ՓԱԿՈՒՂԻ՞, ԹԵ՞ ՆՈՐ ՇՈՒՆՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի հիմնահարցի կարգավորումը կկանգնի եւ ժամանակավորապես կդադարի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ խոսելով վերջին շրջանում Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներից: Բանն այն է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում բարձրաձայնել է, որ Արցախի հակամարտությունը լուծված չէ, եւ բաց են մնում կարգավիճակի հարցն ու տեղահանվածների վերադարձի խնդիրը: Տեղահանվածների վերադարձի խնդիրը այլ բան չէ, քան Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիա, քանի որ այստեղ է, որ առկա է տեղահանվածների վերադարձի խնդիր: Դրանից առաջ էլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ելույթում օգտագործել էր «ցեղասպանություն» եզրույթը: Սակայն նկատենք՝ Տարասովը կարծում է, թե այս պահին ամենաքիչն էր պետք ճանաչել այն: «Ամերիկացիները պատերազմի հետեւանքները լեգիտիմ չեն համարում եւ ցանկանում են գործողությունները վերսկսել Մինսկի խմբի միջոցով: Ցեղասպանության ճանաչումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Երեւանի եւ Անկարայի միջեւ սկսվել էին չբարձրաձայնվող կոնտակտներ: Կարծում եմ՝ թուրքերը միանգամից չեն գնա, այլ դադար կտան, ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորումը կկանգնի», – նշեց Տարասովը:

Վերջինիս խոսքով՝ Մոսկվան ընդհանրապես չի հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքից, Մակրոնը եւս բարձրացնում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքների ակտիվացման հարցը: «Խնդիրն այն է, որ Ադրբեջանը համաձայն չէ, քանի որ օրակարգում առաջարկվող հարցերի ցանկում է Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը, իսկ Ադրբեջանը համարում է, որ Ղարաբաղի հարց գոյություն չունի ընդհանրապես: Կարծում եմ՝  Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները, այսպես, թե այնպես, վերսկսվելու են», – հավելեց նա: Տարասովի խոսքով՝ ամերիկացիներն աշխատում են իրավիճակի վատթարացման օգտին, եւ շատ հնարավոր է, որ Վաշինգտոնի ու Փարիզի միջեւ երկխոսություն է ընթանում ԵԱՀԿ ՄԽ-ում իրենց քայլերի համաձայնեցման շուրջ: Սակայն, վերջինիս խոսքով, ՌԴ-ն եւս անմասն չի մնալու գործընթացներից

 

 

Հայաստանի հանրապետական կուսակցությունը երեկ ԳՄ ձեւաչափով որոշեց մասնակցել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություննոերին, թեեւ մեծուփոքր ՀՀԿ-ները բացառում էին Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում ընտրությունների գնալը։ Իսկ ինչպե՞ս է ընթացել ԳՄ դռնփակ նիստը։«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստի գրեթե ողջ ընթացքում խոսել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ներկաները տպավորություն են ստացել, որ  Սարգսյանն արդեն որոշում կայացրած է ներկայացել նիստին։ Սարգսյանն ասել է, որ իրենք «Հայրենիք» կուսակցության հետ են մասնակցելու կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին, նշել է, որ ինքն արդեն բոլոր դետալները քննարկել է ապագա դաշնակից կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ, ու պայմանավորվածություն ունեն, որ ՀՀԿ կարկառուն անդամները լինելու են դաշինքի ցուցակում: Սարգսյանը նշել է, որ ՀՀԿ-ն, միայնակ ընտրությունների գնալով, սխալ կաներ, ճիշտ տարբերակը Վանեցյանին միանալն է: Մենք տեղեկացանք նաեւ, որ ՀՀԿ-ի դեմքերն այսօրվանից լծվելու են ձայներ բերելու գործին։ Դրանց թվում են ՀՀԿ-ական նախկին պատգամավորները` Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը), Առաքել Մովսիսյանը (Շմայս)  ու բոլոր նրանք, որոնք բոլոր ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ են բերել։ Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ-ում Սարգսյանի որոշումից հետո տրամադրությունների կտրուկ բարձրացում է նկատվել, որ ԱԺ վերադառնալու շանսեր են նշմարվում։ Ի դեպ, շատերին ասվել էր, որ Սերժ Սարգսյանը ոչ մի ձեւով չի ցանկանում ընտրություններին մասնակցել եւ չի լինելու ցուցակում։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդին լինելու է «Քոչարյան» դաշինքի ցուցակում: Նա որոշել է քաղաքականապես ակտիվանալ եւ իր մասնակցությունն ունենալ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ այս պահին որոշում կա՝ քանի որ Կարեն Կարապետյանը որեւէ ձեւով չի լինելու Ռոբերտ Քոչարյանի կամ որեւէ այլ քաղաքական ուժի ցուցակում, չի մասնակցելու ընտրություններին, որոշում է կայացվել, որ իր տեղում կլինի իր որդին՝ Տիգրան Կարապետյանը: Ռոբերտ Քոչարյանն էլ, ըստ էության, դեմ չի եղել, եւ ամենեւին էլ գաղտնիք չէ, որ նախկին վարչապետը պետք է  այս ընտրություններում սատարեր Քոչարյանին, փորձեր նրա համար ձայներ ապահովել, եւ դրա փոխարեն էլ դաշինքի ցուցակում լինելու է նախկին վարչապետի որդին: Նշենք, որ Կարապետյանի որդին բիզնեսմեն է, ու նրա անունը տարբեր ժամանակներում կապվել  է տարբեր բիզնեսների հետ: Ըստ տեղեկությունների՝ Kerbedanz բրենդը, որը զբաղվում է նաեւ ժամացույցների արտադրությամբ, տնօրինում է Տիգրան Կարապետյանը: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին, ամեն դեպքում, հայտնի դարձել էր «Քոչարյան» ցուցակի առաջին տասնյակը. նրանք դեռ շարունակում են առաջին կնոջ փնտրտուքները: Այս պահին հայտնի է, որ ցուցակը գլխավորելու է նախկին նախագահը, երկրորդ տեղում ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանն է, չորրորդում՝ Վահե Հակոբյանը:

 

 

Հայաստանում առեւտրի ոլորտի ներկայացուցիչները խնդրի առաջ են կանգնած։ Պատճառը նոր սերնդի ՀԴՄ սարքերն են։ Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»  օրաթերթը դժգոհություններ է ստանում առեւտրականներից. նման խնդրի առաջ են կանգնել Մալաթիայում գտնվող «Անուշ»  ոսկու շուկայի աշխատողները։ Նրանց խոսքերով՝ նոր սերնդի ՀԴՄ սարքերի լիցքավորումը երկար չի պահում, դրանք օրվա ընթացքում մի քանի անգամ անջատվում են։ «Երկու  անգամ խփում եմ, անջատվում է, չեմ հասցնում, անընդհատ միացված է վարդակին, իբր թե անլար պիտի աշխատեինք։ Չգիտեմ, թե ում դիմեմ. եթե հարկայինից մարդ գա այդ պահին, չի հավատա, որ սարքն անջատվել է, կտուգանի, կգնա, իրեն չի հետաքրքրի»,- «Ժողովուրդ»  օրաթերթի հետ զրույցում դժգոհեցին առեւտրականները։ Ի դեպ, տեղեկացնենք, որ ՊԵԿ-ը հասցրել է ձեռքերը լվալ. շուկան ազատականացնելուց հետո ՊԵԿ-ը պատասխանատվություն չի կրում ՀԴՄ սարքերի տեխնիկական խնդիրների, դրանց ծրագրային ապահովման, սարքերի իրացման եւ սպասարկման համար, մինչեռ նախկինում ՀԴՄ-ների ներդրման գործընթացն իրականացնում էր ՊԵԿ-ի կազմում ներառված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը, եւ ՀԴՄ սարքերի` ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ապահովում էր ՊԵԿ-ը:

 




Լրահոս