ArmLur.am-ի մանրամասներ են հայտնի դարձել Վայոց ձորի մարզում տեղի ունեցած սպանությունից: Մասնավորապես այն, որ սպանությունը տեղի է ունեցել գինեգործարանի բաժնեմասը կիսելու հարցի պատճառով: Հարազատ քրոջ ու եղբոր մեջ թշնամանք է առաջացել գինեգործարանի բաժնեմասը կիսելու մասով: Արդյունքում տարիներ անց, երբ մայրը մահացել է, հարազատ որդին որոշել է մասնակցել մոր թաղմանը, ինչը քրոջ որդին թույլ չի տվել: Այս ամենի հետեւանքով հնչել է կրակոցը եւ քրոջ որդին մահացել է:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում՝ քրոջ որդու առերևույթ սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նախկինում անձնական հարցի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով տուժողն արգելել է հարազատ քեռուն մասնակցել իր տատի՝ կասկածյալի մոր հոգեհանգստի արարողությանը, որից հետո՝ 2021 թ. մայիսի 1-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, կասկածյալը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանով, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող «Գետնատուն» ՍՊ ընկերության տարածքում մեկ կրակոց է արձակել քրոջ որդու ուղղությամբ, որը տեղում մահացել է:
Տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով:
Ք.Մ