Հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշն անկում է ապրել, ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2021. The Antidemocratic Turn (Անցումային շրջանի երկրներ 2021. Հակաժողովրդավարական շրջադարձ) անունը կրող զեկույցում: Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարի նույն զեկույցում Հայաստանը ներկայացվել էր որպես աննախադեպ առաջխաղացում ապահոված երկիր՝ այսպիսի հիմնավորմամբ․ «Լուրջ առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում և ընտրությունների ասպարեզում․․․ ամենաբարձր ցուցիչն անցումային շրջանի երկրների զեկույցների թողարկման պատմության ընթացքում»:
Նկատենք, որ Freedom House-ը չափում է ժողովրդավարական կառավարման մակարդակը Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածքի 29 երկրներում: Ժողովրդավարության միավորը ներառում է 7 ոլորտների վերաբերյալ առանձին գնահատականներ, ներառյալ ազգային և տեղական կառավարումը, ընտրական գործընթացները, անկախ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, դատական համակարգը և կոռուպցիան:
Ըստ կազմակերպության զեկույցի՝ 2020 թվականը Հայաստանի համար աչքի ընկավ ինչպես նշանակալի առաջընթացով, այնպես էլ խորը մարտահրավերներով: Կազմակերպության կարծիքով ընթացիկ տարվա կտրվածքով ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաջորդած քաղաքական ճգնաժամը Հայաստանում իր մեջ պարունակում է մարտահրավերներ ժողովրդավարական առաջընթացի հարցում՝ ներառյալ, անվտանգության ռիսկերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով, ներկայիս կառավարության նկատմամբ հասարակության ցածր վստահությունը, տնտեսական լարվածությունը և COVID-19 համաճարակը: Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2021 թ., հետագա բարեփոխումների հեռանկարն ու ուղեգիծը անորոշ են, քանի որ դրանք կախված են ապագա կառավարության կազմի և հասարակության վստահության վերականգման հետ, նշում է կազմակերպությունը:
Անդրադառնալով քաղաքացիական հասարակության ոլորտին՝ կազմակերպությունը մատնանշում է , որ ազատ հավաքների իրավունքը սահմանափակվում էր տարվա մեծ մասում: Մարտ ամսին հայտարարված արտակարգ դրությունը COVID-19 համաճարակի պատճառով արգելքներ է սահմանել հասարակական հավաքների և տեղաշարժի ազատության իրավունքի նկատմամբ: Կառավարությունը օգոստոսին չեղյալ հայտարարեց արտակարգ դրությունը՝ հօգուտ հասարակության առողջության ավելի չափավոր միջոցառումների ՝ պարտադրելով, որ հանրային հավաքների մասնակիցները պահպանեն սոցիալական հեռավորությունն ու դիմակներ կրեն:
Զեկույցում ընդգծվում է, որ քաղաքական դաշտն ու մամուլը 2020 թ.-ի ընթացքում շարունակել են մնալ չափազանց բևեռացված: Հայկական լրատվամիջոցների դաշտը բաժանված է իշխանամետ և հակակառավարական լրատվամիջոցների միջև, սակայն, ըստ զեկույցի, նկատելի է կենտրոնամետ լրատվամիջոցների աճ հատկապես համացանցում:
Բացի այդ, զեկույցը շեշտում է, որ երկրի ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են ուղիղ ենթարկվել վարչապետին, սակայն ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որը հաստատվել է օրենսդիրների կողմից ապրիլին, կարող է փոխել իրավիճակը:
Ն.Հ.