ԴԱՍԱԺԱՄԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը, քննարկելով վերջերս ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ հարցազրույցներից մեկում բարձրաձայնված դիրքորոշումը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի առնչությամբ, հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

 

«Օրեր առաջ կրթական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ իր հրապարակային խոսքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն անդրադարձ կատարեց նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետագա դասավանդմանը: Հիշյալ հարցը ս/թ փետրվարի 12-ին քննարկվել է նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախմբի եւ ԿԳՄՍ նախարարի եւ նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքին, որի վերջնարդյունքներն արձանագրվել են փոխանակված նամակներում:

Ըստ էության, նախարարը կրկնեց նախկինում նախարարության կողմից արդեն իսկ առաջարկված անկատար նույն լուծումը, համաձայն որի՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի համար 236 դասաժամի փոխարեն նախատեսվում է տրամադրել ընդամենը 64 դասաժամ:

Սույն մոտեցումը բացարձակապես անընդունելի է թե՛ հոգևոր եւ թե՛ ազգային շահերի տեսանկյունից եւ խորը հակասության մեջ է Սահմանադրության 18-րդ հոդվածի հիմնադրույթների հետ: Առավել անհանդուրժելի է, երբ այն մատուցվում է փոխզիջման անվան ներքո: Սերունդների ազգային կրթության եւ դաստիարակության հարցում փոխզիջումային գործելաոճը ուղղակի կործանարար է։ Նախարարության առաջարկած այս մոտեցմամբ ի չիք են դարձվում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման 16 տարիների ընթացքում մեծ դժվարությամբ արձանագրված արդյունքները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը եւս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան իր ողջ ծավալով պետք է ընդգրկված լինի պարտադիր ուսուցանվող առարկաների ցանկում: Միաժամանակ ենթախումբը շարունակում է արտահայտել իր պատրաստակամությունը բարեփոխումների ենթարկել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ծրագիրը, մասնակցել դասագրքերի խմբագրմանը եւ ուսուցիչների վերապատրաստությանը՝ հիշյալ գործընթացների շրջանակներում անարձագանք չթողնելով մասնագիտական ու ազգային-հասարակական շրջանակներից հնչեցվող որեւէ առաջարկ։

Հարկ է ընդգծել, որ Եկեղեցին սկզբից եւեթ խիստ վերապահումներ ունեցել եւ արտահայտել է կրթական բարեփոխումներ կոչվող ծրագրի վերաբերյալ, քանի որ թե՛ ընդհանուր եւ թե՛ առարկայական չափորոշիչներում եւ դրանց շուրջ նախաձեռնված քննարկումների ընթացքում արձանագրվել են սկզբունքային մի շարք բացթողումներ եւ առերեւույթ հակասահմանադրական դրսեւորումներ:

Կրթական բարեփոխումների նպատակների, հետեւաբար եւ դրանց արդյունավետության վերաբերյալ կասկածները առավել խորանում են, քանի որ այդ ուղղությամբ իշխանության իրավասու պաշտոնյաների եւ, ի մասնավորի, Կրթության պետական լիազոր մարմնի ներկայացուցիչների կողմից Եկեղեցու մտահոգությունները փարատող հիմնավոր ու առարկայական որեւէ բացատրություն չի տրվել: Մինչդեռ ակնհայտ է, որ հիշյալ բարեփոխումների շրջանակներում հարվածի տակ են դրվել հայագիտական առարկաները, կտրականորեն նվազել են սերունդներին ռազմահայրենասիրական ոգով դաստիարակելու հնարավորությունները: Ավելորդ ենք համարում բացատրել, թե որքան անհրաժեշտ է այդպիսի կրթությունը մեր երկրին ու ժողովրդին, որը գտնվում է գոյաբանական վտանգների եւ պատերազի մշտական սպառնալիքի առջեւ:

Կրթական բարեփոխումների գործընթացի իրականացման նման պայմաններում առկայծող մեր միակ հույսն այն էր, որ հանրակրթության ոլորտում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես պարտադիր բաղադրիչի ամբողջական ծավալի պահպանումով հնարավոր կլիներ լրացնել այն բացը, որ ձեւավորվել է ազգային ինքնության եւ հոգեւոր դաստիարակության ոլորտում:

Արդ, նկատի առնելով իշխանությունների կողմից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պարտադիր առարկայացանկից հնարավորինս դուրս մղելու հետեւողականորեն իրագործվող ապազգային քաղաքականությունը՝ Մայր Աթոռի Կրթական հարցերով ենթախումբը ամեն ջանք ի գործ է դնելու՝ կանխելու համար կործանարար այս մոտեցումը եւ հասնելու մեր ժողովրդի կենսական շահերին ծառայող իր թե՛ պատմական, թե՛ բարոյական եւ թե՛ իրավական պահանջների կատարմանը:

Որպես վերջաբան տեղին ենք համարում վկայակոչել միջնադարյան բազմաշնորհ ու լայնախոհ մեր հայրերից Ներսես արք. Լամբրոնացու խիստ այժմեական պատգամը. «Ամենայն ազգ զիւր հարց աւանդութիւն պինդ կալցի»:

Թող Աստված զորացնի մեր ժողովրդին իր ինքնության համար մղվող հոգեւոր ու մարմնավոր պատերազմում. ամեն»:

 

 

COVID-ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Վրաստանի համաճակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրը կատարվել Է կորոնավիրուսի 29 487 թեստ, եւ հայտնաբերվել Է վարակման 1 551 դեպք. հաղորդվում Է Stopcov.ge կառավարական կայքում:

Դրականության ցուցանիշը (ախտահարվածների բաժինը թեստավորվածների ընդհանուր թվում) ապրիլի 27-ի դրությամբ կազմում Է 5,26 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 4,39 տոկոս, յոթ օրում՝ 4,63 տոկոս:

COVID-19-ով 1 578 նոր հիվանդներից Թբիլիսիում արձանագրվել Է 918-ը: Իսկ տարածաշրջաններում իրավիճակը հետեւյալն Է՝ Աջարիայում՝ 121, Իմերեթում՝ 82, Քվեմո Քարթքլիում՝ 69, Շիդա Քարթլիում՝ 61, Գուրիայում՝ 32, Սամեգրելո Զեմո Սվանեթում՝ 130, Կախեթում՝ 48, Մցխեթ Մթիանեթում՝ 35, Սամցխե Ջավախքում՝ 12, Ռաչա Լեչխում եւ Քվեմո Սվանեթում՝ 3:

Այս պահին Վրաստանում կա 14 482 ակտիվ դեպք, դրանցից 3 780-ը ստացիոնար բուժման կարիք ունեն, 707 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 9 995 մարդ բուժընթաց Է անցնում տանը:

732 հիվանդների վիճակը ծանր Է, 156-ը միացված Է արհեստական շնչառության ապարատին:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին. հաղորդել Է Sputnik-ը:

 

 

ՀԾԿՀ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է 2020 թվականի գործունեության հաշվետվությունը: «Արմենպրես»-ը ներկայացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրությունը.

«Համաձայն  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 14-րդ հոդվածի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացնում է մինչեւ սույն թվականի մայիսի 1-ը մամուլում հրապարակման ենթակա, հանձնաժողովի 2020 թվականի գործունեության հաշվետվությունը: Առանձին բաժիններով ներկայացվում է տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության շրջանակում օրենսդրական նախաձեռնությունների, հանձնաժողովի իրավական ակտերի բարեփոխումների, սակագնային քաղաքականության, լիցենզավորման, սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանքների, կարգավորվող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության, ներդրումային ծրագրերի համաձայնեցման, գնումների գործարքների մոնիթորինգի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի, հանձնաժողովի գործունեության հրապարակայնության, միջազգային համագործակցության ուղղություններով իրականացված աշխատանքների, ինչպես նաեւ հանձնաժողովի կողմից 2020 թվականի ընթացքում ապահովված բյուջետային մուտքերի վերաբերյալ»:

 

 

ՀԱՍՏԻՔԸ ՀԱՆՎԵՑ

ՀՀ ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով փոխարինելու օրինագծին:

Կառավարության հեղինակած նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Տերտերյանը նշեց, որ փոփոխությունից հետո Երեւանի քաղաքապետը կունենա տեղակալ, որը կհամակարգի ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները:

«Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երեւան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել նշված ոլորտներում Երեւանի քաղաքապետին տրված իրավասությունները»,- ասաց Տերտերյանը:

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողի ինստիտուտ եւ օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում օրենքով ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կամավորությամբ կատարումը: Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողներին տրամադրել վարչարարարության իրականացման մի շարք բարենպաստ պայմաններ: Նախագծի ընդունումից հետո կառավարության կողմից կսահմանվեն օրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները եւ հավաստագրի տրամադրման կարգը: Առաջարկվում է նաեւ սահմանել Հարկ վճարողի օր: Հարկ վճարողի օրը կնշվի ապրիլի 19-ին:  Օրինապահ հարկ վճարող ճանաչվելու համար կարող են դիմում ներկայացնել միայն ավելացված արժեքի հարկ վճարողները: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում փաթեթը լրամշակվել է, կատարվել են որոշակի խմբագրական, տեխնիկական հստակեցումներ: Նախագծերի վերաբերյալ պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ստացվել:

 

 




Լրահոս