Երեկ՝ կառավարության նիստից առաջ, վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Արդեն ավելի, քան մեկ տարի, մենք ապրում ենք համավարակի պայմաններում, եւ մեր ռազմավարությունն ի սկզբանե եղել է հետեւյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով: Եվ, ըստ էության, մենք այսօր գտնվում ենք այդպիսի իրավիճակում, բայց այս ռազմավարությունն ունի երկրորդ մաս, որը չափազանց կարեւոր է: Խոսքը կորոնավիրուսից պատվաստման գործընթացի մասին է: Իհարկե, պատերազմի եւ հետպատերազմական իրադրության պատճառով մենք գուցե անհրաժեշտ ուշադրություն չենք դարձրել այս խնդրին, բայց մենք հիմա ունենք պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, սակայն բախվում ենք մի խնդրի հետ, որ այդ պոտենցիալը պատշաճ չափերով եւ մասշտաբներով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում ոչ միայն առողջապահական, այլեւ տնտեսական»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել կորոնավիրուսից պատվաստման գործընթացի վերաբերյալ. «Այսօր, կառավարության ջանքերի շնորհիվ, Հայաստանում հասանելի են պատվաստանյութները, ստեղծված են բոլոր անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն: Մի քանի օր է արդեն, կարելի է ասել, որ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Եվ մենք փոփոխություններ ենք մտցրել նաեւ պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում սպասարկման կարգի մեջ՝ փորձելով հնարավորինս հեշտացնել դիմելու ձեւերը: Անկախ կցագրված վայրից, սիրելի՛ քաղաքացիներ, կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել եւ ստանալ պատվաստանյութը: Նշեմ, որ հաջորդ շաբաթվանից մենք կունենանք նաեւ շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բավական բանուկ մասերում, եւ եւս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին»,- նշել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել է պատվաստվել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: «Մենք այսօր ունենք հետեւյալ պատվաստանյութները՝ «Աստրազենեկա», «Սպույտնիկ V» եւ առաջիկայում պատրաստվում ենք ստանալ Չինաստանից պատվաստանյութ: Եկեք արձանագրենք հետեւյալը. եթե որեւէ պատվաստանյութ ներկայացնի որեւէ վտանգ մեր քաղաքացիների առողջությանը, կյանքին, Հայաստանի կառավարությունն այդ պատվաստանյութն ուղղակի չի ընդունի: Մենք մեծ հարգանք ունենք բոլոր արտադրողների եւ գործընկերների նկատմամբ, բայց ուզում եմ տեղեկացնել, որ մեր փոխվարչապետն ու առողջապահության նախարարը երեկ պատվաստվել են «Աստրազենեկա» պատվաստանյութով, եւ ինչպես տեսնում եք, նրանց հետ որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը՝ հավելելով, որ լրատվական շատ մեծ շահարկումներ կան այս առումով:
«Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամնեը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական: Այնպես որ, սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը: Եթե հիմա մենք ասում ենք, որ 18 տարեկանից բարձր բոլորը կարող են պատվաստվել, եկեք ուրեմն պայմանավորվենք հետեւյալը. նախ՝ մենք, հետո՝ մեր գերատեսչություններում աշխատող մեր գործընկերները: Իմիջայլոց, շատ շուտով ամբողջ աշխարհում որուէ ճամփորդության համար պատրադիր կլինի պատվաստումը: Եկեք արձանագրենք: Ես չգիտեմ՝ դա կլինի մի ամսից, թե մի շաբաթից, բայց որ մեկ-երկու ամսվա ընթացքում պարտադիր է, որեւէ երկիր թույլ չի տալու չպատվաստված որեւէ անձի մուտք գործել իր տարածք. դա ակնհայտ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ գերիների վերադարձի հարցին եւ նշել. «Դուք գիտեք, որ մեզ համար ամենացավոտ խնդիրը մեր գերեվարված հայրենակիցների խնդիրն է: Ադրբեջանն իր ստանձնած պարտավորությունը՝ գերեվարված անձանց, ռազմագերիներին պատանդներին եւ այլ պահվող անձանց վերադարձնելու չի կատարում, եւ կարող ենք արձանագրել, որ այս փաստն արդեն իսկ դառնում է միջազգային օրակարգի հարց: Ուզում եմ ընդգծել, որ երեկ Եվրամիությունն ուշ երեկոյան շատ կարեւոր հայտարարություն է տարածել, որում արձանագրվում է շատ կոնկրետ եւ շատ հասցեական, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր գերեվարված անձանց, ընդ որում՝ անկախ այդ անձանց գերեվարվելու կոնկրետ հանգամանքներից: Մեզ հարկավոր է լինել առավելագույնս համախմբված, համբերատար եւ հետեւողական, եւ այս հարցը միանշանակորեն դրական լուծում պետք է ստանա»:
656 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 656 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 215528 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 979060, վերջին մեկ օրում` 4284 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 13257 պացիենտ. Մեկ օրում նվազել է 246-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 197171 անձ, վերջին մեկ օրում՝ 882 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 4087 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1013 է:
2 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ
Գործադիրը պետբյուջեից շուրջ 2 մլրդ դրամ կուղղի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացման համար: Ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող, Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։ Նախատեսվում է լուծել Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը եւ ավարտին հասցնել Երեւան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովման ծրագիրը իրականացվում է փուլային եղանակով՝ հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը: Ծրագրի առաջին փուլն ուղղված է լուծելու Երեւան քաղաքի Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող, Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների՝ բնակարաններով ապահովման խնդիրը։
Ընթացքի մեջ է ծրագրի երկրորդ փուլը, որով բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվում Երեւան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին։ Ծրագրի երկու փուլերի շրջանակում ընդհանուր առմամբ հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսն իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում: