Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդամթերք համարվող հացի արտադրության ծավալները տոկոսով նվազել են` 2․2 տոկոսով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում 2020-ի թվականի հունվար-փետրվար ամիսներին արտադրվել է 45 հազար 908 տոննա հաց, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 46 հազար 917 տոննա:
Սրան զուգահեռ զգալի նվազել են նաեւ ալյուրի արտադրության ծավալները: Ըստ տվյալների՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ալյուրի արտադրության ծավալները նվազել են 21.2 տոկոսով: ArmLur.am-ը տեղելացավ, որ եթե 2020-ի առաջին երկու ամիսներին արտադրվել է 30 հազար 600 տոննա ալյուր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 24 հազար 121 տոննա:
Եթե ըստ մասնագետների՝ հացի արտադրության ծավալների նվազման միակ բացատրությունը մարդկանց թվի նվազումն է, ապա ալյուրինն այլ է։ Այստեղ խնդիրը ներկրման հետ է կապված։ Տեղեկացնենք, որ Ռուսաստանից Հայաստան քիչ է ներկրվել ցորեն, իսկ այս տարի խնդիր ենք ունենալու՝ Արցախից ցորեն չի ներմուծվելու։ Օրինակ, 2019 թվականին պաշտոնական տվյալներով Արցախում հացահատիկի եւ հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74,4 հազար հա եւ Արցախից Հայաստան է ներկրվել շուրջ 40 հազար տոննա հացահատիկ եւ հատիկաընդեղեն:
Ռազմական դրության արդյունքում ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախում վարելահողերը կրճատվել են, եւ ընթացիկ տարում հնարավոր չի լինի ապահովել դեպի Հայաստան արտահանման ծավալները։ Բացի այս, էկոնոմիկայի նախարարությունն արդեն կանխատեսել է՝ ՀՀ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով, 2021 թվականին կունենանք նաեւ անասնակերի ապահովման խնդիր:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս․Հ․