Մայիսի 3-ին կտրվի արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացի մեկնարկը: Այդ օրը խորհրդարանում տեղի կունենա վարչապետի ընտրության առաջին փորձը, որը խորհրդարանի լուծարման համար արվող առաջին քայլն է:
Մասնավորապես, ԱԺ կանոնակարգ-օրենքի հոդված 140-ը նկարագրում է, թե ինչպես է խորհրդարանում տեղի ունենալու վարչապետի ընտրությունը:
Վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո` վեց օրվա ընթացքում: Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Մայիսի 3-ի նիստում «Իմ քայլ»-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա, կպատասխանի հարցերին, որից հետո էլ տեղի կունենա քվեարկությունը:
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար այս քայլերը պարտադիր պետք է կատարվեն: Նկատենք՝ խպորհրդարանական ընդդիմադիր ուժերն արդեն ասել են, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու՝ գործընթացն իրականացնելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում