Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվել է ուշացումով․ ով է մեղավոր․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունն արդեն ներկայացվել է Ազգային ժողովին, սակայն սա տեղի է ունեցել ժամկետների ակնհայտ խախտմամբ, եւ դրա թիվ մեկ պատասխանատուն խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանն է: Բանն այն է, որ դեռ 2020 թվականի աշնանը պետք է խորհրդարանում ներկայացվեր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, սակայն այն ներկայացվեց միայն այս տարվա ապրիլի 23-ին: Այսինքն՝ չնայած աշնանը պետք է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացվեր ապրիլյան հանձնաժողովի զեկույցը հենց Արարատ Միրզոյանին եւ քննարկվեր այն ԱԺ լիագումար նիստում, սակայն դա տեղի չի ունեցել, ինչը նշանակում է, որ Արարատ Միրզոյանն իր պաշտոնեական պարտականությունները ի զորու չէ կատարել եւ չի ապահովում խորհրդարանի բնականոն գործունեությունը:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 25-ը հստակ սահմանում է, թե ինչպես պետք է ներկայացվի զեկույցը. «Քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաեւ դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները», ապա՝ «Զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս հարցը քննարկվելու է մայիսի 4-ին մեկնարկող նիստում, որի մի մասը կլինի դռնփակ քննարկման ձեւաչափով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս