ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Թոխմախի գերեզմաններում տեղի ունեցած զինված «ռազբորկայից»: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժին են հրավիրվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը եւ տեղի ունեցած միջադեպի մասին ցուցմունք տվել: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը իրավապահներին հայտնել են այն, ինչի մասին հրապարակային գրել էին՝ «Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ, նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց: Հուսով եմ՝ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի: Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ»:
Չնայած համայնքի ղեկավարները իրենց բացատրություններում պնդել են, որ միջադեպի հետ կապ չունեն, սակայն իրավապահները վերջիններիս՝ դեպքի օրվա կատարված գործողությունները քննության առարկա են դարձրել, թե որտեղ են եղել նրանք այդ օրը, ինչ կապ ունեն վիրավորված անձանց հետ: Ասել է թե՝ երկու թաղապետերի՝ մայիսի 1-ի շարժն է քննության առարկա դարձել:
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում հաստատեց , որ հրավիրվել է Էրեբունու քննչական բաժին եւ ցուցմունք տվել ու հայտնել այն, ինչի մասին հրապարակային ասել էր:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները դեռ կրակոցի պատճառներն են ուսումնասիրում, միայն պարզել են, որ միջադեպը եղել է Էրեբունու եւ Սարի Թաղի տղաների միջեւ, սակայն միջադեպի մասնակիցները վիրավոր են եւ դեռ չեն հարցաքննվել:
Նշենք՝ քննչական կոմիտեն հայտնել էր, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու կամ կրելու հատկանիշներով:
Իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ բժշկական կենտրոն տեղափոխված անձանց ինքնությունը:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ վերջիններս մարմնական վնասվածքներն ստացել են Երևան քաղաքի Դավիթ Բեկ փողոցին հարակից տարածքում գտնվող գերեզմանատանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:
Կատարվում է նախաքննություն:
Քնար Մանուկյան