«Արդեն տարիուկես է՝ ես այս տեխնիկայի վրա եմ, արդեն իմ ընկերն է դարձել: Ես իրենով եմ ապրում»,- այս խոսքերը «Զինուժ»-ի եթերում վերջին հարցազրույցի ժամանակ ասել էր մեր հերոսը՝ Սարոն, որը մինչեւ իր կյանքի վերջին վայրկյանը հավատարիմ մնաց իր զինվորիներին եւ զենքին: Մերօրյա հերոսը զոհվել է Ջաբրայիլում թշնամու հետ թեժ մարտերից մեկի ժամանակ:
ArmLur.am-ը այցելել է Սարոյի բնակարան, զրուցել է նրա մայրիկի եւ քույրիկի հետ, որոնց միակ սփոփանքն այսօր մնացել են Սարոյի մասին հիշողությունները: Մեր հերոսը ընտանիքի ավագ որդին էր, փոքր քույրերի նեցուկն ու սյունը:
Շատ հոգատար բնավորություն ուներ, որքան որ զուսպ էր, նույնքան էլ՝ առնական, բարի իր գործողությունների մեջ՝ հիշում է մայրը:
«Սարոս զորակոչվել է բանակ հունվարի 26-ին, իսկ մինչ այդ դհոլի գերազանց քննություն էր հանձնել, անգամ «Զինուժ»-ով էին եկել ցույց տվել, շատ էր ուրախացել, ասում էր. «Մա՛մ, մուզզվոդ եմ գնալու հաստատ»: Բայց այդպես չեղավ…. Ծառայում էր Կապանում, մինչեւ սկսվեց այս չարաբաստիկ պատերազմը, շատ գոհ էր ծառայությունից: Ինքն իր տեսակով շատ ընկերասեր էր, զուսպ, թասիբով…Չեմ կարողանում իր մասին անցյալով խոսել: Երբեք անկարգություններ չի արել, միակ անկարգությունը, որ արել է, դա եղել է պապայի մեքենան փախցնելը»,- թախծոտ ժպիտով հիշում է մերօրյա հերոսի մայրը՝ Լիլիթը:
Սարոն «Վահագն» դհոլահարների խմբի անդամ էր, շատ էր սիրում երաժշտություն, առանց դհոլի իր կյանքը չէր պատկերացնում, անգամ դհոլն իր հետ տարել էր բանակ, ազատ ժամանակ նվագում էր:
«Ծառայության ընթացքում դարձել էր կրտսեր սերժանտ, հրետանավոր էր: Ասում էր. «Մա՛մ ջան, գրադը դարձել է իմ կյանքի անբաժան ուղեկիցը»: Պատերազմից մի քանի օր առաջ իրենց տարել էին Ջաբրայիլ, որտեղ օրեր շարունակ թեժ կռիվներ են մղել թշնամու դեմ, եւ կռիվներից մեկի ժամանակ անօդաչուն ընկել է նրանց վրա, եւ Սարոս ու իր ընկերները զոհվել են»,- ասում է նա:
Սարոյի կրտսեր քույրը՝ Լուիզան, մեզ հետ զրույցում հիշում է եղբոր անակնկալները բանակից, թե ինչպես է հեծանիվ գնել եւ ուղարկել փոքրիկ քրոջը՝ Լիլիային, ում անունը հենց ինքն էր ընտրել. «Մենք իրեն շատ ենք կարոտում եւ երբեք էլ չենք կարող հաշտվել նրա կորստի հետ, երբե՛ք… Ես սպասում եմ, թե երբ մի օր էլի նա կզանգի, կծիծաղի, իմ վրա կբարկանա: Ինձ կասի՝ Լուիզա, սա չանես, նա չանես, ես սպասում եմ ….»:
Հիմա Սարոյի գործը փորձում է շարունակել նրա փոքրիկ քույրը՝ վեցամյա Լիլիան, հաճախում է դհոլի եղբոր կիսատ թողածը լրացնելու սպասումով:
Հավելենք, որ այն շենքի բակում, որտեղ մեծացել էր Սարոն, այս պահին նրա անվամբ հիշատակի պուրակ են կառուցում, որը փոքրիկ սփոփանք պետք է դառնա նրա հարազատների, եւ ուղենիշ՝ նրա գործը շարունակողների համար:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄՐՑԱՆԱԿԻ
Երեւանի պետական տիկնիկային թատրոնը օրերս «Քրիստոֆեր» ներկայացմամբ մասնակցել է Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված «Wschod-Zachod» 8-րդ միջազգային թատերական փառատոնին:
Թատրոնից տեղեկացնում են, որ ներկայացումը հաղթել է երկու անվանակարգում:
Քրիստոֆերի կերպարը կերտելու համար Հրաչյա Գյումբալյանը ճանաչվել է առաջին պլանի լավագույն դերասան, իսկ ներկայացման ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը համարվել է լավագույն դրամատիկ ռեժիսոր:
«Քրիստոֆերը» պատմում է 15 տարեկան տղայի մասին, որն աուտիզմի սինդրոմ ունի: Տղան հոր հետ ապրում է Մեծ Բրիտանիայում՝ Սուինդոն քաղաքում, որտեղ էլ ծավալվում են պիեսի իրադարձությունները: Հոր խոսքով՝ Քրիստոֆերի մայրը մահացել է երկու տարի առաջ սրտի կաթվածից: Ամեն ինչ սկսվում է այն բանից, երբ Քրիստոֆերն այգում հայտնաբերում է հարեւանի սպանված շանը։
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԿԲԱՑՎԵՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը նախատեսում է հայագիտական կենտրոններ բացել Ուրուգվայի եւ Մոլդովայի համալսարանում: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա հիշեցրել է, որ աշխարհի ութ երկրում տասը հայագիտական կենտրոններ կան: Ամեն տարի փորձում են եւս երկու կենտրոն բացել արտերկրում. այս տարին բացառություն չէ:
«Հայագիտական կենտրոնները հայ մշակույթի, հայոց պատմության, հայ գրականության տարբեր ուղղվածություններ ունեն: Մի բանը միանշանակ է՝ մենք ցանկանում ենք ցանցն աշխարհագրորեն ընդլայնել եւ զարգացնել: Հիմա փորձում ենք քաղաքականությունն այնպես զարգացնել, որ կենտրոնները հաճախ համագործակցեն ինչպես իրար հետ, այնպես էլ ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների, ԵՊՀ-ի եւ այլ հաստատությունների, կենտրոնների հետ»,- նշել է նախարարի տեղակալը:
Կենտրոններ բացելիս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաշվի է առնում, թե որքանով է արտաքին քաղաքականության առումով կարեւոր տվյալ տարածաշրջանը, ուշադրություն է դարձնում տվյալ երկրում հայկական սփյուռքի ներկայությանը, հայկական պատմական ժառանգության առկայությանը, կարեւորում է բուհի վարկանիշը:
ԿԳԼԽԱՎՈՐԻ
Ավստրիական «Զալցբուգի» գլխավոր մարզիչ Ջեսի Մարշն այս մրցաշրջանի վերջում կգլխավորի գերմանական «Լայպցիգը»: 47-ամյա ամերիկացի մասնագետը 2019 թվականից է գլխավորում «Զալցբուգը»: 2018-2019-ը նա ավստրիական ակումբի գլխավոր մարզիչի օգնականն էր: «Լայպցիգի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ջեսի Մարշը կփոխարինի 33-ամյա գերմանացի մասնագետ Յուլիան Նագելսմանին, որն այս մրցաշրջանի վերջում կգլխավորի Մյունխենի «Բավարիան»:
«ՌՈՄԱՆ» ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԻ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» կհյուրընկալվի Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»: Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Անգլիայի 20-ակի չեմպիոնին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.53 գործակցով: Հռոմեացիների հաղթանակը ստացել է 5.75 գործակից, իսկ ոչ-ոքին՝ 4.33: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) եւ նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:
ՌԵՓԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է
Ամերիկացի ռեփ-կատարող Kodak Black-ը 18 ամսվա փորձաժամկետի Է դատապարտվել հյուրանոցի համարում դեռահասի վրա հարձակվելու համար: Այդ մասին հաղորդել Է ABC News հեռուստաալիքը: Սա Kodak Black-ի առաջին դատվածությունը չԷ: Անցյալ տարի նա երեք տարվա բանտային կալանքի Է դատապարտվել անօրինականորեն զենք ձեռք բերելու համար: Սակայն նա նախագահական համաներում Է ստանում Դոնալդ Թրամփից, երբ բանտում իր պատժաչափի նույնիսկ կեսն Էլ չէր անցկացրել: Միջադեպը, որի պատճառով ռեփերն ապրիլի 28-ին դատապարտվել Է, տեղի Է ունեցել 2016 թվականին Հարավային Կարոլինայի նահանգի Ֆլորենս քաղաքում: Այն ժամանակ աղջիկը պատմել Է, որ ռեփերը հյուրանոցում իր վրա հարձակվել Է շոուից հետո: Նա տեղի ունեցածի առիթով գանգատվել Է դպրոցի աշխատակցուհուն, որից հետո վերջինս դիմել Է ոստիկանություն: Սկզբում երգչին մեղադրել են բռնաբարության մեջ, բայց հետո նա ընդունել Է գործարքի պայմանը եւ մեղավորությունն ընդունել առաջին աստիճանի հարձակման մեջ: Ռեփերին սպառնում Է 10 տարվա բանտարկություն, սակայն նա հարկադրված չի լինի պատժաչափը կրել բանտում, եթե չխախտի 18-ամսյա փորձաժամկետը: