeneca» պատվաստանյութ: Երկու խմբաքանակով ներկրվել է «Սպուտնիկ V» , առաջիկայում սպասում ենք չինական «Սինովակ» արտադրության պատվաստնայութը: Հետագայում այլ պատվաստնյութեր նույնպես կլինեն»,- ասաց Գայանե Սահակյանը: Նրա խոսքով` 1.1 մլրդ դեղաչափ պատվաստում է արվել  աշխարհի ավելի քան 170 երկրում: Մոտ 200 մլն դեղաչափ պատվաստումը կատարվել է «AstraZeneca»-ով:

Գայանե Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ հանրապետությունում կատարվել է պատվաստումների կարգի փոփոխություն: Եթե նախկինում պոլիկլինիկաներն աշխատում էին 5 աշխատանքային օր, ապա հիմա կաշխատեն նաեւ շաբաթ, կիրակի օրերին՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 16:00-ն:  Մյուս փոփոխության համաձայն՝ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները՝ ե՛ւ ռիսկի խմբերում գտնվող, ե՛ւ դրանցից դուրս, կարող են դիմել «AstraZeneca»-ով պատվաստման: «Սպուտնիկ V» պատվաստյութի հետ կապված քաղաքականությունը դեռ չի փոխվել, կպատվաստվեն մինչեւ 54 տարեկան խոցելի խմբերը: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է պոլիկլինիկաների կցագրումներին: Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք ուզում են պատվաստվել, պարտադիր չէ, որ դիմեն այն պոլիկլինիկան, որտեղ կցագրված են: Ցանկացած պոլիկլինիկա կարող են դիմել, միայն թե նախապես գրանցվեն: Մյուս փոփոխության համաձայն՝ կարող են պատվաստվել նաեւ օտարերկյա այն քաղաքացիները, որոնք ժամանակավոր են երկրում եւ կացության թույլտվություն ունեն:

Հարցին, թե արդյոք պատվաստվելուց առաջ որեւէ հետազոտություն անելու անհրաժեշտություն կա, Գայանե Սահակյանը նշեց, որ դրա կարիքը չկա:

«Ո՛չ արյան հետազոտության, ո՛չ տրոմբոցիտների քանակը որոշելու կարիք չկա: Նույնիսկ կորոնավիրոսի ախտորոշման թեստ հանձնելու, հակամարմիններ ստուգելու անհրաժեշտություն չկա»,- ասաց  Գայանե Սահակյանը՝ ընդգծելով, որ գերագույն նպատակը հնարավորինս մահերը կանխելը, առողջապահական բեռը թեթեւացնելն է: Նրա խոսքով՝ առայժմ հստակ ժամկետներ չկան, թե պատվաստվելը որքան ժամանակի համար է:

Արդյոք անհրաժեշտ է պատվաստումից առաջ COVID-19-ի թեստ հանձնել՝ ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է.

«Պատվաստումից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա:

Այս փաստը չի խանգարում պատվաստմանը եւ օրգանիզմին որեւէ վտանգ չի ներկայացնում»:

Հավելենք, որ երեկ Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ու փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ բրիտնաշվեդական AstraZeneca տեսակի պատվաստանյութով: Տարածաշրջանում պատվաստումների պատկերն, ըստ Սահակյանի, հետեւյալն է. «Թուրքիայում 13.2 տոկոսն է բնակչության պատվաստվել, Ռուսաստանի Դաշնությունում` 6.7 տոկոսը, Իրանում` 0.5 տոկոսը, եւ Վրաստանում` 0.5 տոկոսը: Ընդամենը երկու շաբաթ է մեզ մոտ իրականացվում, եւ 2 շաբաթվա կտրվածքով մենք ունենք 2641 դեղաչափ պատվաստում: Օրական կտրվածքով մենք աճ ենք գրանցում, յուրաքանչյուր օր նախորդից 4-5 տոկոսով ավելի են պատվաստումները»:

Միայն երեկ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 808-ով, բուժվածներինը՝ 588-ով, գրանցվել է մահվան եւս 13 դեպք:

Ն.Հ.

 

 

ՄԱՅՐԸ ՉԴԻՄԱՑԱՎ 

Ապրիլի 27-ին  Տավուշի մարզի Նոյեմբերյանի  տարածաշրջանի Կողբ գյուղում  հուղարկավորել  են  գյուղի  54-ամյա բնակչուհուն, որը  հանկարծամահ է  եղել իր առանձնատան շեմին։ Կողբ գյուղի  անտառապահի  ընտանիքը  մի շաբաթ առաջ  կորցրել է  26-ամյա  աղջկան, որը  մահացել է կորոնավիրուսից՝ ունենալով  ուղեկցող  հիվանդություններ։ Կողբի  բնակիչները հայտնում  են, որ  մայրը ծանր է տարել  դստեր մահը եւ  նրա մահվան  7-րդ օրը հանկարծամահ  եղել։

 

 

ԳՈՂԱՑԵԼ Է

Իջեւան քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված, ութամյա կրթությամբ, չամուսնացած  Արման  Վազգենի  Ալիխանյանը, 2020թ. դեկտեմբերի 28-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, տեխնիկական միջոցի՝ երկաթյա լինգի  գործադրմամբ  բացելով   Իջեւան քաղաքի Բլբուլյան 108 հասցեում գտնվող, Վլադիմիր Բաբալյանին  պատկանող մթերային  խանութի  դռան պատուհանը, ապօրինի մուտք  է գործել ներս եւ այնտեղից հափշտակել զգալի  չափերի՝ ընդհանուր 30 հազար 250 դրամ արժողությամբ 10 լիտր տնական խնձորի օղի եւ  մեկ  կիլոգրամ խաղող։ 2021թ. ապրիլի 15-ին Իջեւան քաղաքում  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր  Ռաֆիկ  Մելքոնյանը  վճռել  է  Արման Ալիխանյանին մեղավոր ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի  177 հոդվածի  2-րդ մասի  3-րդ կետով եւ  նրան դատապարտել  2 տարի ժամկետով ազատազրկման, պատժի կրման սկիզբը  հաշվել  դատավճիռն օրինական ուժի  մեջ մտնելուց  հետո՝ ամբաստանյալին արգելանքի  տակ վերցնելու  օրվանից, ամբաստանյալի  նկատմամբ  ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը՝  չհեռանալու մասին, թողնել  անփոփոխ  մինչեւ դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։ Ապրիլի 27-ին Տավուշի մարզի  առաջին ատյանի դատարանի  Բերդի  նստավայրում, դատավոր  Զոյա Զաքինյանի նախագահությամբ սկսվել  է  Արման Վազգենի Ալիխանյանի վերաբերյալ մեկ  այլ  քրեական գործով դատավարություն։ Արման Ալիխանյանին մեղադրանք  է առաջադրվել  այն բանի համար, որ նա 2021թ. փետրվարի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում,  ապօրինի  մուտք է  գործել Իջեւան  քաղաքի բնակիչ  Մհեր Հրաչիկի Բազինյանին պատկանող,  Իջեւան քաղաքի Բլբուլյան  փողոցի  81 շենք ի 27 հասցեում  գտնվող  բնակարանի՝ պահեստարան հանդիսացող  պատշգամբ եւ  այնտեղից  գաղտնի հափշտակել  վերջինիս  Ռիբոկ ֆիրմային  պատկանող  կիսաճտքավոր կոշիկները։  Ա. Ալիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  177 հոդվածի  2-րդ մասի  3-րդ կետով, նրա  նկատմամբ  խափանան միջոց է  ընտրվել   չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական  գործով  դատավարության հաջորդ  նիստը  նշանակված է մայիսի 27-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է

Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն, 2006թ. Դիլիջանի քոլեջը ղեկավարող Գրետա Թամրազյանին  մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ քոլեջի հաշվապահ Արգինե Թամրազյանից պահանջել եւ ստացել է 2014թ. հունիս ամսվա ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակները, որից հետո միջին մասնագիտական բաժնի 68 ուսանողների կրթաթոշակների ընդհանուր 323000 եւ արհեստագործական բաժնի 17 ուսանողների ընդհանուր 79 050 դրամ գումարը, որից ընդամենը երկու ուսանողի տալով կրթաթոշակ՝ ընդհանուր 9500 դրամի չափով, մնացած 392 550 ՀՀ դրամը, օգտվելով իր պաշտոնեական դիրքից, չի վճարել որեւէ ուսանողի:

Մեղադրանքի համաձայն՝ Գ. Թամրազյանը յուրացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից հատկացված ընդհանուր 392 550 դրամը: Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գրետա Թամրազյանը քոլեջի գանձապահ Վահանուշ Ասատրյանին հանձնարարել է ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակներում քոլեջի 4 ուսանողների անունների դիմաց նրանց կողմից կրթաթոշակ ստացած լինելու փաստը հաստատված լինելու համար դնել կեղծ ստորագրություններ: 2014թ. սեպտեմբերից մինչեւ 2014թ. դեկտեմբերը Վահանուշ Ասատրյանը, կատարելով Գրետա Թամրազյանի ապօրինի հանձնարարությունը, այդ 4 ուսանողների անունների դիմաց կրթաթոշակների ստացման ցուցակներում դրել է կեղծ ստորագրություններ, ինչի արդյունքում հիշյալ ժամանակահատվածում Գ. Թամրազյանը յուրացրել է 4 ուսանողների ամսական 4750 դրամ կրթաթոշակը՝ պետությանը պատճառելով զգալի չափերի՝ ընդհանուր 76 000 դրամի վնաս: Գ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագով, եւ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այդ քրեական գործով դատական նիստերը սկսվել էին 2017թ. սեպտեմբերի 25-ից։ 2020թ. օգոստոսի 7-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մարդանյանը վճռել է ճանաչել եւ հռչակել Գրետա Թամրազյանի անմեղությունը  ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին  կետով՝ երկու դրվագով, 38-325 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ  եւ նրան արդարացնել։ Նշված քրեական գործով մեղադրողը Վերաքննիչ բողոք է բերել այդ  վճռի դեմ՝ Վերաքննիչ դատարանին  խնդրելով բեկանել եւ փոփոխել   վճիռը եւ Գրետա  Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով դատապարտել տուգանքի՝ 700 հազար դրամի չափով, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել  տուգանքի՝ 300 հազար դրամի չափով։  Վերաքննիչ դատարանում այս գործով հերթական նիստը նշանակված է մայիսի 12-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս