Սպիտակի համայնքապետարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի 2015-2020թթ. ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Դրանց հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ 2015-2020թթ. ընթացքում Սպիտակ համայնքի ղեկավարի որոշումներով օրինականացվել են թվով 80 ինքնակամ կառույցներ, այդ թվում՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով 58 դեպք, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքերի և շինությունների ինքնակամ կառույցների մասով` 22 դեպք:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ չորսհարյուրապատիկի չափով:

Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, վերը նշված 80 դեպքով ինքնակամ շինարարություն իրականացնողների նկատմամբ չեն կիրառել և գանձել առնվազն 18,8 մլն դրամի տուգանք՝ առաջացնելով ծանր հետևանքներ։

Բացի այդ, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 09.04.2015թ. կայացված աճուրդին, ըստ համայնքի ղեկավարի, աճուրդի կազմակերպչի և արձանագրողի ստորագրած ձեռագիր արձանագրության, մասնակցել են գրանցված 4 մասնակիցներից 2-ը, մինչդեռ էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) տվյալների համաձայն՝ վերջիններիցս մեկն այդ ընթացքում բացակայել է ՀՀ տարածքից և ֆիզիկապես չէր կարող ներկա գտնվել աճուրդին, առավել ևս քայլ կատարել: Ըստ արձանագրության առավելագույն գին առաջարկած մասնակցին վաճառվել է 0.1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս:

Փաստորեն, համայնքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք կազմել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդին անձանց մասնակցության մասին կեղծ արձանագրություն՝ օտարելով նշված հողամասը:

Բացի այդ, 2015-2020թթ. ընթացքում յուրաքանչյուր տարի Սպիտակի համայնքապետարանը «Նարինե» ՍՊԸ-ի հետ կնքել է Սպիտակ քաղաքում փողոցների սանիտարական մաքրման և հարակից ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր 92,3մլն դրամ արժեքով:

Կատարողի պարտականությունների մեջ է մտել 67530-ից մինչև 78916 քմ ընդգրկող ներքաղաքային փողոցների, մայթերի, հրապարակների, բակային տարածքների, հուշարձանների ու դրանց պատվանդանների, քաղաքային զբոսայգու և ջրավազանի, այլ ինժեներական կառույցների ամենօրյա ձեռքի և մեքենայական մաքրման, լվացման սանիտարական մաքրման ծառայություններ: Սպասարկվող այդ տարածքների մեջ են ընդգրկվել նաև 13600 քմ կազմող՝ Այսինքն համայնքապետարանի կողմից ի սկզբանե վերոնշյալ պայմանագրերի տեխնիկական բնութագրերով ավել է նախատեսվել շուրջ 13600 քմ տարածքի սանիտարական մաքրման ծառայություններ, որը դրամական արտահայտությամբ 2015-2020թթ. համար ընդհանուր կազմել է 15,5 մլն ՀՀ դրամ:

Ընդ որում՝ պարզվել է, որ «Ն…» ՍՊԸ–ի ներկայացրած և համայնքապետարանի կողմից ընդունված կատարողական ակտերում իրականացվել են մաքրվող տարածքների մակերեսների հավելագրումներ՝ 5896 քմ չափով, որի արդյունքում համայնքապետարանը ընկերությանն ավել է վճարել մոտ 1,5մլն դրամ:

Առկա են տվյալներ նաև այն մասին, որ Սպիտակի համայնքապետարանը 2015-2020թթ. ընթացքում մի քանի ընկերությունների հետ Սպիտակ քաղաքում տարբեր բնույթի աշխատանքների, մասնավորապես՝ փողոցների լուսավորության համակարգերի թարմացման, քաղաքային զբոսայգու հուշարձանի և բեմի հանդերձարանի վերանորոգման, առանձինթ աղամասերի ասֆալտապատման և լուսավորության համակարգերի կառուցման, անձրևաջրատար առվի կառուցման, մայթեզրի եզրաքարերի ուղղման, մայթերի ասֆալտապատման, Սպիտակի գեղարվեստի դպրոցի և երաժշտական դպրոցի շենքերի վերանորոգման աշխատանքների կատարման 8 պայմանագրեր՝ տարբեր արժեքներով:

Կազմված կատարողական ակտերով համայնքապետարանն ընդունել է կատարված աշխատանքները՝ ընկերություններին վճարելով պայմանագրերով նախատեսված ամբողջ գումարը: Մինչդեռ ՀՀ ՊՎԾ աշխատակիցների կողմից նշված պայմանագրով կատարված աշխատանքների ընտրանքային հսկիչ չափագրմամբ հայտնաբերվել են կատարողական ակտերով հաշվարկված և վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ։

Այդ կերպ 2015-2019թթ. համայնքապետարանի պատասխանատու անձինք կատարողական առերևույթ մտցրել են փաստացի չկատարված աշխատանքների կատարման վերաբերյալ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 11 մլն ՀՀ դրամ համայնքային միջոցներ:

Նշված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 314-րդ հոդվածի 1-ին մասի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:




Լրահոս