Ռուսաստանը դադարեցրեց ղարաբաղյան պատերազմը, բայց և ընդարձակեց սեփական ռազմական ու տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում, հայտարարել է Պենտագոնի հետախուզական վարչության ղեկավար Սքոթ Բերրյերը։
Նա Կոնգրեսում ներկայացրել է համաշխարհային սպառնալիքներին ու վտանգներին նվիրված տարեկան զեկույցը եւ փաստել, որ Մոսկվան հիմա ստիպված է վերանայել իր ռազմավարությունը նախկին Խորհրդային Միության տարածքում` հաշվի առնելով այդ տարածաշրջանում իրենց ազդեցությունն ընդարձակելու Չինաստանի, Թուրքիայի և Արևմուտքի ջանքերը։
Ամերիկյան հետախուզությունը նշում է, որ ամենայն հավանականությամբ Ռուսաստանը կշարունակի իր ազդեցությունը գործի դնել՝ վերահսկողության տակ պահելով նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի բացումն ու հաղորդակցությունը։
Պենտագոնի հետախուզական վարչությունը կանխատեսում է՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր առաջնորդությունը պահպանելու համար Մոսկվան ամենայն հավանականությամբ կպահպանի առաջնային դերը զենքի մատակարարման շուկայում, կամրապնդի գոյություն ունեցող երկկողմ ռազմական կապերը, կխթանի անվտանգության ոլորտում ինտեգրացիոն գործընթացները և չափավոր դեր կտա արտաքին ուժերին՝ իր իսկ թելադրած պայմաններով։
Նկատենք, սակայն, որ պատերազմից վեց ամիս անց ակտիվություն է նկատվում հենց ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից: Ռուսաստանի նախագահ Պուտինի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի եռակողմ հայտարարությունում, ինչպես հայտնի է, որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Օրերս «Ազատության» հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդրում առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Իսկ ահա ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը այլ հրատապ խնդիրներ եւս տեսնում է. «Կան հրատապ պատասխան պահանջող խնդիրներ, մասնավորապես՝ ռազմագերիների ազատ արձակման հարցը, որը պետք է լինի առանց որևէ նախապայմանի։ Նաև պետք է ամրապնդել հրադադարը ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանի սահմաններին։ Ընդհանրապես, պետք է վերսկսել քաղաքական գործընթացը, որը թույլ կտա Հայաստանին ու Ադրբեջանին բանակցել», – ասել է նա։
Ն.Հ.