ԱՌԱՋԱՏԱՐԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»-Ն Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը ArmԼur.am-ի հետ զրուցել է առաջիկա արտահերթ ընտրությունների, իրենց վարկանիշի ու մարզում իրենց հանդիպումների մասին: Մենք փորձել ենք պատգամավորից պարզել, թե արդյոք ընդդիմության ներկայացուցիչների վարկանիշն ավելի բարձր է, քան իրենց կուսակցությանը:

 

-Պարո՛ն Մովսիսյան, գնում եք մարզեր, հանդիպումներ եք ունենում, ի՞նչ եք կարծում, արդոք նորից ձեզ ընտրելո՞ւ են:

-Նախընտրական գործընթացը դեռ չի սկսվել. երբ սկսվի, այն ժամանակ էլ քարոզարշավով կզբաղվենք: Դեռ ակտիվ գործընթաց չկա:

-Դուք, օրինակ, Ձեր մարզում չե՞ք շրջում, բնակիչների հետ չե՞ք խոսում:

-Մարզերով շրջում ենք, բայց ընտրությունների հետ դա կապ չունի: Երբ քարոզարշավը  սկսվի, այն ժամանակ էլ կսկսենք քարոզարշավ անել:

-Ժողովուրդն ի՞նչ է ասում, արդյոք պ՞ետք է նորից հետ գաք իշխանության, թե՞ հիասթափեցրել եք ժողովրդին:

-Հարցեր կան, որ մեզ մեղադրում են, հարցեր կան, որ հասկանում են, որ չէինք կարող հասցնել  կարճ ժամանակահատվածում անել: Բայց, ընդհանուր առմամբ, տրամադրվածությունը հակված է՝ ի օգուտ իշխանությունների:

-Իշխանությունների՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի:

-Այո, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի:

-Ո՞ր հարցերի հետ են կապված հիասթափությունները: Պատերազմից հետո՞ է հատկապես հիասթափություն առաջացել, թե՞ մինչեւ այդ:

-Հիմնական հիասթափությունն ու քննադատությունը դատական համակարգի հետ է կապված, որ դատական համակարգն ավելի շուտ պետք է առողջացվեր, որպեսզի նմանատիպ սաբոտաժներ տեղի չունենային: Ժողովրդի հիմնական բողոքը դրա հետ է կապված: Քննադատություն ստանում ենք, որ թավիշը շատ է: Ժողովուրդն ուզում է, որ մենք ավելի կտրուկ լինենք:

-Այս պահին ընդդիմությունը ձեզանից ավելի հզոր չէ՞. նկատի ունեմ արտախորհրդարանական ընդդիմությունը: Ասում են, որ այս ընթացքում Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Վանեցյանի, Հանրապետականների վարկանիշը բարձրացել է:

-Իսկ ո՞վ է ասում: Վարկանիշի հետ կապված հարցումներ են եղել, կարող եք նայել, թե ով է առաջատար:

-Ո՞վ է առաջատար:

-«Իմ քայլը», «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Բոլոր հարցումները խոսում են դրա մասին:

-Ընդդիմադիրներից որեւէ քաղաքական ուժ ավելի հզոր չէ՞ այս պահի դրությամբ:

-Ոչ, բոլոր հարցումները խոսում են, որ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է:

-Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ ինքն է հաղթելու, Գագիկ Ծառուկյանն ասում է, որ հաջորդ վարչապետն ինքն է լինելու. իրենք էլ ունեն իրենց հարցումները:

-Դուք տեսել եք որեւիցե մի սպորտաձեւ, քաղաքական պրոցեսի մեջ որեւիցե մեկը  մասնակցի ու ասի՝ ես մասնակցում եմ, որպեսզի պարտվեմ: Բոլորն էլ պետք է ասեն, որ մենք ենք հաղթելու. դա բնական է: Ինչպե՞ս կարող ես մտնել քաղաքական պրոցեսի մեջ կամ մեկ այլ գործընթացի մեջ, ու ասել, որ ընդամենը մասնակցում ես մասնակցելու համար: Բնական է, որ բոլորն էլ պետք է ասեն, որ իրենք են հաղթելու, բայց դրանից օբյեկտիվ իրականությունը չի փոխվում:

-Քաղաքական դեմքերից համարում եք, որ ամենաբարձր Նիկոլ Փաշինյանի՞ վարկանիշն է:

-Բացի իմ համարելը կան սոցհարցումներ:

-Ինչո՞ւ Սյունիքում նման ձեւով ընդունեցին Նիկոլ Փաշինյանին:

-Հնարավոր է՝ մեր մարզ էլ գային, մի քանի հոգի իրենց հարիր չպահեին, նշանակում է, որ  դա մեր մարզի կարծի՞քն է: Դժվա՞ր է այդ ամենը կազմակերպել: Ընտրությունների արդյունքներում կերեւա:

-Այսինքն՝ Սյունիքում այն ամենը կազմակերպվա՞ծ էր: Սյունեցիները դեմ չէի՞ն Ն. Փաշինյանին:

-Դրանից հետո հարցազրույցներ են անցել ժողովրդի հետ: Սյունեցիների ու վարչապետի հանդիպումներն անցել են շատ լավ վիճակում:

ԶՐՈՒՑԵՑ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ մտավախություն ունի՝ հայտնվելով իշխանությունների սեւ ցուցակում: ArmLur.am-ը գրել էր, որ սյունեցիներին կալանքի չտարած դատավորների նկատմամբ գործընթաց է սկսվում:

 

Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ նախաքննական մարմինը շուրջ 35 հոգու է ներկայացրել դատարան, որպեսզի նրանց երկու ամսով կալանավորեն, սակայն Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Տաթեւիկ Գրիգորյանը, Վահե Միսակյանը, Մանվել Շահվերդյանը, Կարեն ֆարխոյանը, Վարդան Գրիգորյանը, Արտուշ Գաբրիելյանը, Դավիթ Բալայանը մերժել էին նախաքննական մարմինների միջնոդությունները եւ Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին կալանքի չէին տարել, դատարանի դահլիճից վերջիններս ազատ էին արձակվել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սյունեցիներին կալանքի չտարած դատավորները հայտնվել են իշխանության սեւ ցուցակում: Իշխանությունները դատական համակարգից պահանջել են կալանքի չտարած դատավորների անուններ, որ նրանց մասով գործընթաց սկսեն: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում կարգապահական վարույթներ կհարուցվեն վերոնշյալ դատավորների նկատմամբ եւ նրանց պատժելու գործընթացը կուղակվի Բարձրագույն դատական խորհուրդ, որտեղ էլ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը գործի կանցնի դատավորներին իրենց տեղը ցույց տալու համար: Ինչպես հայտնի է, վերոնշյալ օրը Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանին բնակիչները դիմավորել էին բողոքի ակցիաներով, հայհոյանքներով ու վիրավորանքներով, պահանջել՝ վարչապետը հեռանա Սյունիքից։ Ագարակում ու Մեղրիում «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկումներով բնակիչներն ուղեկցում էին նրան, փակում ճանապարհը։ Կապան հասնելուն պես մարզպետարանում Փաշինյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին, ՀՀ ոստիկանապետին ու Քննչական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարեց կտրուկ գործողություններով հարցը լուծել ու մեղավորներին պատասխանատվության կանչել։ Արդյունքում 40-ից ավել անձ է հարցաքննվել, 29- անձ էլ ներգրավվել է մեղադրյալ: Նկատենք, որ քննիչները ամեն ինչ անում են վարչապետի հրահանգը կատարելու համար, սակայն դատարանները գործով մեղադրյալներին կալանքի չեն տանում, այլ դատարանի դահլիճից ազատում են նրանց:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿՏՐԵԼ Է ԿԱՊԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երբ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանն ապրիլի 25-ին սոցիալական ցանցի իր էջում լուսանկար հրապարակեց, թե մասնակցել է «5165» շարժման համագումարին, իշխանական խմբակցությունում իսկական խառնաշփոթ է սկսվել, եւ նախկին թիմակիցները շատ ծանր են տարել այդ հանգամանքը: Ամենածանրն այդ իրողությունը տարել է Անդրանիկ Քոչարյանը, որը ասել է, թե խմբակցությունից դուրս գալուց եւ մանդատից հրաժարվելու օրվանից Տիգրան Կարապետյանը կտրել է իր կապը պատգամավորների հետ: Քոչարյանը նաեւ դժգոհել է՝ ասելով, թե հենց իրենք են Տիգրան Կարապետյանին պատգամավոր դարձրել, սակայն հիմա ոչ մի անգամ նրանց չի հիշում, անգամ կապ չի պահում եւ որեւէ ակտիվություն չի դրսեւորել նաեւ Սյունիքում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ու հիմա էլ հավակնում է այլ ուժի կազմում տեղ գրավել։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ այս կապակցությամբ հենց նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանից, սակայն վերջինս ասաց, թե որեւէ մեկնաբանություն չի ցանկանում տալ՝ շեշտելով, թե սոցիալական ցանցի իր էջում ամեն ինչ ասել է: Իսկ իր էջում Տիգրան Կարապետյանն ընդամենը գրել էր՝ որեւէ քաղաքական միջոցառման չի մասնակցել: Ամեն դեպքում, հավելենք, որ խմբակցությունում նրանից վիրավորված են:

 

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները սպասում են առաջիկա ընտրություններին, որպեսզի վերադասավորումներ սկսեն: Մեր տեղեկություններով՝ քննչական մարմիններն ու մյուս իրավապահ կառույցների ղեկավարները կատուցվածքային փոփոխություններ են կատարելու: Ընդ որում, դրանք կրելու են համակարգային բնույթ, եւ չի բացառվում, որ, օրինակ, մարզերից ներկայացուցիչներ բերվեն Երեւան եւ հակառակը:  Ընդ որում, դա արվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, եւ մինչ ընտրությունների օրն այդ աշխատանքները պետք է ավարտին հասցնեն: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանք այժմ սպասում են իրավական ընթացակարգերի ավարտին: Ինչպես հայտնի է, մայիսի 3-ին եւ մայիսի 10-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու վարչապետի ընտրություն, եւ երկու դեպքում էլ դրա տապալման պարագայում խորհրդարանը լուծարվելու է, որից հետո էլ կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:




Լրահոս