ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԱԾՆԵՐԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԿԼԻՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած եւ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը:

 

«Առաջնորդվելով մարդասիրության եւ  համերաշխության սկզբունքներով, ինչպես նաեւ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց ՀՀ տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու՝ ՀՀ կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ»,- ասել է նա:

Այսպիսով, առաջարկվում է համաներում հայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել, ինչպես նաեւ չիրականացնել քրեական հետապնդում կամ դադարեցնել քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորավարժանքից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում):  Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց`

o որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,

o որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,

o որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

Առաջարկվում է համաներում հայտարարելով դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Նախագծով նախատեսվել են նաեւ այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներումը չի կիրառվում:

«Հատկանշական է, որ համաներման շահառու են դառնալու հետախուզման մեջ գտնվող անձինք: Նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաեւ մինչեւ օրենքի՝ ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է, ապա դատարան»,- ասել է փոխնախարարը:

 

 

ՄԱՅՐԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ArmLur.am-ը գրել էր, որ պարտադիր ժամկետային զինծառայողները հրաժարվում են ստանալ իրենց՝ ծառայության մեկնելու ծանուցագիրը եւ հայտնվում են մեղադրյալի աթոռին: Մեզ հետ զրույցում զինվորներից Արսեն Մարանյանի մայրը՝ Մարինե Դավթյանը, հայտնեց, որ իր որդին երբեք չի խուսափել գնալ ծառայել հայրենիքին. «Ես՝ որպես մայր, պատրաստ եմ ներկայացնել բոլոր փաստաթղթերը, որ իմ որդին մշտապես օրենքով սահմանված կարգով ներկայացել է զինկոմիսարիատ, բայց իմ երեխան ունի առողջական խնդիր. թող առողջական խնդիրը կարգավորվի, այդ ժամանակ գնա եւ իրականացնի իր ծառայությունը: Իմ որդին չի փախչել ու չի փախչում ծառայությունից, այլ պարզապես առողջական խնդիր կա, եւ, ի վերջո, դատարանը կքննի ու արդար վճիռ կհրապարակի»:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, թե Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա 13.07.2021թ. կցագրվել է ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Երեւանի թիվ 4 տարածքային ստորաբաժանումում եւ ենթակա եղել զորակոչի 2019թ. ձմեռային զորակոչին, սակայն առողջական վիճակի բերումով ստացել է տարկետում մինչեւ 2020թ. ամառային զորակոչը, որի ընթացքում ներկայացել է տարածքային ստորաբաժանում, անցել համապատասխան հետազոտություններ, ԿԲՀ եզրակացությամբ ճանաչվել պիտանի զինվորական ծառայության համար սահմանափակումով, հրաժարվել է ստանալ զինվորական ծառայության մեկնելու ծանուցագիր եւ խախտելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը՝ խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2020թ. ամառային զորակոչից այդ ծառայությունից ազատվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

 

 

ՈՐՊԵՍ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ

ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր Մերի Համբարձումյանի, «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն ընդդեմ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի» դատական նիստին որպես երրորդ անձ ներգրավվել է նաեւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նշենք, որ երրորդ անձ են ներգրավված նաեւ վարչապետի աշխատակազմը եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը: Հայցվոր կողմը դատարանին միջնորդել էր, որ Վաղարշակ Հարությունյանը ներգրավվի որպես պատասխանող կողմ, ինչը դատարանը մերժել է։ Դատարանը որոշել եւս մեկ նախնական դատական նիստ նշանակել։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021 թվականի փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

 

 

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

«Վերջին պատերազմից հետո սահմաններին մեծ փոփոխություններ են եղել, հատկապես՝ Սյունիքում: Հիմա՝ մինչեւ սահմանի վերականգնումը, սահմանն ի՞նչ ձեւով է ապահովվում»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը: «Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց է, էն կողմը թուրքն է, էս կողմը մենք ենք: Անհասկանալի իրավիճակ է: Այնտեղ ամեն պահի թուրքը կարա ճանապարհից մարդ տանի: Պիտի մի հատ տենց դեպք լինի, նո՞ր մտածենք», – հարցրել է պատգամավորը:  ԱԱԾ փոխտնօրեն Ստեփան Մելքոնյանը նշել է, որ Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից տեղադրված են ուղեկալներ, եւ իրականացվում է ծառայություն, որի նպատակը հենց ազգաբնակչության անվտանգության ապահովումն է. «Այս իրավիճակում բարդ է իրավիճակը, դելիմիտացիա իրականացված չի: Հակառակորդի մոտ էլ նույն վիճակն է, իրենց մոտ էլ դեռ օրենսդրական մասով կանոնակարգված չի: Այստեղ շատ դեպքերում հարցեր են ծագում, որտեղ օպերատիվ միջամտություն է անհրաժեշտ եւ տեղում հարցերի կարգավորում, որն իրականացնում են մեր սահմանապահ զորքերը: Ամենաբարդը Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածն է, որտեղ ճանապարհը մի քանի անգամ մտնում է իրենց տարածք: Այդտեղ նաեւ կան ռուսական սահմանապահ զորքերի կողմից պոստեր, որտեղ  եթե կոնֆլիկտային իրավիճակ է առաջանում, ռուս սահմանապահների մասնակցությամբ եւ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ են լինում, եւ կոնֆլիկտի լուծման հետ կապված տարբերակներ են քննվում»,-ասել է նա:

Ս. Միքայելյանի խոսքով՝ վերջերս Սյունիքում երկու ժամ մնացել է ճանապարհին, բայց այդ ընթացքում ո՛չ մեր սահմանապահներին է տեսել, ո՛չ ռուսական բանակի: «Մի մարդ չի մոտեցել, ընդ որում՝ համազգեստով եմ եղել: Թուրքերն էլ 100-150 մետր հեռավորության վրա էին: Էդ անվտանգությունը հիմա պետք է իրականացվի», – ընդգծել է պատգամավորը՝ հիշեցնելով 1993թ. դեպքերը, երբ Տավուշում ճանապարհից թուրքերը մարդ էին տանում:

 

 

ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ

«Մենք կերկարաձգենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը եւ արգելք կներդնենք դրանց վաճառքի վրա՝ անկախ նրանից, թե երբ են դրանք ներմուծվել»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Նման միջոցառումների անհրաժեշտությունը, նրա խոսքով, պայմանավորված է նրանով, որ Հայաստան շրջանցիկ ճանապարհներով թուրքական ապրանքներ են ներմուծվում: «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի մեր տնտեսությունն առավելագույնս պաշտպանված լինի թուրքական ապրանքների ներմուծման բացասական ազդեցությունից: Սակայն տնտեսությունը պետք է այնքան ուժեղանա, որ կարողանա դիմակայել ճնշմանը, եթե սահմանները երբեւէ բացվեն»,- ասել է նա:

 




Լրահոս