Հայաստանը՝ որպես լեռնային զբոսաշրջության ուղղություն, տարածաշրջանում գտնվում է ամենաթույլ դիրքերում. որպես առաջատար հանդես է գալիս Վրաստանի Հանրապետությունը, որից հետո՝ Ադրբեջանի Հանրապետությունը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայր կկառուցվի: Իսկ լեռնային համալիր կառուցող ընկերությունը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն է, որը ստեղծվել է 2017 թվականին: Լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրը իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։ Այս կազմակերպությունը պատրաստվում է շուրջ 15 մլրդ դրամ ներդնել միայն ճոպանուղու եւ սահուղիների կառուցման համար:
Նշենք, որ մեր հանրապետությունում գործում է երկու հանգստյան գոտի՝ Ջերմուկ եւ Ծաղկաձոր համայնքներում, որոնք առաջարկում են լեռնային, լեռնադահուկային ժամանց: Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են, երկրորդ տեղում են Իրանից ժամանող այցելուները: Բացի այս, պարզվում է, որ ճոպանուղու օրական տոմսի արժեքը Հայաստանում ավելի բարձր է, քան Վրաստանում: Օրինակ Ծաղկաձորում ճոպանուղու օրական տոմսն արժե 12 հազար դրամ (շուրջ 25 դոլար), իսկ Վրաստանում 40 լարի (շուրջ 15 դոլար): Եւ էկոնոմիկայի նախարարությունը հյույս ունի, որ այլընտրանքային լեռնային համալիրի ստեղծման արդյունքում կձեւավորվի մրցակցային գնային միջավայր։
Ս.Հ.