Եվրոպական միությունը կոչ է անում վերադարձնել ռազմագերիներին ու ձերբակալված անձանց՝ անկախ նրանց կալանավորման հանգամանքներից: Երեկ երեկոյան է նախարարների կոմիտեն հայտարարություն ընդունել: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն երեկ գործադիրի նիստում մեկ անգամ եւս շեշտել է՝ Ադրբեջանը չի կատարում հայ գերիներին վերադարձնելու պարտավորությունը, Եվրամիության հայտարարությունը կոնկրետ է ու հասցեական։
«Դուք գիտեք, որ մեզ համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է: Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը՝ գերեվարված անձանց, ռազմագերիներին պատանդներին եւ այլ պահվող անձանց վերադարձնելու, չի կատարում, եւ կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն իսկ դառնում է միջազգային օրակարգի հարց: Ուզում եմ ընդգծել, որ երեկ Եվրամիությունն ուշ երեկոյան շատ կարեւոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ եւ շատ հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից: Սա շատ կարեւոր արձանագրում է: Ընդ որում՝ կարեւոր եմ համարում նաեւ, որ այս հայտարարության մեջ հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում տեղի ունեցող գործընթացներին, ինչն, ըստ էության, քաղաքական հայտարարությանն ավելացնում է նաեւ իրավական կոմպոնենտ, որը տվյալ պարագայում չափազանց կարեւոր է: Այս իմաստով ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանի միջազգային ակտիվությունը՝ կապված գերեվարված անձանց խնդիրների հետ, շատ կարեւոր է եւ մեծացնում է լավատեսությունը, որ մենք այս հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար եւ հետեւողական, եւ այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»:
Հայկական կողմը 249 դիմումներ է ուղարկել Ստրասբուրգի դատարան, որպեսզի միջանկյալ միջոցի կիրառմամբ դատարանը պարզի` արդյոք այդ անձինք գերեվարված են, ինչ պայմաններում ու վիճակում են գտնվում։ Ադրբեջանը հաստատումներ էր ներկայացրել միայն 72 քաղաքացիների վերաբերյալ, որ, այո, Բաքվում են։ Վերջին ամիսներին այդ երկիրը եվրոպական դատարանին հաստատումներ չի ներկայացրել։ Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է անում ներկայացնել դատարանի պահանջած տեղեկատվությունն ամբողջությամբ։ Հիշեցնում՝ Մարդու իրավունքների կոնվենցիային միացած երկրները պարտավոր են ենթարկվել միջանկյալ միջոցների վերաբերյալ դատարանի պահանջներին։
Հայաստանի ու Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության տնօրեններն են բանակցում գերիների հարցին լուծում տալու համար, նրանք հանդիպել են մեկ ամիս առաջ ու հեռախոսով էլ կապի մեջ են, ասել է ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը. «Հանդիպումները պարբերաբար արվում են, բնականաբար, գերիների հարցերին լուծում տալու համար»:
Փետրվարից այս կողմը Ադրբեջանը որեւէ գերու Հայաստան չի վերադարձրել, թեպետ ավելի վաղ 72 հոգու վերաբերյալ հաստատումներ էին ներկայացրել։ Նրանցից 54-ը Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, 14-ը` ժամկետային զինծառայողներ, 4-ը` խաղաղ բնակիչներ։ Ըստ պաշտոնական Բաքվի` նրանք բոլորը ահաբեկիչ-դիվերսանտներ են։
Հավելենք, որ այս հարցը գտնվում է նաեւ այլ երկրների ուշադրության կենտրոնում: Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 25-ին այցելել էր Հայաստանում ֆրանսիական համալսարան: Նա ընդգծել է, որ Ֆրանսիան կանի հնարավորը հայ ռազմագերիների վերադարձի գործում օժանդակելու եւ Արցախի հիմնահարցի արդարացի լուծման համար: Նա կարեւորել է խաղաղ բանակցությունների գործընթացի վերականգնումը:
Ն.Հ.
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել։ Նրա որոշմամբ՝ Տաթեւիկ Ստեփանյանն ազատվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ, Նարեկ Ղուշչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ:
ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ
Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ: Գի Տեսիեն ասել է, որ ինքը եւ գործընկերները Հայաստանի ու Արցախի երկար տարիների բարեկամներ են, եւ իրենց թիվը կարող էր շատ ու շատ ավելի մեծ լինել, քանի որ Հայաստանը Ֆրանսիայում շատ բարեկամներ ունի: Ֆրանսիայի Սենատում եւ Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւերի ընդունումն այն պայքարի արդյունքն է, որ իրենք վարում են երկար տարիներ:
100 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրեական գործ. հայտնում է Հայաստանի գլխավոր դատախազությունը: Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաեւ Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված են, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հիշեցնենք, որ միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով Հայասատում մեղադրող Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի եւ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
ԿՈՂԱՇՐՋՎԵԼ Է
Ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյան կողքով անցնելիս Արցախի Հանրապետության քաղաքացին իր վարած «Mercedes Benz» ավտոմեքենայով դուրս է եկել երթեւեկելի գոտուց դեպի աջ եւ կողաշրջվել: Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանությունից՝ նշելով, որ պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Սզնեք ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին: Արցախցի վարորդը ստացել է մարմնական թեթեւ վնասվածքներ: Ավտոշարասյունն ուղեկցող ռուս խաղաղապահները վերջինիս ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետեւ շտապօգնության մեքենայով տեղափոխել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը բավարար է:
ՄԵՏՐՈՅՈՒՄ՝ ԶԻՆՎԱԾ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գետակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «Ե» կետի պահանջները, քննությամբ չպարզված ժամանակահատվածում եւ վայրից ձեռք է բերել եւ անմիջապես գործադրելու հնարավորություն ընձեռող վայրում՝ ձեռքում գտնվող սեւ պայուսակում, ապօրինի կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության փոխագուցավոր մետաղյա մահակ, որը վերջինիս ձեռքում գտնվող սեւ պայուսակից հայտնաբերվել է 2021թ. մարտի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երեւանի քաղաքապետարանի Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի նախասրահից նրան սառը զենք կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկելու եւ այնտեղ կատարված վերջինիս անձնական խուզարկության արդյունքում:
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
ArmLur.am-ի խմբագրակազմ են դիմել «Գավառ» բ/կ-ի աշխատակիցները, որոնք հիմա բողոքի ակցիա են իրականացնում շենքի առջեւ: Մեզ դիմած աշխատակիցը պատմեց, թե այս պահին իրենց բողոքի ակցիան խոչընդոտվում է, եւ ոստիկանները չեն թողնում, որպեսզի նրանք դուրս գան տարածքից ու գան կառավարության դիմաց՝ իրենց բողոքի ձայնն այստեղ բարձրաձայնելու համար: Խնդիրն այն է, որ բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում հաղթել է գործող տնօրեն Աշոտ Կարապետյանը, սակայն տնօրեն է նշանակվել ծագումով գավառցի, բայց այնտեղ չբնակվող անձ, որը կենտրոնի աշխատակիցների ու բժիշկների համար խիստ անցանկալի անձ է: Ընդ որում, մեզ դիմած աշխատակցի խոսքով՝ դա արվել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հովանավորությամբ: Վերջինս նաեւ խորհրդակցություն է հրավիրել «Գավառ» բ/կ շենքում՝ փորձելով համոզել ընդունել նոր տնօրենին, սակայն ապարդյուն։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները քննարկում են մայիսի 7-ին Դատավորների միության ժողով հրավիրելու հարցը։ Այդ օրը նախատեսված է նաեւ դատավորների ընդհանուր ժողովը, սակայն օրակարգը հայտնի չէ։ Միության ժողովը պետք է կայանար ապրիլի 16-ին, սակայն այն հետաձգվեց, այնուհետեւ այն պետք է անցկացվեր ապրիլի 23-ին, որը կրկին հետաձգվել է, քանի որ դատավորներից շատերը դիմում էին ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ պնդելով, թե հիվանդ են եւ չեն կարող ներկայանալ: Այժմ կարծես ցանկանում են մայիսի 7-ին Դատավորների միության ժողով հրավիրել եւ վերջապես ընտրել միության նախագահ։ Այդ պաշտոնին իշխանության նախընտրելի թեկնածուն ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանն է: Ի դեպ, դատական համակարգից մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա դատավոր Լիլիթ Թադեւոսյանի մտերիմն է, եւ դա է պատճառը, որ նրան ցանկանում են միության նախագահ ընտրել: